Սլովակիան Ադրբեջանին ապօրինի զենք է մատակարարում
Սլովակիայից Ադրբեջան զենքի ապօրինի մատակարարումների հետ կապված դեռ անցյալ տարվանից հսկայածավալ աշխատանք է կատարվել, և հենց այս պահին նույնպես աշխատանքներ են ընթանում:
Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով հրապարակումներին, որոնցում քննադատության է արժանանանում Սլովակիայում ՀՀ դեսպանը և խոսվում վերջինիս՝ Ադրբեջանի կողմից Սլովակիայից զենք գնելու դեմ քայլեր չձեռնարկելու մասին:
«Հենց այս պահին մեր դեսպանը շատ կարևոր հանդիպում է ունենում, - ներկայացրեց նա,- Փառք Աստծո, կասկածելի հեղինակությամբ մարդիկ այդ աշխատանքների մանրամասներին տեղյակ չեն, ձեզ էլ խորհուրդ կտամ ուշադրություն չդարձնել այդ կարգի մարդկանց հրապարակումներին և ասածներին: Կարծում եմ՝ դա արվում է զուտ իրենց վրա ուշադրություն հրավիրելու նպատակով:
Թե՛ Չեխիայում, թե՛ Սլովակիայում մեր դեսպանությանը հավաստիացրել են, որ քննություն է ընթանում մատակարարումների հետ կապված»:
Նա պարզաբանեց՝ խնդիրն այն է, որ այդ զինատեսակների մատակարարման վերջնական օգտագործման վկայականը տրված է մեկ երկրի, բայց զենքը հայտնվել է մեկ այլ երկրում, ինչն էլ ԵՄ համապատասխան կարգավորումների կոպտագույն խախտում է:

















































