Բացատրական աշխատանք թափառող շների հետ
Երեւանում գնալով ավելանում են ոհմակով շրջող շները: Ոչ բոլորն են հանգիստ անցնում ոհմակների կողքով: Շատերը վախենում են, վախից ագրեսիվ շարժումներ անում գազազացնելով շներին: Քիչ չեն դեպքերը, երբ ինչ-ինչ պատճառներով նախահարձակ են լինում նաեւ շները: Մի խոսքով, շատերն արդեն կասկածում են, որ շները մարդու բարեկամներն են:
Իսկ «նոր» Հայաստանում փոխվել է նաեւ շների կենսակերպը, քանի որ Երեւանում այլեւս աղբ չկա եւ շները, ըստ Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնի ղեկավարի, մի փոքր գազազել են, բացի այդ, մարզերից շատ շներ տեղափոխվել են Երեւան, քանի որ այնտեղ կեր գտնելն արդեն լուրջ խնդիր է:
Եթե հետեւենք ԹԿՎԿ-ի ղեկավարի տրամաբանությանը, ապա այդ նույն շները, որոնք մարզից տեղափոխվել են Երեւան եւ բախվել աղբ չլինել փաստի հետ, շուտով կարող է տեղափոխվեն Ռուսաստան կամ Եվրամիության երկրներ:
Հատուկ ուշադրության է արժանի նաեւ Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնի տարածած հայտարարությունը: Ուշադրություն դարձրեք, թե ինչ մեծ հոգատարությամբ եւ գորովանքով են օգտագործվել մեծատառերը:
«Հարգելի՛ քաղաքացիներ, ելնելով վերջին շրջանում ստացած ահազանգերից` կծման դեպքերի վերաբերյալ, Թափառող Կենդանիների Վնասազերծման Կենտրոն ՀՈԱԿ-ը տեղեկացնում է, որ ձեռնարկվել են օպերատիվ միջոցառումներ ` հայտնաբերելու խնդրահարույց շներին»։
Հիմա պատկերացրեք, թե ինչպես են հայտնաբերվում խնդրահարույց շները: Մասնագետները մոտենում են ոհմակներին, հերթով զրուցում շների հետ եւ պարզում, թե նրանցից որն է խնդրահարույցը:
- Դուք խնդրահարո՞ւյց եք,- հարցնում են մասնագետները:
- Ոչ, ոչ, ինչ եք ասում, մենք գործում ենք օրենքի տարրի համապատասխան եւ հաչում միայն օրենքով թույլատրվող ժամերին:
- Իսկ դո՞ւք գիտեք շների, որոնք մասնակից են եղել կծման դեպքերի,- կրկին հարցնում է հոգատար մասնագետը:
- Ոչ, ինչի մասին է խոսքը, մենք շփվում ենք բացառապես ոչ խնդրահարույց շների հետ:
- Իսկ ինչպես են իրենց դրսեւորում մարզերից Երեւան հասած շները,- հետաքրքրվում է համառ մասնագետը:
- Ի՞նչ իմանամ, ասում է քութոն եւ քթի տակ ծիծաղում, որ մասնագետն այդպես էլ գլխի չի ընկել, որ ինքը հենց նոր մարզից է տեղափոխվել Երեւան եւ անգամ մասնակցել կծման դեպքի:
Իսկ մասնագետները շարունակում են զրույցները եւ բացատրական աշխատանքները:
Շուտով Ազգային ժողովում այս հարցով անգամ քննարկումներ են լինելու, որոնց անգամ կարող են հրավիրվել խնդրահարույց շները: «Նոր» Հայաստանում ամեն ինչ այլ կերպ է եւ նախադեպը չունեցող քայլեր են արվում:
Իսկ վարչապետը կարող է հայտարարել, որ Երեւանում 1994 թվականից հետո երբեք շներն իրենց այսքան ազատ չեն զգացել, եւ երբեք այսքան շատ չեն եղել:
Աննա Բաղդասարյան
Top-News.am