Իրավական համայնքի համախմբումը պարտադրված անհրաժեշտություն է
Հայաստանը մտել է իրավական նոր՝ ռեպրեսիվ իրականություն և շատ սուր է կանգնած դիմադրության և դրա հաղթահարման խնդիրը: Առկա և սպասվելիք մարտահրավերներն ու լուծումները օրերս «Այլընտրանքային նախագծեր խումբ» և «Իմ Ձայնը» ՀԿ-ների կողմից համատեղ կազմակերպած քննարկման հիմնական օրակարգն էր:
Բավական ներկայացուցչական կազմով քննարկման արդյունքում ձևակերպվեցին մի քանի մոտեցումներ, որոնք կարող են անհրաժեշտ քայլ լինել երկրում օրեցօր խորացող իրավական կամայականությունների և ռեպրեսիվ փուլի կանխարգելման համար:
Հրատապ խնդիր է իրավապաշտպանության նոր մեխանիզմների ստեղծումը. Ժամանակն ապացուցեց, որ իրավապաշտպանությունը եղել է խիստ քաղաքականացված, և որ այսօր նրանցից շատերը ստանձնել են մեղադրողի ֆունկցիա: Իսկ իրավաբանների թիվը, որոնք պատրաստ են կարծիք հայտնել, չի գերազանցում մի քանի տասնյակը: Անհրաժեշտ է, որպեսզի ձևավորվի իրապաշտպանների, փաստաբանների, իրավաբանների նոր շերտ, որոնք իրավունքի, սահմանադրականության, ժողովրդավարության կրողներ են, պատրաստ են դիմագրավել ամենօրյա ռեժիմով ավելացող մարտահրավերներին: Այդ նպատակով ստեղծվել է իրավական նոր հարթակ: Myvoice.am կայքը նախատեսված է որպես հարթակ, որտեղ բարձրաձայնվելու են իրավական խնդիրները և որի միջոցով հնարավոր կլինի ապահովել իրավական աջակցություն: Այսօրվա պայմաններում իրավական համայնքի համախմբումը պարտադրված անհրաժեշտություն է. Արտահայտվելու համարձակությունը պահպանած իրավաբանները, փաստաբանները, իրավապաշտպանները ինչպես նաև լրատվամիջոցներն ու լրագրողները պետք է միավորվեն, հակառակ դեպքում մենք ունենալու ենք օրվա իշխանությունների քմահաճույքներին դիմագրավելու ունակություն չունեցող հասարակություն: Պետք է ձևավորվի նոր առողջ քաղաքացիական հասարակության կառույցներ, քանի որ գոյություն ունեցողների մեծ մասը «Նոր Հայաստանում» շարունակում են պայքարել «Հին Հայաստանի դեմ»։
Վստահ եմ, որ այսօր սուր է դրված իրական անկախ արհմիությունների ստեղծման անհրաժեշտությունը. Ես մնում եմ իմ համոզմանը, որ այսօր հատկապես կարևոր է դառնում գործուն, իրապես շահերի պաշտպանություն ապահովող արհմիությունների գոյությունը: Իշխանություններին, հասկանալի պատճառներով դա ձեռնտու չէ: Բայց ուժեղացող ռեպրեսիվ ուղղորդվող մեքենայի դեմ պայքարելու գործում, արհմիությունները կարևոր դեր են խաղալու տեղերում սեփական իրավունքների պաշտպանության համար։ Myvoice.am կայքում գործելու է օնլայն արհմիություն, որը լինելու է արդյունավետ միջոց, գործիք խախտված իրավունքների պաշտպանության համար:
Պատմության համար կարևոր է հասկանալ, ո՞րն էր ռեպրեսիվ մեխանիզմների գործադրման բաժանարար օրը. Կան տարբեր տեսակետներ՝ մայիսի 20՞, երբ շրջափակվեցին դատարանների մուտքերը, կամ դատավոր Ազարյանի նկատմամբ ճնշումների գործադրման օրը, կամ Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական գործի հարուցման օրը և այլն։ Ես առավել հակված եմ, այդ չարաբաստիկ օրը համարել սեպտեմբերի 17-ը, երբ Աննա Դանիբեկյանի կողմից անտեսվեց ՍԴ որոշումը: Այդ օրվանից իշխեց «ամեն ինչ կարելի է» մթնոլորտը։ Այդ բաժանարար օրով մենք մուտք գործեցինք իրեն բնորոշ կանոններով պատժիչ ռեպրեսիաների փուլ: Ցավում եմ, բայց սա դարձավ Հայաստանի ամենասուր մարտահրավերներից մեկը: Որոշ ժամանակ հետո, չի բացառվում, որ տոնացույցի այդ օրը նշվի հակաիրավականության կամ իրավական կամայականության օր։
Էլինար Վարդանյան


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար