Մեր ու մյուսների աղքատությունը
168.am -ը գրել է. «Հրապարակվեց տնտեսագիտության գծով Նոբելյան մրցանակի դափնեկիրների անունները: Ճշգրիտ լինելու համար հարկավոր է ասել, որ այս մրցանակը Նոբելի և մրցանակի համար թողած նրա գումարների հետ կապ չունի: Շվեդիայի ազգային բանկն է 1969թ. տնտեսագիտության ոլորտում սահմանել Նոբելի անվան մրցանակ: Մրցանակի հետ տրվող գումարն էլ է բանկը տրամադրում:
Այս տարվա մրցանակին արժանացան երեք հարվարդցիներ` Մայքլ Կպեմերը և Էսթեր Դյուֆլո-Աբիդժիթ Բեներջի ամուսինները: Արժանացան շատ հետաքրքիր ձևակերպմամբ` «Համընդհանուր աղքատության դեմ պայքարի փորձնական մոտեցման համար»: Աղքատությունն ու դրա դեմ պայքարը տնտեսագիտության «հավերժական թեմաներից» է: Այդ խնդիրը հուզել է բոլոր խոշոր տնտեսագետներին` հիմնադիր Ադամ Սմիթ-Դավիթ Ռիկարդոյից, Մալթուս ու Մարքսից՝ մինչև մեր ժամանակակիցներ:
«Աղքատության էկոնոմիկան» պարբերաբար տնտեսագիտության նոբելյանի թեմա էր դառնում: Սակայն այն նախկինում մի տեսակ փաթեթավորված էր: Աղքատության խնդիրը նախկինում քննարկվում էր «տնտեսական հավասարակշռություն», «ռեսուրսների արդյունավետ տնօրինում» և այլ համանման ձևակերպումներով: Նույնիսկ անցած տարվա տնտեսագիտական մրցանակը բավական երկարաշունչ ու «քողարկված» ձևակերպումով շնորհվեց` «Մակրոտնտեսական երկարաժամկետ վերլուծություններում տեխնոլոգիական նորարարական ներմուծումների համար»:
Մրցանակի հեղինակների աշխատությունները, պարզ, մարդկային լեզվով ասած, այն մասին էր, թե ինչպես խուսափել ճգնաժամներից, որոնք խորացնում են աղքատությունը: Իսկ այս տարի պարզ տեքստով գնահատվեց աղքատության դեմ պայքարի փորձարարական աշխատանքը և նշվեց, որ մրցանակակիր երեք հեղինակներն աղքատության դեմ պայքարի յուրօրինակ լաբորատորիա են ստեղծել: Ստեղծել են՝ ակադեմիական աշխատասենյակները լքելով՝ գնալով հնդկական և աֆրիկյան գյուղերն ուսումնասիրելու:
Արդյունքում՝ բավական տարօրինակ հայտնագործություններ են արել: Օրինակ՝ այն, որ կրթության ոլորտում 15 անգամ ավելի արդյունավետ է ֆինանսները կրթության առավելությունների ու օգուտի քարոզչության վրա ծախսելը, քան դեսից-դենից «թանկուկրակ» դասախոսներ հրավիրելը: (Սրա պարզ դեպքը մենք ունեինք` տարիներ առաջ Ավստրալիայի կողմերից ծիրան աճեցնող մեկին էին Հայաստան բերել, որ մեր գյուղացիներին ծիրան աճեցնել սովորեցներ):
Մեկ այլ տարօրինակ հայտնագործություն կարելի է համարել այն, որ մրցանակակիրներն առաջարկում են կրթության համար նախատեսված գումար-դրամաշնորհները ծախսել աշակերտների առողջության համար: Նրանց վերլուծության համաձայն՝ տասնապատիկ ավելի արդյունավետ է եղել այն, որ կրթության համար նախատեսված գումարով բուժել են երեխաներին (բերվում է ստամոքսի մակաբույծի դեմ պրոֆիլակտիկայի օրինակը, որի արդյունքում աշակերտների մոտ կտրուկ փոխվել է կրթության հանդեպ վերաբերմունքը և առաջադիմությունը): Նման հետազոտություններ ու արդյունքներ ստացվել են 26 երկրներում 20 մլն աշակերտների հետ տարվող աշխատանքների ու ուսումնասիրությունների արդյունքում: (Այս ուսումնասիրությունները ներկայացվել են Դավոսում տեղի ունեցող վերջին համաժողովին):
Աղքատության մասին հայաստանյան վերջին ուսումնասիրություններն արձանագրում են 2017թ. պատկերը: Երբ հրապարակվեց, որ մեր երկրում աղքատ է բնակչության 25.7 տոկոսը: Ընդ որում, միայն այն, որ աղքատների 60 տոկոսը պաշտոնապես ապրում է քաղաքային բնակավայրերում, հուշում էր, որ ուսումնասիրությունը պակաս վստահելի է: Մեր վիճակագրությունը միշտ էլ «հրաժարվել է» ընդունել, որ գյուղական համայնքներում գործազուրկներ ու աղքատ (իմա` սոված) մարդիկ կան: Պաշտոնական վիճակագրությունը մեր երկրի աղքատ բնակչությանը դասակարգում է երեք խմբերի:
Աղքատ են համարվում այն չափահաս անձինք, ովքեր ամսական 41 հազար 612 դրամից պակաս են «տնօրինում»: Նրանց քանակը մեր երկրում 766 հազար է: Այս թվից 316 հազարին իշխանությունն ու սոցիալական ոլորտի մասնագետները համարում են չափավոր աղքատ: Որովհետև այս խումբն ամսական ծախսում է 34 հազար 253 դրամ:
Աղքատ բնակչության մեջ 42 հազար մարդ համարվում է ծայրահեղ աղքատ. նրանք ամսական 24 հազար 269 դրամից պակաս են ծախսում: Այս թիվը պաշտոնապես անվանվում է աղքատության պարենային կամ ծայրահեղ գիծ: Սպառման այս չափը վերջնագիծ է: Սննդի վրա ավելի քիչ դրամ ծախսող մարդը, ենթադրվում է, որ պիտի ապրի քաղցի պայմաններում:
Մրցանակ շնորհող հանձնաժողովը, հարկավ, մեր ցուցանիշների պատճառով չէ, որ կարևորել է աղքատության թեման: 2015թ. ՄԱԿ-ի մի ուսումնասիրության արդյունքում հրապարակվեց, որ երկրագնդի բնակչության մեկ տոկոսը տիրապետում է այնքան միջոցների, որքան մնացած 99 տոկոսը: Այնպես որ, աղքատությունը համաշխարհային խնդիր է, բայց այդ փաստը մխիթարություն համարելը, մեղմ ասած, բարոյական չէ:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար