Սեւանի մակարդակը տարեսկզբի համեմատ ավելացել է մոտ 30 սմ-ով
2017-ին Ջրային տնտեսության պետական կոմիտեին բյուջեից տրվել է 38 մլրդ 289 մլն դրամ, որի դիմաց ծախսերը կազմել են 33,6 մլրդ դրամ, կամ կատարվել են 88 տոկոսով: Այս մասին, այսօր՝ մայիսի 30-ին, ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2017 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ նշեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը:
Նրա խոսքով, Արփա-Սեւան թունելի պահպանման համար նախատեսված 205,8 մլն դրամն ամբողջությամբ ծախսվել է:
«Արփա-Սեւան թունելի շինարարությունը նախատեսվում է ավարտել հաջորդ տարի, որից հետո թունելով դեպի Սեւան բաց թողնվող ջրի քանակը կավելանա 100-150 մլն խմ-ով եւ կդառնա 200-250 մլն խմ: Այսօրվա դրությամբ արդեն մոտ 92 մլն խմ այս տարի Արփա-Սեւան թունելի միջոցով ջուր է բաց թողնվել: Այս օրերին շինարարները դուրս են գալիս, որ կարողանանք ջուր տեղափոխել Սեւանա լիճ: Այսինքն Արփա-Սեւանի միջոցով Սեւանի մակարդակի բարձրացումը կազմել է 7 սմ:
Սեւանա լճի մակարդակը տարեսկզբի համեմատությամբ ավելացել է մոտ 30 սմ-ով, կազմում է 1900,74 սանտիմետր»,-հայտարարեց Արսեն Հարությունյանը:
Նա նկատեց, որ նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ հետ ենք մոտ 13 սմ-ով, որը պայմանավորած է 2017-2018 թթ. տեղումների սակավությամբ. «Հիմա ինչ էլ բարձրացել է անձրեւների հաշվին ենք կարողացել պահել»:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

















































