Արսեն Թորոսյանը ոտնահարում է անմեղության կանխավարկածը և մարդու բարի համբավը. Վիրաբուժական ուռուցքաբանության հայկական միություն
Առողջապահության ոլորտի պատասխանատուն, ոտնահարելով անմեղության կանխավարկածը, ոտնահարում է տասնյակ տարիների բարի վաստակ ու հարգանք վայելող և իր ողջ կյանքը մարդկանց կյանքի ու առողջության պահպանմանը նվիրած, հարյուրավոր կյանքեր փրկած մարդու բարի համբավը։ Այս մասին նշված է Վիրաբուժական ուռուցքաբանության հայկական միության հայտարարության մեջ, որում անդրադարձ է կատարվում Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական կենտրոնում տեղի ունեցած միջադեպի հետ կապված Արսեն Թորոսյանի մեկնաբանությանը:
Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.
«Վերջին ամիսներին խիստ մտահոգիչ իրադարձություններ են տեղի ունենում առողջապահության ոլորտում։«Բարեփոխումների» և «կոռուպցիայի վերացման» անվան տակ հերթով վարկաբեկվում են անվանի բժիշկներ։
Այս անգամ թիրախավորվել են «Վիրաբուժական ուռուցքաբանության հայկական միության» հիմնադիր-նախագահ Գագիկ Համբարձումյանը և նրա որդին՝ նույն ասոցիացիայի համահիմնադիր, խորհրդի անդամ Վահագն Համբարձումյանը։
Այս ամբողջ պատմության մեջ ամենացավալին այն է, որ փաստորեն դեպքից անմիջապես հետո նախարարը քթի բազմաբեկորային կոտրվածք և ուղեղի ցնցում ստացած Վահագն Համբարձումյանին պիտակավորում է որպես «հարձակվող» ու «հաշիվ պահանջող», հարյուրավոր կյանքեր փրկած Գագիկ Համբարձումյանին հայտարարում «դրամաշորթ» և որպես ապացույց հրապարակում մի կիսագրագետ կասկածելի դիմում։
Փաստորեն էլ իրավապահ մարմիններն անելիք չունեն, քանի որ դեպքը բազմակողմանի ու հիմնավոր ձևով լուսաբանվել է մեր բազմաֆունկցիոնալ նախարարի կողմից։
Ցավալի է, որ ոլորտի պատասխանատուն, ով ի պաշտոնե կոչված է նաև բժիշկների օրինական շահերն ու իրավունքները պաշտպանելու, կարող է առանց բազմակողմանի հետաքննության միակողմանի մեղադրանքներ հնչեցնել մարդու հասցեին՝ ոտնահարելով անմեղության կանխավարկածը և ոտնահարել տասնյակ տարիների բարի վաստակ ու հարգանք վայելող և իր ողջ կյանքը մարդկանց կյանքի ու առողջության պահպանմանը նվիրած, հարյուրավոր կյանքեր փրկած մարդու բարի համբավը։ Ամենազավեշտալին այն է, որ այս ճակատագրին կարող է արժանանալ ցանկացած բուժաշխատող։
Եվ այսպես մինչև ուր... Մինչև հերթով հիասթափվեն և հեռանան լավագույն բժիշկները՝ դաշտն ազատելով պերճախոս դիլետանտների համար?
Ինչևէ, իրավապահ մարմինները ուշ թե շուտ կբացահայտեն դեպքի իրական հանգամանքները, և մեղավորները կպատժվեն։
Մինչ այդ, կոչ ենք անում ոլորտի բոլոր հասարակական կազմակերպություններին, բժիշկներին և առհասարակ բժշկության ապագայով մտահոգված քաղաքացիներին՝ համախմբվել, ընդդիմանալ այսպիսի ապօրինություններին, պաշտպանել բժիշկների շահերը և թույլ չտալ որ առանց այն էլ խարխլված հիմքերով այս կարևորագույն ոլորտը վերջնականապես փլվի»։
Հիշեցնենք, որ նշված կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Մանուկյանը կասկածվում է նույն կենտրոնի բժիշկ Վահագն Համբարձումյանին ծեծի ենթարկելու մեջ։ Ըստ նախնական վարկածի՝ վիճաբանություն-ծեծը տեղի է ունեցել հիվանդանոցում՝ տնօրենի աշխատասենյակում, և պատճառը եղել է այն, որ Վ. Համբարձումյանի հորը Ն. Մանուկյանը աշխատանքից ազատել է, և Վ. Համբարձումյանը պարզաբանումներ ստանալու նպատակով մտել է տնօրենի մոտ և խոսակցությունը վերածվել է վիճաբանության, այնուհետև՝ ծեծկռտուքի, ինչի հետևանքով էլ Վ. Համբարձումյանը քթի մասում վնասվածքներ է ստացել։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...