Հայաստանը պատրաստ է հյուրընկալելու հեծանվային մեծ սպորտի միջազգային մրցաշարը
«Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքը պարզապես նախագիծ չէ, այլ Հայաստանի՝ միջազգային տեսանելիության բարձրացման, զբոսաշրջային գրավչության մեծացման և հեծանվային սպորտի զարգացման ռազմավարական մոտեցումների արտացոլումը։
Շուրջ երկու տարի տևած նախապատրաստական աշխատանքներից հետո Հայաստանը պատրաստ է առաջին անգամ հյուրընկալելու հեծանվային մեծ սպորտի միջազգային մրցաշարը»,- այս մասին այսօր հայտնել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը «Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում:
Ասուլիսին ներկայացվել է սեպտեմբերի 10-13-ը կայանալիք մրցաշարի ծրագիրը՝ երթուղիները, միջազգային հեռարձակման հնարավորություններն ու զարգացման հեռանկարները։ Մրցաշարին կմասնակցեն 16 թիմեր տարբեր երկրներից, այդ թվում՝ Հայաստանը ներկայացնող թիմը։ Չորս մրցափուլերի ընթացքում հեծանվորդները կանցնեն Հայաստանի տարբեր բնակավայրերով և ճանապարհներով, իսկ մրցաշարը կեզրափակվի Երևանում՝ Հանրապետության հրապարակում։
«Սա իսկապես շատ կարևոր իրադարձություն է. բառացիորեն մի քանի օրից արդեն կտեսնենք մեր համատեղ աշխատանքի արդյունքը»,- ասել է ԿԳՄՍ նախարարը և հավելել՝ եզրափակիչ միջոցառման անցկացումը Հանրապետության հրապարակում խորհրդանշական է, քանի որ այս տարի նշվում է նաև հրապարակի շինարարության մեկնարկի 100-ամյակը։
Նրա խոսքով՝ մրցաշարը հնարավորություն է միջազգային լսարանին ներկայացնելու նաև Երևանի ճարտարապետությունը։
«ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների հեծանվավազքը՝ «Tour of Armenia»-ի օրերին
Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ «Tour of Armenia»-ն հեծանվային սպորտի զարգացմանն ուղղված պետական հետևողական քաղաքականության շարունակությունն է։ Վերջին տարիներին անցկացվում է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների խճուղային հեծանվավազքը, դպրոցների համար ձեռք են բերվել հեծանիվներ, իսկ Հեծանվային սպորտի մարզադպրոցն ամբողջությամբ վերակառուցվում է և շուտով պատրաստ կլինի շահագործման։
Այս տարի «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների խճուղային հեծանվավազքը կանցկացվի «Tour of Armenia»-ի օրերին՝ սեպտեմբերի 11-ին և 12-ին՝ դպրոցականներին հնարավորություն տալով շփվելու պրոֆեսիոնալ հեծանվորդների հետ և ոգեշնչվելու նրանց օրինակով։
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը՝ մրցաշարի պաշտոնական դեսպան
«Tour of Armenia 2026»-ի պաշտոնական դեսպանը 2008 թվականի Պեկինի Օլիմպիական խաղերի խճուղային հեծանվավազքի չեմպիոն, իսպանացի անվանի հեծանվորդ Սամուել Սանչեսն է։ Պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում նա հաջողություններ է գրանցել նաև հեղինակավոր «Tour de France» և «Vuelta a España» մրցաշարերում։
«Tour of Armenia»․ երկիրն ավելի տեսանելի ու գրավիչ դարձնելու հնարավորություն
