Հայկ Կյուրեղյանն ազատ չի արձակվել
Դատարանի բակում օդամղիչ ատրճանակից կրակելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանը ազատ չի արձակվել, այլ նրա պատժի կրման տեսակն է փոխվել:
«Հայկ Կյուրեղյանի պատժի կրման ռեժիմը փոխվել է, և նա դատարանի որոշմամբ հունիսի 4-ից կիսաբաց ռեժիմից անցել է բաց ռեժիմի, այսինքն՝ առավոտյան քրեակատարողական հիմնարկից կարող է գնալ աշխատանքի և երեկոյան վերադառնալ դարձյալ քրեակատարողական հիմնարկ, իսկ այժմ նրան տրամադրվել է արձակուրդ»,- «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՔԿՎ լրատվական ծառայությունից։
Հիշեցնենք, որ Հայկ Կյուրեղյանը մեղադրվում էր խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար, Շանթ Հարությունյանի գործով դատական նիստի օրը դատարանի բակում որպես բողոքի նշան օդամղիչ ատրճանակով կրակել էր ոստիկանների ուղղությամբ:
Հայկ Կյուրեղյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով:
ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված կարգով` նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Հայկ Կյուրեղյանի նկատմամբ վերջնական պատիժ էր նշանակվել ազատազրկում` 9 տարի ժամկետով։ Կյուրեղյանն ազատազրկված է 2014 թվականի հունիսի 14-ից:

















































