Արաքչին պատմել է ղարաբաղյան խնդրի կարգավորման իրանական պլանի մասին
Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արաքչին Բաքու հասնելուն պես հայտարարել է Իրանի` Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու նախաձեռնության մասին, հայտնում է IRNA-ն:
Իրանի նախագահի հատուկ բանագնացն այսօր գտնվում է Բաքվում` քննարկելու Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը եւ հակամարտության կարգավորման` Իրանի Իսլամական Հանրապետության պլանը:
Նա որպես իր այցի հիմնական նպատակ նշել է ռազմական գործողությունները դադարեցնելու եւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կայուն խաղաղությունը վերականգնելու իրանական ծրագրի ներկայացումը:
«Ադրբեջանի հողերի օկուպացիային վերջ տալը, փոքրամասնությունների եւ մարդու իրավունքների պաշտպանությունն Իրանի պլանի հիմնական գործոններն են»,- ասել է իրանցի դիվանագետը` հավելելով, որ այդ ծրագիրը կարող է իրականացվել փուլային տարբերակով:
Նա նաեւ նշել է ռազմական գործողությունների դադարեցումը եւ ազդեցիկ երկրների մասնակցությամբ բանակցությունների մեկնարկը` որպես իրանական ծրագրի մեկ այլ առանցք` շեշտելով, որ Իրանը մտադիր է տարածաշրջանային երկրների հետ խորհրդակցել իր ծրագրի վերաբերյալ:
Արաքչին Իրանն ու Ադրբեջանը երկու բարեկամ երկիր է անվանել` հավելելով, որ Թեհրանը սատարում է Բաքվի` իր գրավյալ հողերն ու քաղաքներն ազատագրելու ջանքերին: «Ադրբեջանի եւ այլ երկրների տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անփոփոխությունն անհերքելի հարցեր են», - շեշտել է նա:
Իրանի հատուկ բանագնացի` Բաքու այցի օրակարգում ընգրկվել են հանդիպումներն Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի, արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի եւ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետ: Բացի Բաքվից, Արաքչին կայցելի Մոսկվա, Երեւան եւ Անկարա` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման իրանական նախաձեռնությունն առաջ մղելու նպատակով: