Իրական հաշտեցման հասնելու համար Ադրբեջանում պահվող 19 հայերը պետք է ազատ արձակվեն. ԱԺ նախագահի ելույթը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի ընդհանուր քննարկումներում։
«Տիկի՛ն նախագահող,
Ձե՛րդ գերազանցություններ,
Հարգելի՛ գործընկերներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Ինձ համար մեծ պատիվ է ընդունել Թուրքիայի հրավերը և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի անունից հանդես գալ Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովում: Կցանկանայի նշել, որ քննարկվող՝ «Հույսի սերմանում, խաղաղության ապահովում և արդարության երաշխավորում ապագա սերունդների համար» թեմայի կարևորությունը դժվար է գերագնահատել: Թույլ տվեք ասել մի ակնհայտ ճշմարտություն. ծաղկող ներկան և ապագան կառուցվում են հույսի, խաղաղության և արդարության հիմքերի վրա:
Հայաստանի դեպքում հենց այս գաղափարն է ձևավորում մեր քաղաքականությունը և ուղղորդում մեր գործողությունները: Մենք ձգտում ենք այնպիսի ապագայի, որտեղ բոլորը կունենան սոցիալական և տնտեսական բարեկեցության հավասար հնարավորություններ:
Բայց ո՞վ է պարզապես երազում ավելի լավ ապագայի մասին և ո՞վ է իրականում այն կերտում: Ապագա սերունդները չեն կարող կառուցել այն աշխարհը, որը ժառանգելու են: Լավագույն դեպքում նրանք կարող են միայն վստահել մեզ, որ մենք խոհեմորեն գործենք իրենց անունից:
Հույսը պահպանում է արդարության հանդեպ մեր ձգտումը և վստահելու կարողությունը: Մեր այսօրվա գործողությունները պետք է ծառայեն այդ վստահության կառուցմանը: Գալիք սերունդները պետք է հավատան, որ խաղաղությունը, որը մենք այսօր կառուցում ենք, տևական է:
Չսխալվեք. մեր աշխարհի ճեղքերը խոր ու լուրջ են: Մենք խորապես մտահոգված ենք Իրանում ստեղծված իրավիճակով, և իմ աղոթքներն ուղղված են Իրանի ժողովրդին: Լիբանանի ճգնաժամը եւս չի կարելի անտեսել: Անշուշտ, մեր առջև ծառացած փորձությունը ծանր է: Սակայն ո՞վ, եթե ոչ մենք, ունենք ուժ և բարոյական պարտավորություն՝ բուժելու մեր աշխարհը:
Հայաստանը լիովին ընդունում է իր այդ պատասխանատվությունը:
2025 թվականին Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի առաջնորդների կողմից ստորագրված համաձայնագրից հետո մեր տարածաշրջանում խաղաղություն է տիրում: Սա, իրապես, մեծագույն նվաճում է: Սակայն մեր տեսլականն ավելի լայն է: Մենք հրավիրում ենք Թուրքիային դառնալու գործընկեր և միանալու մեզ խաղաղության կտավը հյուսելու գործում: Այս նպատակով մենք պատրաստ ենք խորացնել մեր հարաբերությունները Թուրքիայի հետ:
Տասնամյակների անվստահությունից ու թշնամանքից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ձևավորման նոր դարաշրջան է սկսվել: Այս առաջընթացն ամրապնդելու ջանքերն այժմ ուղղված են հաղորդակցությունների ամրապնդմանը և տեղում խաղաղությունն արդյունավետորեն իրականության վերածելու ապահովմանը:
«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի իրականացումը եւս մեկ կարևոր հանգրվան է: Այս նախաձեռնությունը նպատակ ունի միաժամանակ զարգացնելու տարածաշրջանային կապերը և ընդլայնելու միջազգային առևտրային ուղիները:
Հիմնված լինելով ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավասության սկզբունքների վրա՝ ԹՐԻՓՓ-ն ունի Հարավային Կովկասում և դրա սահմաններից դուրս կայունությունը, տնտեսական համագործակցությունը և բարգավաճումը խթանելու ներուժ:
Կարգավորման հուսադրող նշաններն անհերքելի են: Տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև առևտուրը սկսել է ձևավորվել: Ադրբեջանական ապրանքների ներմուծումը Հայաստան խորհրդանշական և գործնական քայլ է տնտեսական կապերի վերականգնման տեսանկյունից: Սրանք խաղաղության արդյունքներն են՝ շոշափելի բարելավումներ, որոնք անմիջականորեն օգուտ են բերում մեր ժողովրդին:
Միևնույն ժամանակ, դեռևս առկա են լուրջ մարդասիրական խնդիրներ, որոնք պետք է լուծվեն: Վստահության ամրապնդումը շարունակելու և իրական հաշտեցման հասնելու համար Ադրբեջանում պահվող 19 հայերը պետք է ազատ արձակվեն և վերամիավորվեն իրենց ընտանիքների հետ, իսկ անհետ կորած մյուս անձանց ճակատագրերը պետք է պարզվեն:
Հարգելի՛ գործընկերներ,
Հիմա առաջնահերթությունները սահմանելու ժամանակն է, և ապագա սերունդների բարօրության համար մենք դրանք պետք է ընտրենք իմաստուն կերպով: Եվ ովքե՞ր են հաջորդ սերունդները: Նրանք մեր երեխաներն ու թոռներն են: Մեր սուրբ պարտականությունն է արժանի լինել նրանց՝ թողնելով ոչ թե պատերազմի, այլ խաղաղության ժառանգություն:
Շնորհակալություն»,- ասել է Սիմոնյանը:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Ա․ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլի մարզային համերգները
Վենսը՝ նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին. Մենք Ուշայի հետ դա կքննարկենք միջանկյալ ...