Վարչապետը ներկա է գտնվել «ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի» հիմնարկեքի արարողությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի» (EUCC) հիմնարկեքի արարողությանը։
Այն կառուցվում է Երևանի Հրազդանի կիրճի մոտակայքում՝ գործող Թումո կենտրոնի անմիջական հարևանությամբ։ 18.000 մ² ընդհանուր մակերես զբաղեցնող շենքը նախագծել է աշխարհահռչակ MVRDV ճարտարապետական ընկերությունը։ Համալիրը կներառի Թումո լաբեր՝ կրթական, ինժեներական և ինկուբացիոն ծրագրերով, 42 Երևան՝ ֆրանսիական ծրագրավորման դպրոցի տեղական մասնաճյուղ, հետազոտական և կիրառական լաբորատորիաներ, համատեղ աշխատանքի և համաֆինանսավորման հարթակներ, կոնֆերանս կենտրոն և բիզնես տարածքներ։
Նախագիծն իրականացվում է ՀՀ Կառավարության՝ Հայաստանում տեխնոլոգիական կրթության զարգացման բարեփոխումների ընդհանուր տրամաբանությամբ։ Ծրագրի արժեքը 42,5 մլն եվրո է, որի 12,5 մլն եվրոն Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև կնքված «ԵՄ-ն հանուն նորարարության» ծրագրի շրջանակում «Սիմոնյան» կրթական հիմնադրամին ԵՄ–ի տրամադրած դրամաշնորհն է։ EUCC-ի կառուցումը կնպաստի Հայաստանի՝ որպես տեխնոլոգիական և ինժեներական կենտրոն դիրքի բարձրացմանը։ Արդյունքում, ըստ պատասխանատուների, կձևավորվի տարածաշրջանի եզակի STEM հանգույց, կստեղծվեն ներդրումային և բիզնես համագործակցության նոր հնարավորություններ, կապահովվի համաշխարհային չափանիշներին համապատասխան կրթություն և փորձառություն։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և շնորհակալություն հայտնել նախագիծն իրականացնողներին՝ ԵՄ գործընկերներին, Թումո կենտրոնին, նախագծի հեղինակին: Վարչապետն իր խոսքում անդրադարձել է ժողովրդի և ապագայի միջև առկա տարածությանը և նշել, որ այն հաղթահարելու համար ապագան պետք է բերել և տեղադրել այսօրվա մեջ, որովհետև եթե ապագան այսօրվա մեջ չէ, այն գործնականում գոյություն չունի: «Սա շատ կարևոր արձանագրում է, և մեր մտածողության մեջ ամենաշատը դա է փոխվում, որ ապագան ինչ-որ հեռու մի տեղ չէ, ապագան այսօր է, որովհետև այսօր ինչ ապագա մենք ստեղծում ենք, այդ ապագան էլ գոյություն կունենա»,- ասել է երկրի ղեկավարը:
Նիկոլ Փաշինյանն արձանագրել է՝ այսօր Հայաստանի Հանրապետությունում լավ կյանքը հասանելի է. «Լավ կյանքը հասանելի է բոլոր այն մարդկանց համար, ովքեր կարող են և ուզում են ընթանալ կրթության ճանապարհով, ընդ որում՝ անկախ տարիքից: Եվ ընդհակառակը՝ անհասանելի է ցանկացած մարդու համար, ով լավ կյանք տանող ճանապարհին չի որդեգրում կրթությունը»:
Ամփոփելով վարչապետն ընդգծել է՝ այս նախագիծը լավ և գեղեցիկ կյանքի մասին է և ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել նրանց, ովքեր կառուցում են այդ ճանապարհը և նրանց, ովքեր ոտք են դնելու այդ ճանապարհին։
2020 թ.–ից Թումո լաբերն ու 42 Երևանը հազարավոր շահառուների են տրամադրել նորարարական կրթություն և իրականացրել ավելի քան 55 նախագիծ տեղական և միջազգային ընկերությունների հետ՝ ձևավորելով գիտելիքի փոխանցման և տեխնոլոգիական արտադրանքի զարգացման գործուն միջավայր։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար