ԵՄ դիտորդների ներկայության պայմաններում Ադրբեջանը կորցնում է Հայաստանին սեփական պայմանները թելադրելու լծակները․ Շվեդիայի խորհրդարանի հայ պատգամավոր
Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության գործունեության շուրջ Ադրբեջանից հնչող մեղադրանքները պայմանավորված են այն հանգամանքով, որ հայ-ադրբեջանական սահմանին դիտորդների առկայության պարագայում Բաքուն կորցնում է սեփական պայմանները թելադրելու լծակները։
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Շվեդիայի խորհրդարանի հայ պատգամավոր Արին Կարապետը՝ անդրադառնալով Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության իրականացրած գործունեության շուրջ Ադրբեջանում առկա մշտական դժգոհություններին և այդ համատեքստում Հայաստանին ուղղված մեղադրանքներին։
«Իմ կարծիքով Ադրբեջանի դժգոհությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ ԵՄ դիտորդների առկայության պարագայում Բաքուն կորցնում է սեփական պայմանները թելադրելու լծակները։ Հայաստանի համար առաքելության աշխատանքը կարևոր է, քանի որ դրանով Երևանն աշխարհին ցույց է տալիս, թե ով է իրականում խախտում հրադադարը»,-ընդգծել է պատգամավորը։
Արին Կարապետն, անդրադառնալով Հայաստանի Հանրապետությունում արդեն երկու տարուց ավելի գործունեություն ծավալող Եվրոպական միության դիտորդական առաքելության մանդատի ժամկետը ևս 2 տարով երկարաձգելու մասին Եվրոպական խորհրդի որոշմանը, նշեց, որ Բրյուսելի կողմից ընդունած այդ որոշումը չափազանց կարևոր է՝ հատկապես հաշվի առնելով դիտորդական առաքելության դերակատարումը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում։
«Կարծում եմ, որ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն արդյունավետ մեխանիզմ է նաև տարածաշրջանում երկարաժամկետ փոխադարձ վստահության կառուցման տեսանկյունից»,-ընդգծել է Արին Կարապետը։
Նրա համոզմամբ՝ ԵՄ դիտորդական առաքելության մանդատի երկարաձգումը շատ կարևոր է նաև հենց Հայաստանի համար՝ որպես ազատ, ժողովրդավարական երկիր։
«Բացի այդ, Հայաստանն այդ առաքելության և վերջինիս պարեկությունների միջոցով կարող է ինչ-որ չափով ապահովել կայունություն իր սահմաններին»,-շեշտել է պատգամավորը՝ վերահաստատելով այն միտքը, որ առաքելության կատարած աշխատանքը կարևոր է ինչպես Հայաստանի, այնպես էլ հենց Հարավային Կովկասի համար։
Անդրադարձ կատարելով այն հանգամանքին, որ Ադրբեջանը ԵՄ առաքելությանը մեղադրում է լրտեսական գործողություններ իրականացնելու մեջ՝ Շվեդիայի խորհրդարանի պատգամավորը նկատել է, որ առաքելությունը քաղաքացիական բնույթ է կրում, ուստի նրանց ուղղված ադրբեջանական մեղադրանքները տեղին չեն։
«Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը քաղաքացիական է, որի նպատակն է ապահովել սահմանների անվտանգությունը, բարձրացնել կողմերի միջև վստահությունը և անվտանգության զգացումը սահմաններին մոտ բնակվող քաղաքացիների շրջանում, ինչպես նաև հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերջնակետին՝ խաղաղության պայմանագրին»,-նշել է Արին Կարապետը։
Պատգամավորն անդրադարձել է նաև Ադրբեջանից հնչող հայտարարություններին, թե Հայաստանը չպետք է սպառազինություն ձեռք բերի։
Նրա խոսքով՝ Բաքուն իրավունք չունի նմանատիպ մեղադրանքներ հնչեցնել, քանի որ սեփական անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացվող քայլերը ցանկացած ինքնիշխան պետության, այդ թվում՝ Հայաստանի իրավունքն է։
«Պաշտպանական սպառազինության ձեռքբերումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան իրավունքն է՝ պաշտպանելու համար սեփական տարածքային ամբողջականությունը։ Հայաստանի իրավունքն է նաև սեփական բանակի վերափոխումը և դրանում բարեփոխումների իրականացումը»,-նշել է Արին Կարապետը։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...