Թռիչքային աճը մնաց անցյալում. հաջորդ տարի սպասվում է վերջին 4 տարվա տնտեսական աճի ամենացածր ցուցանիշը
«168 ժամ» թերթը գրում է. «Իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի խոստացած տնտեսական թռիչքը այդպես էլ տեղի չունեցավ: Տեղի չի ունենա նաեւ հաջորդ տարի:
2020 թ. համար կառավարության տնտեսական աճի սպասումները հեռու են թռիչքային լինելուց: Ու դա ոչ թե մենք ենք ասում, այլ կառավարության ներկայացրած հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը: Տնտեսական աճի ցուցանիշները, որոնք դրված են այդ փաստաթղթում, ոչ միայն թռիչքային չեն, այլեւ ավելի ցածր են, քան նախորդ երկու տարիներին արձանագրված աճերը, ավելի ցածր, քան այս տարվա սպասումներն են:
Հիշեցնենք, որ 2018 թ. տնտեսական աճը Հայաստանում կազմեց 5,2 տոկոս: Այն անհամեմատ բարձր էր իշխանափոխության նախորդ տարում. 2017թ. տնտեսական աճը հասավ վերջին տարիների համար ռեկորդային՝ 7,5 տոկոսի: 2019 թ. կանխատեսվում է, որ ՀՆԱ-ն կավելանա 6,3 տոկոսով:
Եթե իրականանան կառավարության կանխատեսումները, ապա հաջորդ տարի աճի տեմպը մի բան էլ կնվազի: Այն կլինի վերջին չորս տարվա ամենացածր ցուցանիշը:
Ստացվում է, որ ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումներում արձանագրվող փայլուն ցուցանիշների եւ երկնիշ աճերի՝ կառավարության սպասումները Հայաստանի տնտեսության զարգացումների վերաբերյալ այնքան էլ լավատեսական չեն: Աճի տեմպն արագանալու եւ թռիչքային դառնալու փոխարեն հետ է գնալու: Ու դրա հետ ըստ էության համաձայն է նաեւ Նիկոլ Փաշինյանը: Այլապես հազիվ թե կառավարությունում կգտնվեր որեւէ մեկը, ով կհամարձակվեր հակադրվել վարչապետին:
Տնտեսական թռիչք խոստացող Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարության կանխատեսումներով՝ հաջորդ տարի Հայաստանի տնտեսության աճը կկազմի ընդամենը 4,9 տոկոս:
Այս թիվը կառավարությունը, անշուշտ, օդից չի վերցրել: Հայաստանի տնտեսության զարգացումների վերաբերյալ նման կանխատեսում ունեն գրեթե բոլոր
միջազգային ֆինանսական կազմակերպությունները: Նրանց գնահատականները գտնվում են հիմնականում 4,5-5,5 տոկոսի միջակայքում: Նույնպիսի կանխատեսում ունի նաեւ Կենտրոնական բանկը:
Հասկանալի է, որ 4,9 տոկոսն այն աճը չէ, ինչի հետ կարելի է մեծ հույսեր կապել, առավել եւս՝ սոցիալական իրավիճակի փոփոխության եւ մարդկանց կյանքի պայմանների բարելավման առումով:
Որպեսզի հասարակությունը զգա տնտեսական աճի ազդեցությունը, անհրաժեշտ է, որ այն անհամեմատ ավելի բարձր լինի եւ, կարեւորը՝ որակյալ: Այնինչ, Հայաստանի տնտեսության աճը որակ չունի: Զարմանալի չէ, որ տնտեսությունը պաշտոնապես աճում է, բայց սոցիալական իրավիճակը երկրում գրեթե չի փոխվում: Ու չի փոխվելու այնքան ժամանակ, քանի դեռ տնտեսության աճի հիմնական բաղադրիչը ծառայություններն են: Այն այդպիսին կլինի նաեւ հաջորդ տարի՝ ամենամեծ նպաստումը բերելով սպասվող ոչ այնքան ցածր, բայց ոչ էլ բարձր տնտեսական աճին:
Դատելով հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծից թռիչքային զարգացումներ չեն սպասվում տնտեսության որեւէ ոլորտում: Ընդհակառակը՝ մի շարք ճյուղերում, որոնք կարեւոր դեր ունեն երկրում սոցիալական իրավիճակի բարելավման գործում, աճի տեմպերը նույնիսկ կնվազի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար