Ադրբեջանը մշտապես գործի է դրել Արցախի եւ ընդհանրապես հայ ժողովրդի ապամարդկայնացման հռետորաբանություն
Ադրբեջանի որդեգրած առավելապաշտական դիրքորոշումը, որը մշտական եւ հիմնական վտանգ է հանդիսանում խաղաղ գործընթացի համար, շարունակում է անփոփոխ մնալ՝ չնայած կողմերի միջեւ ձեռք բերված վերջին պայմանավորվածություններին: Այս մասին մեկնաբանություն է տարածել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով «Վալդայ» համաժողովում Ադրբեջանի նախագահի ելույթին:
Մեկնաբանության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Ստիպված ենք արձանագրել, որ Ադրբեջանի նախագահի խոսքում որեւէ նոր բան չկար: Ադրբեջանի որդեգրած առավելապաշտական դիրքորոշումը, որը մշտական եւ հիմնական վտանգ է հանդիսանում խաղաղ գործընթացի համար, շարունակում է անփոփոխ մնալ՝ չնայած կողմերի միջեւ ձեռք բերված վերջին պայմանավորվածություններին, որոնք ենթադրում էին ժողովուրդներին խաղաղության նախապատրաստում:
Հենց այդ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու հանձնառությունն առավել գործնական հարթություն բերելու նպատակին էր ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկված բանաձեւը, համաձայն որի հանգուցալուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի ժողովորդների համար:
Այս բանաձեւն ուղղված է բոլոր կողմերի համար փոխզիջումների գաղափարն ընդունելի դարձնելուն, խաղաղությանը նպաստող միջավայրի ձեւավորման գործում հասարակություններին ներգրավմանը, ինչպես նաեւ իրենց ժողովուրդների առջեւ ղեկավարների պատասխանատվության եւ հաշվետվողականության ամրագրմանը:
Պատասխանելով հայկական կողմի այս առաջարկությանը՝ Ադրբեջանի նախագահը որեւէ հղում չկատարեց տարածաշրջանի ժողովուրդների համար խաղաղ կարգավորման անհրաժեշտությանը, այլեւ նույնիսկ կասկածի տակ դրեց սեփական պատմական հայրենիքում ապրող Արցախի ժողովրդի գոյության փաստը: ԼՂ հիմնահարցում իր առավելապաշտական մոտեցման հիմնավորման համար Ադրբեջանը մշտապես գործի է դրել Արցախի եւ ընդհանրապես հայ ժողովրդի ապամարդկայնացման հռետորաբանություն: Այդ ապամարդկայնացման դրսեւորումներից են Ադրբեջանի նախագահի կողմից Ռամիլ Սաֆարովի ներումը եւ հերոսացումը, Արցախի դեմ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի ժամանակ խաղաղ բնակչության եւ զինծառայողների հանդեպ իրականացված վայրագությունները, Արցախի՝ Ադրբեջանի օկուպացիայի տակ գտնվող տարածքների հայաթափումը եւ Ադրբեջանի տարածքում հայկական պատմական ներկայության եւ հետքի վերացումը:
Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումները եւ Արցախի ժողովրդի ապամարդկայնեցումն անվտանգության գոյաբանական սպառնալիք են ստեղծում Արցախի ժողովրդի համար: Դրա արդյունավետ դիմակայումը համահայկական խնդիր է, ինչը լավագույնս ձեւակերպված է Ստեփանակերտում օգոստոսի 5-ին Արցախի ժողովրդի առջեւ ՀՀ իշխանությունների ստանձնած հանձնառությամբ:
Հայաստանը վստահ է, որ խնդրի խաղաղ կարգավորումը եւ տարածաշրջանում ժողովրդավարության հաղթանակն այլընտրանք չունեն եւ այդ տեսակետից կարեւորում է ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու հանձնառության իրականացումը:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...