ԱՄՆ-ն պատրաստվում է պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ՝ ռուսական C-400-ների ձեռքբերման պատճառով, այդ մասին կհայտարարվի հուլիսի 15-ից հետո
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմը կողմնորոշվել է ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման կապակցությամբ Թուրքիայի դեմ պատժամիջոցային փաթեթի ընտրության հարցում, այդ մասին կհայտարարվի հուլիսի 15-ից հետո, գրում է bloomberg.com-ը՝ աղբյուրների հղումով:
Վարչակազմն ընտրել է պատժամիջոցների երեք փաթեթներից մեկը, որը դեռևս պետք է արժանանա Թրամփի հավանությանը:
Աղբյուրը հայտնում է, որ վարչակազմը մտադիր է պատժամիջոցների մասին հայտարարել այս շաբաթվա վերջին։ Վարչակազմը ցանկանում է սպասել մինչև Թուրքիայում 2016 թվականի հուլիսի 15-ի պետական հեղաշրջման փորձի տարելիցի ավարտը, որպեսզի խուսափի հետագա շահարկումներից, թե ԱՄՆ-ն է կանգնած հեղաշրջման փորձի ետևում, ինչպես պնդում են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմնակիցները:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև С-400 համակարգերի գնման շուրջ բանակցությունների մասին առաջին անգամ հայտնի էր դարձել 2016թ.-ի նոյեմբերին, իսկ վաճառքի մասին պայմանագիրը կնքվել էր 2017թ.-ի սեպտեմբերին, ընդ որում՝ ձեռք բերված զենիթահրթիռային 4 միավոր համակարգերի արժեքը 2,5 մլրդ դոլար է կազմել:
Օրեր առաջ՝ հուլիսի 12-ին, ռուսական C-400 համակարգերի առաջին խմբաքանակը մատակարարվել է Թուրքիա: ԱՄՆ մի խումբ սենատորներ կոչ են արել նախագահ Թրամփին պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ` ռուսական C-400-ների մատակարարման մեկնարկի առնչությամբ:
Միևնույն ժամանակ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը C-400 համակարգերի մատակարարման գործարքը Ռուսաստանի հետ երկրի ժամանակակից պատմության կարևորագույն համաձայնագիր է անվանել: Էրդողանի խոսքով՝ C-400-ների մատակարարման գործընթացը, որը մեկնարկել է հուլիսի 12-ին, կարող է ավարտվել 2020-ի ապրիլին:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով