Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության (ՀԱԳՄ) կողմից Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը․ միջսահմանային կապերի ամրապնդում» ծրագրի շրջանակում կազմակերպվել է հայ և թուրք լրագրողների ու մեդիաոլորտի մասնագետների 12-օրյա մեդիաշրջայց։
Հոկտեմբերի 12-ին Թուրքիայում մեկնարկած շրջայցին մասնակցում են 14 ներկայացուցիչներ՝ յուրաքանչյուր երկրից յոթական։ Հոկտեմբերի 18-ից ծրագիրը շարունակվում է Հայաստանում։
Մեդիաշրջայցի ընթացքում մասնակիցներն այցելում են արտադրական ձեռնարկություններ, ծանոթանում տնտեսական կառույցների գործունեությանն ու ներուժին, հանդիպումներ ունենում լրատվամիջոցների խմբագրակազմերի, հասարակական կազմակերպությունների և հանրային գործիչների հետ։
Հոկտեմբերի 22-ին հայ և թուրք լրագրողները Երևանում՝ Եվրասիա հիմնադրամի գրասենյակում, հանդիպել են ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսի ու Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Ներսես Կարամանուկյանի հետ։ Հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկել են իրենց հետաքրքրող հարցերը և ստացել պատասխաններ։
Քննարկման առանցքային թեմաներից մեկը եղել է հայ-թուրքական սահմանի բացումը։ Մասնավորապես, լրագրողներին հետաքրքրել են սահմանի բացման հնարավոր ժամկետները, երկաթուղային և ավտոճանապարհային ենթակառուցվածքների գործարկման համար անհրաժեշտ ներդրումները, ինչպես նաև գործընթացի ձգձգման պատճառները։
ՀԱԳՄ-ի փոխնախագահ Ներսես Կարամանուկյանի խոսքով՝ թուրք լրագրողները մեծ տպավորություն են ստացել հայկական արտադրական ձեռնարկություններ այցելելուց։ Նրանք, նրա փոխանցմամբ, կարևորել են սահմանի հնարավորինս շուտ բացումը՝ այն դիտարկելով որպես մարդկային շփումների ընդլայնման և երկու երկրների բիզնեսների միջև համագործակցության զարգացման հնարավորություն։
Նույն օրը հայ և թուրք լրագրողների խումբն այցելել է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի շրջանակում Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում գործող «Կանաչ գոտի»։ Մասնակիցները ծանոթացել են ՀԱԳՄ-ի տաղավարում ներկայացված ընկերությունների գործունեությանը, կենսաբազմազանության պահպանմանն ուղղված նախաձեռնություններին, ինչպես նաև շրջել այլ տաղավարներում։
Մեդիաշրջայցի շրջանակում նախատեսված հանդիպումներն ու միջոցառումները կշարունակվեն մինչև հոկտեմբերի 23-ը։
«Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը․ միջսահմանային կապերի ամրապնդում» ծրագիրը ՀԱԳՄ-ն իրականացնում է Եվրասիա հիմնադրամի, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի (TEPAV) և «Հրանտ Դինք» հիմնադրամի համագործակցությամբ՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ։


















































Ջուր չի լինի. հասցեներ
Քաղաքացու տան բակում հայտնաբերվել և առգրավվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ
COP17-ի շրջանակում Երևանում կմեկնարկի կենսաբազմազանությանը նվիրված երիտասարդական համաշխարհային գագաթ...
Իտալիայում թալանել են հայտնի բրենդային խանութները
Շիրակի մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույ...
Արգենտինացի դարպասապահին խաղադաշտից հեռացրել են պատգարակով
Իսիկ Կուլ լճի կորուստը կդառնա բնապահպանական անշրջելի աղետ ամբողջ տարածաշրջանի համար. Ղրղզստանի նախագ...
Հանդիպման մասին քննարկումներ եղել են. Ռուբիո
Առայժմ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ
Ղրիմը Ուկրաինայի ամենաարժեքավոր հատվածն է