Մասիսի քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիա է՝ քաղաքապետին ազատ արձակելու պահանջով
Մասիս քաղաքում արդեն երկրորդ օրն է՝ մի խումբ քաղաքացիներ քաղաքապետարանի շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում ՝ ի պաշտպանություն Մասիսի ձերբակալված քաղաքապետի, քաղաքապետի տեղակալի և ևս երեք անձանց:
«Մեր քաղաքապետը մեզ օգնել է, աջակցել է, եկել ենք, մեր բողոքն ենք հայտնում, որ քաղաքապետին ետ բերեն իր տեղը: Գնալու ենք, իրեն սատար ենք կանգնելու և իր հետ էլ հետ ենք գալու»,- ասաց քաղաքացիներից մեկը:
Քաղաքացիների մեկ այլ խումբ էլ հայտնեց, որ պահանջում են ազատ արձակել քաղաքապետին. «Ազա՛տ արձակեք մեր քաղաքապետին, նա ոչինչ չի արել»:
Մասիս քաղաքային համայնքի ավագանու անդամներն էլ համատեղ հայտարարություն են տարածել՝ հետաքննության, նախաքննության մարմիններից, դատական համակարգից պահանջելով վերացնել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և նրա տեղակալ Կարեն Օհանյանի ձերբակալման մասին որոշումները:
Հիշեցնենք, որ մայիսի 31-ին Քննչական կոմիտեից հայտնել էին, որ ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձերբակալվել էր 5 անձ՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ձերբակալվել էր 5 անձ՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանը, Մասիս քաղաքի բնակիչներ՝ 1982թ. ծնված Ս.Սահակյանը, 1995 թ. ծնված Գ.Համբարձումյանը, 1988 թ. ծնված Գ.Խաչատրյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք, այն է՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. ապրիլի 22-ին մի խումբ անձինք, որոշները՝ բժշկական դիմակներով, հարձակվել են բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա և քարերով, մահակներով, էլեկտրահարող սարքերով բռնություն գործադրել։

















































