ԵԽ գլխավոր քարտուղարը Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրման համար որևէ խոչընդոտ չի տեսնում
ԵԽ գլխավոր քարտուղարը նման հայտարարություն է արել «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում՝ անդրադարձ կատարելով Հարավային Կովկասում տիրող իրավիճակին՝ մասնավորապես Հայաստան-Ադրբեջան խաղաղության շուրջ բանակցային գործընթացին, ինչպես նաև Հայաստանի ու Եվրոպայի խորհրդի միջև հարաբերություններին վերաբերող մի շարք հարցերի:
-Վերջերս Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարեցին խաղաղության համաձայնագրի նախագծի մշակումն ամբողջականացնելու և դրա շուրջ բանակցություններն ավարտելու մասին։ Սակայն, երբ Հայաստանը հայտարարեց, որ պատրաստ է ստորագրել համաձայնագիրը, Ադրբեջանը կրկին սկսեց առաջ քաշել նոր նախապայմաններ՝ կապված ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման և Հայաստանի Սահմանադրության դրույթների հետ: Ընդհանուր առմամբ, ինչպե՞ս է գնահատում Եվրոպայի խորհուրդը ստեղծված իրավիճակը, որքանո՞վ եք հավանական համարում, որ համաձայնագիրը կստորագրվի մոտ ապագայում, և ի՞նչ ներդրում կարող է ունենալ Եվրոպայի խորհուրդը Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատման գործում:
-Նախևառաջ, կարող եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ ինձ և Եվրոպայի խորհրդի համար կարևոր կլինի, որ խաղաղության համաձայնագիրը ստորագրվի հնարավորինս շուտ։ Այն պատրաստ է։ Սա նաև խաղաղության համաձայնագիրը քննարկող բոլոր մասնակիցների կողմից արված ուժեղ քայլ է՝ խաղաղության համաձայնագրի պայմանների շուրջ համաձայնության գալու համար։ Եվ այս պահին ես որևէ պատճառ չեմ տեսնում, թե ինչու հնարավոր չպետք է լինի շուտափույթ ստորագրել այս խաղաղության համաձայնագիրը։ Դա լավ կլինի բոլոր երկրների համար։ Դա լավ կլինի տարածաշրջանի համար, քանի որ մեզ և ձեզ անհրաժեշտ է կանխատեսելիություն և կայունություն տարածաշրջանում, քանի որ դա բնակչությանը լավ հեռանկար առաջարկելու լավագույն միջոցն է։ Սա նաև լավագույն միջոցն է՝ պատրաստ լինելու դիմակայելու այն մարտահրավերներին, որոնց մենք ականատես ենք լինում հենց հիմա համաշխարհային աշխարհաքաղաքականության մեջ։ Եվ ինչպես տեսնում ենք, եթե հնարավոր լինի այս քայլը կատարել, դա իսկապես հսկայական և շատ դրական նվաճում կլինի ամբողջ տարածաշրջանի համար։
Ինչ վերաբերում է նրան, թե ինչ կարող է անել Եվրոպայի խորհուրդն այս առումով, ապա երկու երկրներն էլ անդամակցում են մեզ տարիներ շարունակ։ Եվ դա նշանակում է, որ մենք կապի մեջ ենք երկու երկրների հետ։ Ես ինքս հնարավորություն ունեցա հանդիպումներ ունենալ նաև նախագահ Ալիևի հետ և անդրադառնալ այդ հարցին։ Եվ կարծում եմ, որ Եվրոպայի խորհուրդը կարող է աջակցել գործընթացին։ Մենք կարող ենք լինել երկրների կողքին։ Եվ մենք կարող ենք նաև խոսել այլ գործընկերների հետ։ Ես ինքս շփումներ ունեցա Թուրքիայի հետ, որը կարևոր հարևան է ամբողջ տարածաշրջանի համար, ասելով նրանց, որ դա կարևոր կլինի Եվրոպայի, բայց, հավանաբար, նաև Թուրքիայի համար։ Ահա թե որտեղ մենք կարող ենք օգնել բարեկամական աջակցությամբ, որը կարող ենք տրամադրել։ Նաև միշտ ընդգծում եմ, թե որքան կարևոր է Հարավային Կովկասը աշխարհի համար, ակնհայտորեն նաև Եվրոպայի և ամբողջ մայրցամաքի համար։
Ահա թե ինչու եմ ես ներկա այս տարածաշրջանում, ահա, թե ինչու եմ ես այդքան ակտիվորեն ներգրավված այդ բոլոր քննարկումներում։ Կարծում եմ, որ սա լավ միջոց է որոշակի առաջընթաց գրանցելու համար, որպեսզի Հարավային Կովկասը և երկրները, երկրների առաջնորդները հասկանան, որ մենք անտարբեր չենք այստեղ տեղի ունեցողի նկատմամբ։ Մենք հետաքրքրված ենք տեսնել առաջընթաց։ Եվ մենք նաև ջանք ենք գործադրում և օգնում այնտեղ, որտեղ հնարավոր է որոշակի առաջընթաց ունենալ, որովհետև դա հենց այն է, ինչ մենք կարող ենք անել։ Նաև օգտագործում ենք Ստրասբուրգի ինստիտուտները։ Ստրասբուրգում մենք ունենք 46 անդամ պետություններ, որոնք ներկայացված են դեսպաններով և իրենց թիմերով։ Հայաստանն ունի ուժեղ ներկայացուցչություն Ստրասբուրգում։ Ադրբեջանն ու Վրաստանը նույնպես ներկա են, և դա մեզ լավ առիթներ է տալիս խոսելու և միասին աշխատելու համար։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...