Արայիկ Հարությունյանն այսօր Ադրբեջանի բանտում է, որովհետեւ ինքը շատ ավելի բան գիտի․ Արթուր Խաչատրյան
Այս իշխանությունները կատարում են Ալիևի բոլոր պահանջը, Ադրբեջանը պահանջել է մոռանալ Արցախը, իրենք էլ մոռանում են և դրա համար ի՞նչ պետք է անեն՝ Արցախի բոլոր կառույցները լուծարեն, որովհետև Ադրբեջանը կարող է ասել, որ դա ռևանշ է: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Երբ լրագրողներն ասացին, որ հունվարի 1-ից Արցախը լուծարվելու է, պատգամավորը հակադարձեց՝ նշելով, որ որևէ նախագահ կամ պետական պաշտոնյա չի կարող Արցախի Հանրապետությունը լուծարել:
«Երեկվա հայտարարությունը բավականաչափ հստակ էր, ասվեց, որ այդ թուղթը ստորագրել է, որովհետև ադրբեջանցիները սպառնում էին մտնել քաղաք՝ Ստեփանակերտ և հավանաբար բոլորս ենք հասկանում, թե ինչ տեղի կունենար, եթե հազարավոր բնակիչ ունեցող Ստեփանակերտում քաղաքային մարտեր սկսեին։ Դա պարտադրված քայլ էր Արցախի Հանրապետության նախագահի կողմից: Կարծում եմ՝ իրենք ավելի հստակ կասեն, որ այդ թուղթն առոչինչ է: Այլ բան, որ ՀՀ իշխանությունները հավանաբար դրան դրական չվերաբերվեն։ Արցախի ժողովուրդն էլ ասում է, որ ես տեր եմ իմ՝ հայաթափված ու բռնազավթված հայրենիքին»,- ընդգծեց պատգամավորը։
Անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի այն հայտարարությանը, թե իր անձնական թշնամիներն են բոլոր այն մարդիկ, որոնք ասում են՝ Արցախի Հանրապետության պետական ինստիտուտները պետք է գործեն ՀՀ տարածքում, քանի որ դրանով առիթ են տալիս Ադրբեջանին խաղաղության պայմանագիրը չստորագրելու, Արթուր Խաչատրյանը պատասխանեց․ «Ամեն մարդ ինքն է իր անձնական թշնամիներին ընտրում: Ես այն մեկն եմ, որը համարում է, որ Արցախի իշխանությունները պետք է գործեն, Արցախի Հանրապետության ժողովուրդը պետք է ունենա լիազոր ներկայացուցիչ, քանի որ մեր քաղաքական ուժը և մեր հայրենակիցների մի ստվար զանգված, եթե ոչ բացարձակ մեծամասնությունը համարում է՝ Արցախի Հանրապետության էջը փակված չէ:
Եթե մենք համարում ենք, որ Արցախի Հանրապետության էջը փակված չէ, ինչպե՞ս ենք պատկերացնում հետամուտ լինել խնդրին՝ առանց Արցախի ժողովրդի իրավազոր ներկայացուցիչների առկայության, առանց այդ ինստիտուտների կենսագործության»:
ՔՊ-ական պատգամավորը նաև ասել էր, թե եթե Արայիկ Հարությունյանը հրաժարական չտար, ապա Արցախում նման իրավիճակ չէր լինի, Արթուր Խաչատրյանն էլ հակադարձեց. «Ցավն այն է, որ նրանք գիտեն Արցախում ինչ է տեղի ունեցել: Շատ լավ գիտեն, որ արցախցիներից որևէ մեկը Արայիկ Հարությունյանին չի պարտադրել հրաժարական տալ, դա ոչ Արցախից եկած սպառնալիքի հետևանքով է տեղի ունեցել: Ի՞նչ, ուզում են ասեն, որ մենք չմիջամտեցինք Արցախում տեղի ունեցող սպանդին, որովհետև մեզ դուր չի՞ եկել Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Դրանո՞վ են իրենց անգործությունը հիմնավորում: Հայաստանը հանդիսանում է Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը, դրա մասին բազմաթիվ անգամներ ասել է Նիկոլ Փաշինյանը, բազմաթիվ անգամներ ասել են իրենց քաղաքական թիմի ներկայացուցիչները: Եթե չէին հանդիսանալու Արցախի երաշխավորը, թող շուտ ասեին, և Արցախի ժողովուրդն իր գլխի ճարը կփորձեր այլ կերպ տեսնել»:
Իսկ թե ինչպես է տեղի ունեցել Արցախում իշխանափոխությունը, Արթուր Խաչատրյանը կարծում է, որ դա մի օր կբացահայտվի. «Այն, որ Արայիկ Հարությունյանն այսօր Ադրբեջանի բանտում է, դա պայմանավորված է նրանով, որ ինքը շատ ավելի բան գիտի և կարող է պատմի, քան թե այսօրվա իշխանությունները կցանկանային լսել: Խոսքը վերաբերում է նաև մյուս նախագահներին։ Տեսեք, Ադրբեջանի բանտում գտնվում են Փաշինյանի քաղաքական բոլոր հակառակորդները, դա էլ Ադրբեջանի և ՀՀ այսօրվա ղեկավարության միջև հավանաբար ինչ-որ մի պայմանավորված արդյունք է»։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար