Հայաստանում ավելանում և խորանում են անվտանգության սպառնալիքներն ու դրանց պարբերական դրսևորումները. Թադևոս Ավետիսյան
Ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված տնտեսական դրական ազդեցությունները 2022 թվականին ապահովել են տնտեսական բարձր աճ։ Այս արտաքին պատահական գործոնով պայմանավորված՝ իներցիոն դրական արձանագրում է եղել ներդրումային որոշ ցուցանիշների գծով։ Այս մասին իր հոդվածում նշել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Թադեւոս Ավետիյանը:
Նա նաեւ նշել է. «Ի դեպ՝ հարևան Վրաստանը, չլինելով ԵԱՏՄ անդամ և Ռուսաստանի ռազմավարական գործընկեր, նույն այս գործոնի արդյունքում 2022 թվականին ապահովել է տնտեսական երկնիշ աճ։
Սակայն փաստ է, որ լրացուցիչ պահանջարկի հաշվին արձանագրված տնտեսական բարձր աճը չի կապիտալացվում և չի ավելացնում տնտեսական ներուժն արտահանմանը միտված տնտեսության իրական հատվածում։ Մասնավորապես․
1․ Արդյունաբերության ոլորտի աճը շուրջ 2 անգամ զիջել է տնտեսական միջին աճին, իսկ գյուղատնտեսությունը 2020-2021 թվականների կրճատումից հետո՝ 2022 թվականին արձանագրել է զրոյական աճ։
2․ 2018-2021 թվականներին ներդրումների իրական աճը տարեկան միջինը կազմել է ընդամենը 3,5 տոկոս։ Աճող անվտանգային այսպիսի սպառնալիքների պայմաններում էապես վտանգված է նաև իրական հատվածում ներդրումների ներգրավման հետագա գործընթացը։
3․ 2022 թվականին հիմնական միջոցների համախառն կուտակումը (սա առավելապես է արտահայտում համախառն ներդրումների ցուցանիշը)՝ նախորդ տարվա համեմատ աճել է 16,6 տոկոսով կամ շուրջ 540 միլիոն ԱՄՆ դոլարով և կազմել է ՀՆԱ-ի 17,5 տոկոսը։ Ի դեպ, այս իշխանությունը պարբերաբար խոստանում էր միլիարդավոր դոլարի օտարերկրյա ներդրումներ։
2026 թվականին կառավարության ծրագրային խոստումը՝ ներդրում/ՀՆԱ 25 տոկոս հարաբերակցությունն ապահովելու համար անհրաժեշտ կլինի այս և հաջորդ երեք տարիներին համախառն ներդրումներն ավելացնել տարեկան առնվազն 25 տոկոսով։ Սա հերթական սուտ խոստումն է, որն ի սկզբանե անիրատեսական էր` հաշվի առնելով նախորդ չորս տարիների միտումները (աճի ցուցանիշը եղել է շուրջ 4 անգամ պակաս) և առկա օբյեկտիվ պայմանները (անվտանգային ավելացող սպառնալիքներ և ներդրումային ռիսկերի աճ)։
4․ Առավել հատկանշական է, որ նախորդ տարվա համեմատ 2022 թվականին տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ընդհանուր ներդրումների զուտ հոսքը կրճատվել է 6 տոկոսով կամ շուրջ 32 միլիոն ԱՄՆ դոլարով։ Օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսքի որոշակի առաջանցիկ աճն էլ հիմնականում պայմանավորված է էլեկտրամատակարարման և գազամատակարարման ոլորտներում նախապես ծրագրված և պարբերական բնույթ ունեցող ներդրումներով։
5․ 2023 թվականին արդեն էապես նվազում է տնտեսական ակտիվության աճը՝ 2022 թվականի 14,2 տոկոսից իջել է 10,9 տոկոս, իսկ արդյունաբերության ու գյուղատնտեսության աճերը նորից զրոյական են։
6․ Տնտեսական և ներդրումային իրական ներուժի փոխարեն մեր երկրում կայուն աճում են տնտեսական անվտանգության ռիսկերը՝ առաջացնելով նաև երկարաժամկետ զարգացման անդառնալի կորուստներ։ Փորձ է արվում դրանց պարբերական դրսևորումները թաքցնել «խաղաղության» կեղծ օրակարգի և դրանից բխող տարածաշրջանային «ապաշրջափակման» քողի տակ։
Ամփոփելով․ աշխարհաքաղաքական նոր իրողություններով պայմանավորված Հայաստանում ավելանում և խորանում են անվտանգության սպառնալիքներն ու դրանց պարբերական դրսևորումները։
Օրվա իշխանությունն էլ շարունակում է առաջնորդվել սեփական աթոռն ամեն գնով պահելու իր բացառիկ շահով, իրենից դուրս մեղավորներ գտնելու անպատասխանատու մոտեցմամբ և անսահման պոպուլիզմով, ինչը սկզբունքորեն հակասում է հայ ժողովրդի ազգային շահերին, հայրենիք ունենալու, ինքնիշխան և արժանապատիվ ապրելու մեր բոլոր ձգտումներին։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...