Բելգիացի հայ մարզիչը մեծ պատիվ կհամարի Հայաստանի հավաքականը մարզելու հնարավորությունը
Բելգիական ֆուտբոլում իր հաստատուն տեղն ունեցող հայ մարզիչ Հայկ Միլկոնն այն մարդկանցից է, որոնց համար մասնագիտական ճանապարհն անբաժան է ինքնությունից, արժեքներից ու հայրենասիրությունից։ Նրա պատմությունը ոչ միայն սպորտի բնագավառում աճի մասին է, այլև այն մասին, թե ինչպես կարելի է օտար միջավայրում կայանալ՝ չկորցնելով սեփական լեզուն, մշակույթն ու հայկական դիմագիծը։
Հայկ Միլկոնի ծնողները սիրիահայեր են, ինքն էլ ծնվել է Լիբանանում, բայց կյանքի մեծ մասն անցկացրել է Բելգիայում։ Այս բազմաշերտ կենսագրության հիմքում, սակայն, միշտ անսասան է մնացել հայկական ինքնությունը։ Նրա հայրը եկեղեցական է, մայրը՝ նվիրյալ հայուհի, որը մեծ դեր է ունեցել երեխաների դաստիարակության, հայկական արժեքները փոխանցման ու լեզվի պահպանման գործում։ Հենց այս ընտանեկան միջավայրում էլ ձևավորվել են Հայկ Միլկոնի արժեքները, հավատքը, հայրենասիրությունն ու աշխարհայացքը։
Հայկը 32 տարեկան է, սակայն ֆուտբոլի աշխարհում արդեն շուրջ 17 տարվա փորձ ունի։ Ֆուտբոլով սկսել է զբաղվել շատ վաղ տարիքից՝ սկզբում որպես ֆուտբոլիստ։ Շուտով, սակայն, հստակ գիտակցել է, որ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալու համար անհրաժեշտ որակները չունի։ Այդ գիտակցումը հեշտ չի եղել, բայց հենց այդ ազնիվ ինքնաճանաչողությունն է դարձել նրա հետագա հաջողության հիմքերից մեկը։ Դեռ 15 տարեկանում, երբ խաղում էր իր ակումբում, նրան առաջարկել են օգնել փոքրերի թիմերում՝ որպես մարզիչ։ Երեխաների հետ աշխատանքը նրան հաճույք է պատճառել, և հենց այդտեղից էլ ծնվել է միտքը, որ իր իսկական ճանապարհը կարող է լինել մարզչական աշխարհում։
Այսօր Հայկ Միլկոնը վստահ ասում է, որ իր անցած ճանապարհը սկսվել է ամենացածր աստիճանից։ Նա աշխատել է ամենափոքր տարիքի երեխաների հետ, անցել է դասընթացներ, կատարելագործվել ու քայլ առ քայլ բարձրացել տարիքային և մասնագիտական բոլոր աստիճաններով։ Նրա խոսքով՝ գրեթե յուրաքանչյուր 2 տարին մեկ նոր մակարդակի է հասել՝ մշտապես առաջ գնալով։ Այդ ընթացքի մեջ նա աշխատել է տարբեր պաշտոններում, եղել է նաև «Զավենթեմ» ակումբի գլխավոր մարզիչը, ինչպես նաև ակումբի ղեկավար կազմի կարևոր խորհրդատուներից մեկը։
Սակայն իր կայացման գլխավոր հանգրվանը համարում է Բելգիայի առաջատար ակումբներից մեկը՝ «Բրյուգե»-ն։ Նրա համար «Բրյուգե»-ն ոչ միայն ակումբ է, այլև ինստիտուտ, որտեղ ինքը իսկապես ձևավորվել և հասունացել է որպես մասնագետ։ Նա առանձնահատուկ է գնահատում այդ ակումբի արժեքները՝ պրոֆեսիոնալիզմը, կարգապահությունը, սահմանած բարձր նշաձողը և մշտապես առավելագույնին ձգտելու մթնոլորտը։ «Բրյուգե»-ում նա անցել է տարբեր պաշտոններով՝ աշխատելով երկրորդ թիմում, հետո որոշ ժամանակ նաև գլխավորելով այն, իսկ վերջում դառնալով գլխավոր թիմի օգնական մարզիչ։ Այդ փուլում ակումբը մեծ հաջողություններ է գրանցել՝ նվաճել է Բելգիայի գավաթն ու սուպերգավաթը, բարձր մակարդակի ելույթներ ունեցել Չեմպիոնների լիգայում։
Այդուհանդերձ, Հայկ Միլկոնը կարևորում է ոչ միայն մեծ ակումբում աշխատելու փորձը, այլ նաև գլխավոր մարզիչ լինելու պատասխանատվությունը։ Երբ նրան հնարավորություն է տրվել գլխավորելու «Տենդեր» ակումբը, նա ընդունել է առաջարկը՝ գիտակցելով, որ դա շատ լուրջ փորձություն է լինելու։ Թեև թիմը դժվար վիճակում էր և միավորներով հետ էր մնում, նա այդ քայլը համարել է ճիշտ որոշում, որովհետև այնտեղ տեսել է հնարավորություն աշխատելու իր պատկերացրած պրոֆեսիոնալ ձևով։ Նրա համար այդ վեց ամիսները չափազանց արժեքավոր են եղել. գլխավոր մարզիչ լինելը նշանակում է ամեն օր տասնյակ որոշումներ կայացնել, աշխատել 30-35 ֆուտբոլիստի հետ, մոտիվացնել, հույս ներշնչել, ուղղորդել։ Թեև արդյունքները վերջնականապես չարտացոլեցին թիմի ներուժը, նա համոզված է՝ եթե ժամանակը հետ գնար, նույն որոշումը կրկին կկայացներ։
Սակայն Հայկ Միլկոնի պատմությունը միայն ֆուտբոլի մասին չէ։ Նրա կյանքում մեծ տեղ է զբաղեցնում հայկական ինքնությունը։ Նա շեշտում է, որ հայրենասիրությունը իրենց ընտանիքում միշտ պահպանվել է։ Մայրը հատուկ կարևորել է, որ երեխաները մեծանան հայկական արժեքներով, խոսեն հայերեն, ճանաչեն իրենց արմատները։ Թեև առօրյայում ավելի հեշտ էր անցնել հոլանդերենի, ընտանիքում մշտապես զգացվել է, որ լեզուն և ինքնությունը պահպանելը կենսական նշանակություն ունեն։ Հայկ Միլկոնի խոսքով՝ այն ամենը, ինչ այսօր կարողացել է անել ֆուտբոլի աշխարհում, անում է նաև այն գիտակցությամբ, որ առաջնորդվում է որպես հայ, որպես հայի զավակ, և փորձում է իր օրինակով օգտակար լինել թե՛ հայ երիտասարդներին, թե՛ միջազգային միջավայրում աճող այլ սերունդների։
Նրա կյանքում մեծ դեր է ունեցել նաև երաժշտությունը։ Մանկությունից նա ապրել է երաժշտական մթնոլորտում. նրա հայրը երգել է, նվագել տարբեր գործիքներ, իսկ նա հետաքրքրությամբ հետևել է և փորձել կրկնել։ Սովորել է երաժշտական դպրոցում, ջութակ է նվագել, երգել է, ունեցել է նաև օպերային ձայն։ Թեև հետագայում երաժշտությունը չի դարձել մասնագիտություն, այն մնացել է նրա կյանքի կարևոր բաղադրիչներից մեկը։
Հայկ Միլկոնը նաև լեզուներ սովորելու բացառիկ ընդունակություն ունի։ Նա խոսում է 9 լեզվով՝ տարբեր մակարդակներով, և հույս ունի ապագայում սովորել նաև 10-րդը։ Լեզուների իմացությունը նրա համար պարզապես հաղորդակցության միջոց չէ, այլ նաև մարդկանց հասկանալու, միջավայրին հարմարվելու և կամուրջներ կառուցելու հնարավորություն։ Նա կարողանում է գտնվել տարբեր միջավայրերում, հասկանալ մարդկանց սպասումները, նրանց մշակութային կոդերը և այդ կերպ ավելի արագ ընդունվել ու հարգանք վայելել։ Բայց այս հարմարվողականությունը երբեք չի նշանակում ինքնության կորուստ։ Ընդհակառակը՝ նա ասում է, որ որևէ միջավայրից դուրս գալու պահին վերադառնում է իր հայեցի կենցաղին։
Նրա ինքնության կարևորության մասին է խոսում նաև այն մատանին, որը նա պատրաստել է տվել իր համար։ Մատանու վրա Հայաստանի գերբն է, «է» տառը, որը խորհրդանշում էությունը, Քրիստոսի փշե պսակը և իր անվան առաջին տառը։ Դա, ըստ նրա, իր հայրենասիրության վառ արտահայտություններից մեկն է։ Նա մշտապես փորձել է մտածել, թե ինչ կարող է անել Հայաստանի և հայ ժողովրդի համար։ Թեպետ տարբեր հանգամանքների պատճառով այդ ճանապարհը միշտ հեշտ չի եղել, նա չի դադարել փնտրել օգտակար լինելու ճանապարհներ։ Արդեն նախատեսված է նաև մասնակցություն Հայաստանում իրականացվող մասնագիտական ծրագրերի, որտեղ նա հանդես է գալու որպես խոսնակ և փորձելու է իր գիտելիքով օգնել տեղական ֆուտբոլային միջավայրին։
Հայաստանի հետ կապը նրա համար զգացականից շատ ավելին է։ Չնայած ծնողները մեծացել են Սիրիայում, իսկ ինքը ծնվել է Լիբանանում՝ Հայկ Միլկոնի համար հայրենիքը միայն Հայաստանն է։ Նա խոստովանում է, որ, ցավոք, բավականին ուշ է առաջին անգամ այցելել Հայաստան՝ 2010-2011 թվականներին, սակայն այդ այցը շատ տպավորիչ է եղել։ Արարատը տեսնելը, հայերենով շփվելը, հայկական եկեղեցիների ու միջավայրի մեջ լինելը նրա համար խորքային փորձառություն են դարձել։ Տարիների ընթացքում այդ կապը ավելի է ամրացել նաև կենցաղային մակարդակում՝ պայմանավորված հատկապես այն հանգամանքով, որ նրա կինը, ինչպես նաև եղբոր կինը Հայաստանից են։
Ընտանիքն ընդհանրապես առանցքային տեղ ունի նրա արժեքային համակարգում։ Նա առանձնահատուկ երախտագիտությամբ է խոսում իր մոր մասին, որը մեծ ազդեցություն է ունեցել իր դաստիարակության վրա։ Քանի որ հայրը հաճախ բացակայել է իր հոգևոր ծառայության պատճառով, մայրը ոչ միայն հոգացել է չորս երեխաների առօրյան, այլև ամեն օր նրանց փոխանցել է հայեցի ու քրիստոնեական արժեքներ՝ պատմությունների, աղոթքների, գրքերի և սովորությունների միջոցով։ Այդ ամենը խորը հետք է թողել նրա աշխարհընկալման վրա։
Հայկ Միլկոնը համոզված է, որ լեզուն ինքնության պահպանման հիմնական հիմքերից է։ Նա ցանկանում է, որ իր երեխաները լիարժեք հայերեն խոսեն, մեծանան հայկական արժեհամակարգով։ Այդ պատճառով նույնիսկ ընտանիք կազմելու հարցում իր համար կարևոր էր, որ կողակիցը հայ լինի՝ հասկանալով, որ իր աշխատանքի բնույթով ինքը հաճախ բացակայելու է, և ընտանիքում պետք է լինի մեկը, ով կկարողանա երեխաներին փոխանցել լեզուն, մշակույթն ու հայեցի մտածելակերպը։
Մարզչական աշխատանքի ընթացքում էլ նա ձգտել է փոխանցել ոչ միայն ֆուտբոլային գիտելիք, այլև արժեքներ։ Բելգիացի սաների հետ աշխատելիս՝ կարևորել է այնպիսի պարզ, բայց հիմնարար բաներ, ինչպիսիք են բարևելը, աչքերի մեջ նայելը, մեծերին հարգելը, քաղաքակիրթ շփումը։ Նա փորձել է նաև այլազգի երեխաներին հուշել, որ նրանք պետք է պահպանեն իրենց ինքնությունը, լեզուն ու մտածելակերպը, բայց միաժամանակ հարգեն այն երկրի կանոններն ու մշակույթը, որտեղ ապրում են։ Այդ հավասարակշռությունն, ըստ նրա, կարևորագույն պայման է թե՛ անձնական կայացման, թե՛ հասարակության մեջ ընդունված լինելու համար։
Չնայած նա ուշադիր հետևում է Հայաստանի ֆուտբոլային իրականությանը՝ Հայաստանում ակումբային կարիերայի մասին երբեք չի մտածել։ Բայց Հայաստանի ազգային հավաքականը մարզելու գաղափարը համարում է մեծագույն պատիվ։ Նրա համար դա կլինի ոչ միայն մասնագիտական, այլև ազգային ու անձնական նշանակության իրադարձություն։
Երիտասարդ սերնդին Հայկ Միլկոնի խորհուրդը պարզ է, բայց խորքային. եթե սիրում եք որևէ գործ և զգում եք, որ դրա մեջ ուժեղ եք, պետք է համառությամբ գնաք առաջ։ Այդ ճանապարհին անխուսափելի են զրկանքները, ընկերների հետ հանդիպումներից, ժամանցից, նույնիսկ որոշ հաճույքներից հրաժարվելը։ Ինքը հենց այդպես է ապրել՝ տարիներ շարունակ ամբողջովին նվիրվելով ֆուտբոլին։ Նրա մյուս կարևոր պատգամը վերաբերում է լեզվի ու ինքնության պահպանմանը։
Հայկ Միլկոնի կերպարը հենց այդ ամենի մեջ է ամբողջանում՝ որպես ժամանակակից հայ մասնագետ, որը կարողացել է եվրոպական ֆուտբոլում կայանալ ոչ թե իր արմատներից հրաժարվելով, այլ դրանց վրա ամուր կանգնած։ Նրա ուղին ապացույց է, որ ինքնությունը կարող է ոչ թե խոչընդոտել, այլ ուժ տալ, և որ հաջողությունը առավել արժեքավոր է, երբ այն կրում է նաև ազգային ու համամարդկային բովանդակություն։
Լուսանկարները և նյութը՝ armenpress


















































Կանգնած ենք վարորդների կողքին
Երևանում 18-ամյա երիտասարդը բանկում ձևակերպել է ոսկու գրավով վարկ․ ոսկին կեղծ է եղել
Դպրոցներում՝ բջջային հեռախոսների արգելքի արդյունքները
Կադաստրի կոմիտեի անունից քաղաքացիներին ուղարկվել են այլ կայքերի հղումներ պարունակող SMS հաղորդագրութ...
ՆԳ նախարարը ծանոթացել է Սևանի ջրափրկարարական ջոկատի վարչական նոր համալիրի շինաշխատանքներին և նավամատ...
Կնոջ մահվան պատճառը բժշկական միջամտությունն է, ոչ թե ոստիկանների բռնությունը
Գազամատակարարման դադարեցում՝ Օձուն բնակավայրում
Շենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալել են դանակի սպառնալիքով բանկի աշխատակցից գումար պահանջած ...
Էնդրյու Ռոբերտսոնը կավարտի իր ելույթները «կարմիրների» կազմում
Գավառ-Երևան երթուղին կսպասարկվի նոր տրանսպորտային միջոցներով