Նախարարի խոսքով՝ մրցաշարը հնարավորություն կտա միջազգային հարթակներում ներկայացնելու Հայաստանի ավելի քան 500 կմ ճանապարհները, դրանց հարակից բնակավայրերը, համայնքներն ու բնապատկերները՝ նպաստելով նաև երկրի զբոսաշրջային գրավչությանն ու միջազգային տեսանելիությանը: ««Tour of Armenia»-ն մեզ համար պարզապես նախագիծ չէ։ Դա մեր ռազմավարական մոտեցումների արտացոլումն է՝ ոչ միայն սպորտի զարգացման, այլև մեր երկիրն ավելի տեսանելի ու գրավիչ դարձնելու տեսանկյունից»- նշել է նախարարը։
Նախարարը հավելել է, որ «Tour of Armenia»-ն Հայաստանում միջազգային խոշոր մարզական միջոցառումներ անցկացնելու քաղաքականության շարունակությունն է։ Այս տարի արդեն անցկացվել են հրաձգության Եվրոպայի առաջնությունը, սամբոյի աշխարհի գավաթը, բասկետբոլի և մեծ թենիսի մրցաշարեր, իսկ առաջիկա ծրագրերի թվում են Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային խաղերը, ծանրամարտի աշխարհի և սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունները։ Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ նախարարությունն աշխատելու է «Tour of Armenia»-ն ամենամյա դարձնելու և հետագայում միջազգային կարգավիճակ ստանալու ուղղությամբ։ Ներկայում մրցաշարը դասակարգված է որպես Հեծանվային սպորտի միջազգային միության (UCI) 2.2 դասի մրցաշար։
Հայաստանի հեծանվորդների վերջին մարզումները Դիլիջանում
«Tour of Armenia»-ում Հայաստանը ներկայացնող հեծանվորդներն անցկացնում են վերջին մարզումները Դիլիջանում, որտեղ էլ տեղակայվելու են մասնակից բոլոր թիմերը։ Հայաստանի թիմում ընդգրկված են ինչպես հայ, այնպես էլ հրավիրված մարզիկներ, որոնք խճուղային հեծանվասպորտում նշանակալի արդյունքներ են գրանցել։
Նախարարն ընդգծել է, որ հեռահար նպատակը հայ մարզիկներին միջազգային մրցաշարերում ու առաջնություններում մրցունակ դարձնելն է, իսկ բարձրագույն նպատակը՝ հաջողությունն Օլիմպիական խաղերում: «Այս պահին դա կարող է հեռու նպատակ թվալ, բայց որևէ նպատակ չի մոտենում, եթե այդ ուղղությամբ ջանքեր չես գործադրում»,- ասել է նախարարը։
Կարևոր խթան՝ հայկական հեծանվային սպորտի զարգացման համար
Սպորտի կառավարման կենտրոնի տնօրեն Խորեն Զարգարյանն ընդգծել է՝ առաջին անգամ անցկացվող մրցաշարի կազմակերպչական աշխատանքների իրականացումը մարտահրավերային է և շատ պատասխանատու, բայց նպաստում է կարողությունների զարգացմանն ու փորձի հարստացմանը:
Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայի նախագահ Արա Սադոյանը նշել է, որ «Tour of Armenia»-ն կարող է կարևոր խթան դառնալ հայկական հեծանվային սպորտի զարգացման համար։ Նա տեղեկացրել է, որ 2029 թվականին Հայաստանում կանցկացվի հեծանվահրապարակի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը. որոշումն արդեն հաստատված է, իսկ նախապատրաստական աշխատանքները մեկնարկել են։
«Հուսով ենք, որ հետագայում կկարողանանք Հայաստանում հյուրընկալել նաև աշխարհի առաջնություններ։ Այս ամենը շատ լավ մեկնարկ է հեծանվային սպորտի համար և կարող է արմատապես փոխել հայկական հեծանվային սպորտի դերն ու դիրքը միջազգային ասպարեզում»,- ասել է Արա Սադոյանը։
Սպորտի միջոցով աշխարհին ներկայացնել Հայաստանը․ մրցաշարի միջազգային հեռարձակում
