ԱԳ նախարարի ունեցվածքը՝ ըստ հայտարարագրի
2014-2018թթ. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան, Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ արտգործնախարար նշանակված Զոհրաբ Մնացականյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել 2017 թվականի իր ունեցվածքի վերաբերյալ հայտարարագիրը:
Հարկային տարում, ըստ հայտարարագրի, նախարարն անշարժ կամ շարժական գույք ձեռք չի բերել, չի օտարել, արժեթղթեր ևս ձեռք չի բերել և չի վաճառել:
Հարկային տարում Զոհրաբ Մնացականյանը փոխառությամբ չի զբաղվել:
Տարվա սկզբում Զոհրաբ Մնացականյանը որպես դրամական միջոց հայտարարագրել է 18 հազար 800 դոլար, իսկ տարվա ավարտին՝ 24 հազար դոլար:
Որպես աշխատանքի վարձատրություն կամ դրան հավասարեցված այլ վճարումներ նախարարը հայտարարագրել է 47 հազար 200 դոլար:
Նշենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի 2018թ. մայիսի 12-ի հրամանագրով Զոհրաբ Մնացականյանը նշանակվել է արտաքին գործերի նախարար:

















































