Միհրան Պողոսյանն այցելել է «Արմավիր» ՔԿՀ, որտեղ պահվում է իր կալանավորված օգնականը
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը մայիսի 28-ին այցելել է ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։
Նա շրջել է տարածքում, ծանոթացել անազատության մեջ գտնվողների պայմաններին: Այս ՔԿՀ-ում է պահվում նաեւ Միհրան Պողոսյանի օգնական Անդրանիկ Իսոյանը, որն օրերս է կալանավորվել Ուլնեցու փողոցում ապրիլի 21-ին կազմակերպված անկարգությունների պատճառով։
Հանդիպե՞լ է արդյոք ԱԺ պատգամավորը կալանավորված իր օգնականին՝ դեռեւս չենք կարողացել պարզել:
Հիշեցնենք, որ Անդրանիկ Իսոյանին մեղադրանք առաջադրելու կապակցությամբ Միհրան Պողոսյանը հանդես էր եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված էր. «Իրավապահ մարմինների այս քայլը բացարձակապես չի տեղավորվում իշխանությունների հայտարարած բացառապես արդարության առաջնահերթության սկզբունքով առաջնորդվելու և «վենդետաները» բացառելու տրամաբանության մեջ։ Նախ՝ գործով ենթադրյալ կասկածյալի մեղավորությունը հիմնավորող առկա ապացույցները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ կալանավորման որոշում կայացնելու համար։
Ըստ էության, առաջադրված մեղադրանքն ապացուցող և ոչ մի փաստ ներկայացված չէ։ Ավելին` առերեսման ընթացքում որպես վկա հանդես եկող քաղաքացին հայտնել է, որ չի ճանաչում Ա. Իսոյանին։ Իսկ սույն գործով որպես տուժող ճանաչված քաղաքացին հայտնել էր, թե իբր Ա. Իսոյանը մահակով հարվածներ է հասցրել իրեն։
Սակայն, երբ փաստաբանի պահանջով ուսումնասիրվել են համապատասխան տեսանյութերը, ապացուցվել է ճիշտ հակառակը՝ սուտ մատնության փաստը։
Մեղադրող կողմն ընդունել է այս իրողությունը։ Երկրորդ՝ համոզիչ ապացույցների բացակայության պարագայում կալանավորման որոշման հապճեպությունը լուրջ կասկածների տեղիք է տալիս։ Ավելին՝ նման գործելաոճը բնորոշ է հենց «վենդետայի սկզբունքով» առաջնորդվելու տրամաբանությանը։ Երրորդ՝ եթե իմ օգնականը, այնուհանդերձ, որևէ կերպ մասնակից է եղել տվյալ միջադեպին, միևնույն է նրան կալանավորելու որոշումը հակասում է նախադեպային իրավունքի դրույթներին։
Նմանատիպ զանցանքների պարագայում մինչ այս կալանավորում չի կիրառվել։
Այս ամենը հանրագումարի բերելով՝ արձանագրում ենք, որ գործ ունենք քաղաքական պատվերի հետ»:

















































