Ավանում զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով ձերբակալված պաշտոնյաներն ազատ են արձակվել
Ապրիլի 22-ին Ավան վարչական շրջանի տարածքում տեղի ունեցած բռնությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով ձերբակալված՝ Ավանի թաղապետարանի հարկային բաժնի պետ Կարեն Տոնոյանը և Երևանի քաղաքապետարանի առաջատար մասնագետ Էդմոն Պետրոսյանը չեն կալանավորվել: Քննիչի՝ նրանց կալանավորելու վերաբերյալ միջնորդությունները դատարանը մերժել է:
Tert.am-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն ասաց. «Քննիչի՝ կալանքի վերաբերյալ միջնորդությունները մերժվել են և զանգվածային անկարգությունների կասկածանքով ձերբակալված անձանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին»:
Նշենք, որ նրանց մեղադրանք է առաջադրված ՀՀ ՔՕ-ի 225-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ զանգվածային անկարգություններին մասնակցելը:
Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ նախնական տվյալներով՝ ապրիլի 22-ին Ավանում գործող «Ֆորդ» ավտոսրահի մոտակայքում քաղաքացիական հագուստով մի խումբ անձինք, որոնցից ոմանք՝ բժշկական դիմակներով, փակել են Աճառյան փողոցից դեպի Կենտրոն տանող ճանապարհի երթևեկելի հատվածը, մահակներով հարվածել և վնասել քաղաքացիների ավտոմեքենաները։

















































