Արմինե Դավթյանը դատի է տալիս կրթության նախարարությանն ու իրեն զրպարտողներին
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արմինե Դավթյանը երկու դատական հայց է ներկայացնելու դատարան․ մեկը՝ իրեն ապօրինաբար աշխատանքից ազատելու վերաբերյալ, մյուսը՝ իրեն զրպարտելու համար, գրում է hraparak.am-ը։
Պատասխանողը «Ներառող կրթություն ազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպությունն է, իսկ վարչական դատարանում՝ կրթության նախարարությունը։ Հոկտեմբերի 4-ին Արմինե Դավթյանը կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի հրամանով ազատվել էր պաշտոնից՝ իր նկատմամբ անվստահության հիմքով։ Անգամ նրա «չուզողները» նախարարությունում զարմացած էին հոդվածի խստությամբ։ Նույնիսկ մեկ նկատողություն Արմինե Դավթյանը չէր ստացել։ Աշխատանքից ազատելու պատճառը, ըստ նախարարության հայտարարության, այն է, որ Արմինե Դավթյանը ««Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կատարել է խնդրահարույց գրառում եւ հրապարակել տեսանյութ, որը քննարկումների առիթ է դարձել»։
Նյութերն այս, որոնք ծնողների, երեխաների, մանկավարժների վրդովմունքն ու քննադատության տարափն առաջացրին, վերաբերում էին վարքի խնդիրներ ունեցող երեխաների հետ աշխատանքին։
Մասնագետների համար նախատեսված փակ խմբում Դավթյանը գրել էր․ «Փոքրիկ ապտակը կարող է ավելի արդյունավետ լինել, քան ժամերով քարոզը… ես չեմ ասում՝ տեղի-անտեղի երեխային խփում եմ, ․․․ծայրահեղ դեպքերում, եթե ինքն ինձ խփի կամ ինչ-որ մեկին խփի, ես կարող է արտապատկերեմ։ Եղել ա, որ կծել է, ես էլ իրեն եմ կծել… երեխան ինձ խփեց, ես էլ իրան կամաց թուշիկին խփեցի… կասեն՝ վայ, բռնություն գործադրեց…, բայց երեխան հանգստացավ, ու ես դա արեցի ծնողի ներկայությամբ…»։
Նա մոտ երկու շաբաթ չէր ցանկանում խոսել իր ազատման շուրջ։ Սպասում էր փաստաթղթերի տրամադրմանը։ Ուրբաթ օրը, երբ ցանցում հայտնվեցին 92-րդ մանկապարտեզի հենաշարժական խնդիրներ ունեցող սաների նկարները, Արմինե Դավթյանը որոշեց խոսել։ Նա մեզ ցույց տվեց հենաշարժական խնդիրներով երեխաների համար գոյություն ունեցող հատուկ աթոռների, պատին գամելու համար նախատեսված սեղանիկների լուսանկարներ, ուղարկեց ֆիլմ, որտեղ ներկայացվում են այս երեխաների հետ աշխատանքի մեթոդները։ «Սրանք բոլորը «բռնության մեթոդներ են», որոնք մենք կիրառում ենք երեխաներին ոտքի հանելու, վարքը կարգավորելու, ինքնակառավարում սովորեցնելու համար։ Բոլոր ռեաբիլիտացիոն կենտրոններում էլ կան այսպիսի միջոցներ ու սարքավորումներ»,- ասում է մասնագետը։ Երեխաները կապված են աթոռների մեջքին։ Սրանք իրո՞ք հատուկ աթոռներ են, թույլատրելի միջոցներ, ինչպես պնդում են մանկապարտեզի աշխատակիցները։
Մեր հարցին Դավթյանը պատասխանեց․ «Ինձ համար զազրելի հերյուրանք են այն մեկնաբանություններ անողների կարծիքները, ովքեր երբեւէ չեն աշխատել եւ չեն էլ կարող պատկերացնել, թե ինչ ասել է հենաշարժողական խնդրով երեխա, աուտիզմով երեխա, ինչ ասել է նախնական փուլում երեխայի մարմնաշարժողական համակարգի կառավարման համար նրան հենարանի ապահովման խնդիր, հատուկ աթոռներ, որոնք ապահովում են դրանք, հատուկ մոտեցումներ, որոնցով կառավարվում է երեխայի չինքնակառավարվող հենաշարժողական եւ վարքային համակարգը։ Եթե այդպես նայենք, ուրեմն բոլոր բժշկական միջոցառումները երեխայի նկատմամբ պետք է դիտարկենք որպես բռնություն՝ պատվաստումը, որն արվում է երեխայի կամքից անկախ, սրսկումը, մանկապարտեզ կամ դպրոց ստիպողաբար տանելը։ Այդ երեխաները չեն կարողանում իրենց վարքը կառավարել։ Կարող են բարձրանալ, իրենց վնասել։ Նրանց սովորեցնում են նստել, հաց ուտել, ձեռքերը շարժել։ Նրանք, ում վարքային խնդիրներով չեն զբաղվել, հետագայում չեն կարողանում ներառվել դպրոցներ»։ Դատարան դիմելու հարցում նա վճռական է։
«Այո, հայցով պատրաստվում եմ մտնել դատարան։ Կա զրպարտություն «Ներառող կրթություն ազգային ասոցիացիայի» կողմից գրված նամակում, ես դրա դեմ եմ դուրս գալու եւ ինձ աշխատանքից ազատելու անօրինական հրամանի դեմ»։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար