Պյոտր Սվիտալսկին մտահոգություն է հայտնել Ադրբեջանի պատերազմական հռետորաբանության առնչությամբ
Այսօր ԱԽ գրասենյակում աշխատանքային հանդիպում ունեցա Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիի հետ: Այս մասին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում:
«Ողջունելով դեսպան Սվիտալսկիին` նշեցի, որ հիմնվելով ՀՀ-ԵՄ փոխգործակցության հարուստ փորձի և գործընկերային հարաբերությունների վրա, մենք պատրաստ ենք շարունակաբար ամրապնդել համագործակցությունը Եվրոպական Միության հետ, ինչպես քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության կայացման, այնպես էլ կոռուպցիայի դեմ պայքարի, փորձի փոխանակման և կիբեռանվտանգության ոլորտներում:
Դեսպան Սվիտալսկին իր հերթին ընդգծեց, որ ԵՄ-ն պատրաստակամ է աջակցել Հայաստանին սպասվող բարեփոխումների շրջանակներում, ընդլայնել համագործակցությունն ու երկխոսության նոր հարթակներ ստեղծել:
Դեսպան Սվիտալսկին նաև մտահոգություն հայտնեց սահմանային լարվածության առնչությամբ. համակարծիք էինք, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը չունի այլընտրանք:
Միաժամանակ դեսպանը նշեց, որ կիսում է իմ մտահոգությունը կապված Ադրբեջանի իշխանությունների պատերազմական հռետորաբանության ու ատելության խոսքի խրախուսման հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,-գրել է Արմեն Գրիգորյանը:

















































