Կալանքը՝ որպես ռեպրեսիվ մեքենայի միջոց
Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ խափանման միջոցները հարկադրանքի միջոցներ են, որոնք կիրառվում են կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ`քրեական գործով վարույթի ընթացքում նրանց ոչ պատշաճ վարքագիծը կանխելու և դատավճռի կատարումն ապահովելու նպատակով:
ՀՀ քրեական դատավարության օրենսդրությունը սահմանել է կալանավորման կիրառման օրինականությունն ու հիմնավորվածությունն ապահովող մի շարք երաշխիքներ, որոնց մեջ առաջին հերթին կարևորվում ու առանձնանում են կալանավորման հիմքերը: Դրանք օրենքով նախատեսված այն հանգամանքներն են, որոնք հաստատվում են ապացույցների որոշակի ամբողջությամբ և հնարավորություն են տալիս հիմնավորված ենթադրություններ անել այն մասին, որ անձը, կալանքի տակ չգտնվելով, կարող է դրսևորել ոչ պատշաճ վարքագիծ և խոչընդոտել քրեական դատավարության խնդիրների իրականացմանը: Կալանավորումը խափանման միջոցների տեսակների մեջ ամենախիստն է և պետք է ունենա բացառիկ բնույթ, սակայն Հայաստանում այն դիտարկվում է որպես խափանման առաջնային միջոց:
Անձնական ազատության և անձի անձեռնմխելիության իրավունքը, սակայն, շարունակում է մնալ Հայաստանում ամենաշատը ոտնահարվող իրավունքներից մեկը, իսկ կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելը, նախաքննության մարմինների սիրելի գործիքը:
Կալանքի միջոցով փորձում են մարդուն պատժել, ճնշել, կոտրել, իսկ հասարակության մոտ ստեղծել պատժելու և պայքարելու տպավորություն: Հաճախ կալանքի հիմքերը իսպառ բացակայում են, սակայն ռեպրեսիվ մեխանիզմը գործում է: Պետք է ապահովել հանրային տեսարաններ:
Իսկ եթե հասարակությունը կոնկրետ գործով տեսարաններ չի պահանջում, ապա ժամանակի ընթացքում կալանքը փոխարինում են գրավով, որովհետև այս գործերը որքան արագ հարուցվել են, նույնքան արագ էլ մոռացվում են:
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը սահմանել է, որ դատարանը պետք է հաստատի իրավաչափությունը, որ մեղադրյալը կխոչընդոտի մեղադրանքի կողմի գործունեությանը, բայց իբրև իրավաչափ մտահոգություն, որն առկա է կոնկրետ գործով մեղադրյալի դեպքում, այլ ոչ թե անորոշ և վերացական: Պետք է հիմնավորված ռիսկ լինի, որ մեղադրյալն ազատ արձակվելու դեպքում կձեռնարկի այնպիսի քայլեր, որոնք կխոչընդոտեն արդարադատության իրականացմանը: Կրկին հանցագործություն կատարելու վտանգը պետք է ռեալ լինի տվյալ մեղադրյալի դեպքում: Հայաստանում, սակայն, նախնական կալանքը շարումնակվում է կիրառվել որպես պատժի կամ ապացույցներ ձեռք բերելու միջոց, պատժիչ ռեպրեսիայի վնասակար գործիք: Ընդ որում կալանքը կիրառվում է խիստ ընտրողաբար: ՀՔԾ-ն ու դատախազությունը համառորեն կալանք են պահանջում մի դեպքում, իսկ մեկ այլ՝ հանրային վտանգավոր արարքի դեպքում՝ ոչ։
Կալանքի լայնորեն և չհիմնավորված կիրառումը շատ լուրջ խնդիր է։ Շատ անգամ արվում է իներցիայով, շատ անգամ դատավորներներն են իրենց ապահովագրում կամ ազդեցության տակ որոշում կայացնում, շատ անգամ մթնոլորտն է ստիպում։
Հայաստանում այդպես էլ չի ձևավորվում անմեղության և ազատության կանխավարկածով առաջնորդվելու և կալանքը որպես բացառիկ միջոց կիրառելու պրակտիկան, ինչն իր բացասական ազդեցությունն է թողնում մարդու իրավունքների պաշտպանության իրականացման վրա:
Հ.Գ. Նյութն արդեն պատրաստ էր հրապարակման, երբ դատարանը որոշում կայացրեց Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: Եվ սա այն դեպքում, երբ դատարանները շրջափակելու կոչերը, դատավորների նկատմամբ տարբեր տեսակի հետապնդումները, դատավորներին «վնգստացող» անվանելը դիտարկվում է օրինաչափ: Այսպես է գործում պատժիչ ռեպրեսիաների փուլը:
Ասյա Օվանյան
Փաստաբան, ՀՀ Փաստաբանների պալատ
«Իմ Ձայնը» նախագիծ


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...