Վարչության պետերին 300 լ դիզվառելիք է տրամադրվել աշխատանքից տուն գնալու համար. Էդուարդ Աղաջանյան
Մեր դիտարկումներ ցույց են տալիս, որ վարչապետի աշխատակազմը ուռճացված է եղել այս տարիներին։ Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։
«Բազմաթիվ անտրամաբանական եւ ոչ արդարացված ծախսեր են եղել, խոսքը ծառայողական ավտոմեքենաների, դիզվառելիքի կտրոնների մասին է։ Այն, որ մեր կառավարությունը գործելու է անհամեմատ ավելի արդյունավետ, միանշանակ է»,–նշեց նա։
Էդուարդ Աղաջանյանը հայտնեց, որ կառավարության աշխատակազմի տրամադրության տակ գտնվող ավտոմեքենաների թիվը այս պահին 110–ն է, սակայն մեր դիտարկմամբ այդ քանակն մոտ 30 տոկոսով ենթակա է կրճատման։
«Վարչության պետերին շաբաթական տրամադրվող 300 լիտր դիզվառելիքը մեր հաշվարկներով չափազանց ուռճացված է։ Հաշվի առնելով, որ վարչության ղեկավարները տնից գալիս են աշխատավայր, եւ հիմնական ճանապարհածախը հետդարձ տուն ընթացքում է, իսկ դա որեւէ կերպ արդարացված չէ»,–հավելեց նա։
Նա տեղեկացրեց, որ այս պահին իր մեքենան նախագահի աշխատակազմին հատկացված ծառայողական մեքենան է՝ Mercedes S class մակնիշի։

















































