Ասֆալտը շարունակ քանդվում է, բայց վերանորոգման պատասխանատուն հայտնի չէ
«Փաստ» օրաթերթը գրում է.
Արաբկիր վարչական շրջանի Ադոնց–Ազատություն խաչմերուկի մի հատվածում ասֆալտը նստվածք է տվել ու իջել: Սա առաջին անգամը չէ: Ասֆալտի այս խնդիրը արդեն երրորդ անգամ է կրկնվում: Երկու անգամ վերանորոգում է իրականացվել Երևանի Ջրօգտագործողների միության կողմից: Բայց խնդիրը կրկնվել է, և տարածքով անցնող ավտոմեքենաների վարորդները ի հայտ եկած փոսի հետևանքով ստիպված են լինում լրացուցիչ գումարներ ծախսել մեքենաների վերանորոգման համար:
Խնդրով մտահոգ քաղաքացիները ահազանգել են «Փաստ»–ի խմբագրություն: Փորձեցինք հասկանալ, թե կրկնվող նստվածքի պատճառն ինչը կարող է լինել:
Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցը մեզ հետ զրույցում նշեց, որ խնդրին տեղյակ է: Վերջինս կոորդինացնում է ասֆալտապատման աշխատանքները: Նրա խոսքով՝ նստվածքի ուղղումը Երևանի Ջրօգտագործողների միության խնդիրն է, քանի որ այնտեղ իրենց խողովակաշարն է գտնվում: Հարցին, թե Ջրօգտագործողների միության հետ խոսե՞լ են՝ հասկանալու համար, թե երբ են վերանորոգելու, պատասխանեց, որ այդ հարցերով զբաղվում են քաղաքապետարանի կանաչապատման կամ բնապահպանության վարչությունները: Այս խնդրով կանաչապատման վարչությունը դիմել է Երևանի ՋՕ, որպեսզի վերջինները ուսումնասիրեն փոսի առաջացման պատճառները և համապատասխան միջոցներ ձեռնարկեն:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

















