RCS Sports and Events DMCC-ի գործադիր տնօրեն Միկելե Նապոլիի խոսքով՝ նախագծի հիմքում հենց սկզբից եղել է սպորտի միջոցով Հայաստանն աշխարհին ներկայացնելու տեսլականը․ «Երբ ավելի քան երկու տարի առաջ հանդիպեցինք և սկսեցինք այս աշխատանքը, ունեինք էինք մեկ ընդհանուր տեսլական՝ սպորտի միջոցով ամբողջ աշխարհին ներկայացնել այս հիասքանչ երկիրն ու նրա զարմանահրաշ բնապատկերները»։
Մրցաշարը նախատեսվում է հեռարձակել մի շարք միջազգային հարթակներով, այդ թվում՝ HBO Max, Zhibo TV, ESPN և SBS։ Հեռարձակումներ և անդրադարձեր են նախատեսված նաև Eurosport, CNN, Sky Sport, Sportitalia, L’Équipe և այլ մեդիա հարթակներում։ Մրցաշարը կհեռարձակվի նաև «Tour of Armenia»-ի YouTube-յան ալիքով, իսկ սեպտեմբերի 13-ին Երևանում նախատեսված մրցաերթը՝ Հանրային հեռուստաընկերությամբ։
Նապոլիի գնահատմամբ՝ միջազգային նման ընդգրկվածությունը հատկապես մրցաշարի առաջին թողարկման համար կարևոր ձեռքբերում է և հնարավորություն կտա ամբողջ աշխարհի հեծանվասպորտի երկրպագուներին մրցաշարին հետևելուն զուգահեռ բացահայտելու Հայաստանը։
«Որոշ հատվածներում ճանապարհներն ավելի լավ վիճակում են, քան Իտալիայում»
RCS Sports and Events DMCC-ի գլխավոր օպերացիոն տնօրեն Ֆաբրիցիո Դ’Ամիկոն բարձր է գնահատել մրցուղիների վիճակը՝ նշելով, որ դրանք դեռ առաջին տեղազննման ժամանակ դրական տպավորություն են թողել։
«Ճանապարհները շատ լավ վիճակում են։ Անկեղծ ասած՝ մենք նույնիսկ հաճախ նշում ենք, որ որոշ հատվածներում դրանք ավելի լավ վիճակում են, քան Իտալիայում»,- ասել է Ֆաբրիցիո Դ’Ամիկոն։
Նրա խոսքով՝ մրցուղու որոշ հատվածներում իրականացվել են անհրաժեշտ աշխատանքներ՝ հեծանվորդների անվտանգությունն ապահովելու համար։ Դ’Ամիկոն բարձր է գնահատել նաև տեղական իշխանությունների և ՀՀ կառավարության աջակցությունը՝ ընդգծելով. «Մենք լիովին պատրաստ ենք մրցաշարին»։
Մրցաշարի ծրագիրը
Սեպտեմբերի 10-13-ն անցկացվելիք «Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքը ներառում է 4 մրցափուլ, 568 կմ ընդհանուր հեռավորություն և 5300 մետր վերելք։ Երթուղին անցնելու է Գեղարքունիքի, Տավուշի և Լոռու մարզերով ու եզրափակվելու է Երևանում։
Մրցաշարի ժամանակացույցը՝
- սեպտեմբերի 10՝ Գավառ – Մեծ Մասրիկ,
- սեպտեմբերի 11՝ Կիրանց – Ստեփանավան,
- սեպտեմբերի 12՝ Մարտունի – Դիլիջան/Պարզ լիճ,
- սեպտեմբերի 13՝ Երևան։


















































Ուրախ եմ տեղեկացնել, որ սկսում եմ ճանապարհի նոր փուլ․ Հակոբ Արշակյան
Արգենտինայում հաջորդ տուրի ֆուտբոլային բոլոր խաղերը 1 րոպեով կընդհատվեն՝ ի պատիվ Մեսիի
Ռեալը կարգապահական վարույթ է սկսել թիմի պաշտպան Ռաուլ Ասենսիոյի դեմ
ՀՀ բուհերի հեռակա ուսուցման ընդունելության դիմում-հայտերի ընդունումը մեկնարկում է սեպտեմբերի 5-ին
ՔԿՀ-ում Գագիկ Խաչատրյանի հետ առանձնազրույցի ընթացքում բարձրացված խնդիրների մի մասը ստանում է լուծում...
Բարսելոնան ներկայացրել է թիմի վերջնական հայտացուցակն առաջիկա մրցաշրջանի համար
Տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կբարձրանա
Ամբրոզիոն` տպավորիչ սև զգեստով և ադամանդե զարդերով
Երևանը կարդում է
imID համակարգում խափանում է արձանագրվել․ ՊԵԿ