«Համայնքապետերն իրար վրա կրակում են, բայց չեն կալանավորվում, իսկ 16 տարեկան երեխան միտինգին իրեն մի քիչ վատ պահելու համար կալանավորվում է»․ Գեղամ Նազարյան
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստում 2024 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը բարձրաձայնեց հարցը, որ կալանավորումը՝ որպես խափանման միջոց, շարունակում է լայն տարածում ունենալ։
«Ակնհայտ դեպքեր կան, երբ կինը գտնվում է քրեակատարողական հիմնարկում եւ առողջության հետ կապված խնդիր ունի, բայց նրա կալանքն էլի չի փոխվում։ Ունենք անչափահաս, որն անհասկանալի պատճառներով ցույցերից շաբաթներ անց ձերբակալվում ու կալանավորվում է։ Քաղաքական կամք չկա՞, պատրաստակամություն չկա՞, խոսքն այն մասին է, որ մարդը մասնակցել է որեւէ ցույցի, ըստ մեղադրական կողմի՝ անկարգության որոշակի դրսեւորում է ունեցել, եւ 2, 4, 6 ամիս մարդը գտնվում է կալանքի տակ։ Ծախսերն անում եք, Հայաստանը ներկայանում է որպես ժողովրդավարություն կառուցող երկիր, բայց այսպիսի ակնհայտ դրսեւորումներ ենք ունենում»,- ասաց Նազարյանը։
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ի պատասխան նշեց, որ կառավարությունն ապահովում է դատական իշխանության համար անկախ եւ ազատ գործելու բոլոր միջոցների իրականացումը։
«Ինչ վերաբերում է Աբովյան քրեակատարողական հիմնարկում գտնվող տիկին Վիրաբյանին (նկատի ունի «առերևույթ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր պարունակող գրառումներ կատարելու» մեղադրանքով կալանավորված Տաթեւիկ Վիրաբյանին), առողջության հետ կապված ունեցել էր ուշագնացություն։ Մեր բուժհաստատության աշխատակիցները տեղ էին հասցրել, եւ ճնշումն էր բարձր, եթե ճիշտ եմ հիշում։ Բոլոր միջոցները ձեռնարկվել են։ Ենթադրում եմ, որ այդ մարդիկ ձեր քաղաքական թիմի անդամներն են, դրա համար եք դուք ուզում այդ քրեաիրավական շղթան փաթեթավորել որպես քաղաքական։
Թույլ տվեք ես չհամաձայնվեմ ձեր գնահատականի հետ, եւ այսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ շատ հաճախ մարդիկ, մեղադրվելով կոռուպցիայի կամ զանգվածային անկարգություններ իրականացնելու մեջ, փորձում են որպես պաշտպանական միջոց՝ հենց իրենց կատարած ենթադրյալ հանցագործությունը փաթեթավորել քաղաքական մոտիվներով։ Ես չեմ գտնում, որ դա այդպես է»,- նշեց արդարադատության նախարարը։
Գեղամ Նազարյանն ասաց, որ խնդիրը քաղաքական թիմի անդամ լինել-չլինելու մեջ չէ։ Կան բազմաթիվ մարդիկ, որոնք քաղաքական որեւէ թիմի անդամ չեն, հանրահավաքներին չեն մասնակցել, այդ մարդիկ նույնպես կալանավորվում են։ «Բա էդ ծախսերը որ անում եք, որ տնային կալանք լինի, չգիտեմ ինչ լինի, էլեկտրոնային ձեռնաշղթա հագցնել, այս ամենից հետո անդադար նման որոշումներ են կայացվում։
Այսօր ինձ մի մարդ խնդրեց տալ այդ հարցը՝ եթե այդ ծախսերն արվում են ու մարդիկ շարունակում են կալանավորված մնալ, եթե պաշտոն զբաղեցնող համայնքապետերը եւ այլոք իրար վրա կրակում են, որից հետո իրենք չեն կալանավորվում, հարց՝ ինչո՞ւ հանրային վտանգ ներկայացնող մարդիկ չեն կալանավորվում, իսկ 16 տարեկան երեխան միտինգին իրեն մի քիչ վատ պահելու համար կալանավորվում է։
Այսպես կայացվում են ակնհայտ անարդար որոշումներ, ո՞վ է պատասխանելու։ Որեւէ դատավոր որեւէ ակնհայտ ապօրինի որոշման համար պատասխան չի տալիս, մեխանիզմ էլ չկա»,- նշեց Նազարյանը։
Գրիգոր Մինասյանն արձագանքեց․ «Ինչո՞ւ են շատ խափանման միջոցները, որովհետեւ նախկինում բազմաթիվ գործեր, որոնք երբեւէ չէին բացահայտվում, այսօր մեր իրավապահ մարմիններն սկսել են ավելի շատ բացահայտել, եւ ավելի շատ հանցագործություններ են ջրի երես դուրս գալիս։ Դրա համար էլ ավելի շատ դատական որոշումներ կան։ Երկրորդ ապացույցը, որ դատարանը գործում է շատ անկախ, դա այն է, որ հենց մեր քաղաքական թիմի ներկայացուցիչներն էլ են կալանավորվում։ Երրորդ ապացույցը՝ ես երեւի առաջին նախարարն եմ այստեղ նստած, որին չեն մեղադրում՝ ինչո՞ւ է գործադիրը ներազդեցություն ունենում։ Կարծում եմ, որ արդեն ակնհայտ է, որ գործադիրը երբեք որեւէ դատավորի չի զանգում, չի ստիպում այս կամ այն գործով որոշում կայացնել։ Եվ այստեղ մենք քննարկում ենք, թե ինչո՞ւ է դատարանն այսպիսի որոշում կայացնում։ Դատավորն իր ներքին համոզմունքով ինքն է որոշում՝ այս մարդը որտեղ գտնվի՝ տնային կալանքում, թե՞ գրավ կիրառվի, թե՞ գնա բանտ՝ մինչեւ իր նկատմամբ դատական վճիռ կկայացվի»։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար