Իշխանությունը դիմել է զինանոցի վերջին՝ իր կարծիքով քաղաքական փայտիկին, ինչը, սակայն, ՍԴ լիազորությունների ուզուրպացիա է. Լիլիթ Գալստյան
ԱԺ ներկայացված՝ սահմանադրական օրենքներում փոփոխություններ կատարելու օրենսդրական նախաձեռնությունների, Հայաստանի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի նախագահի տարածած հայտարարության և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանի հետ:
- Տիկի՛ն Գալստյան, ինչպե՞ս կգնահատեք Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հայտարարությունը:
- Բուքիքիոն հաստատում է իր նախկին՝ 2019թ. հոկտեմբերի 29-ի հայտարարությամբ արծարծված իրողությունները, և ավելի թանձրացնում ու շեշտակի դարձնում մեր քաղաքական իրականությանը ու մթնոլորտին տված գնահատականները: Ըստ էության բաց տեքստով, բավական խիստ շեշտադրումներով Վենետիկի հանձնաժողովի նախագահն արձանագրում է, որ Հայաստանում ներկա պահին ընթացող գործընթացները չեն արդարացնում և համապատասխանում Եվրոպական ընտանիքի սպասումներին: Իմ կարծիքով՝ մեր քաղաքական մանկապարտեզից ձանձրացածի, գուցե և զզվածի դիրքերից մեկ անգամ ևս կողմերին զսպվածության, անհանգստացնող մթնոլորտը լիցքաթափելու և սահմանադրության բնականոն գործունեությանը վերադառնալու կոչ է սա: Դժվարանում եմ ասել, թե քաղաքական մեծամասնությունը ինչ եզրակացության կհանգի, բայց որ լրջորեն սասանում է Հայաստանի միջազգային վարկը և նրա բացասական էներգիան մեր պետականության դեմ է աշխատելու՝ ակներև է:
- ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել է, որ ՀՀ քաղաքացիները ցանկանում են լուծել ՍԴ խնդիրը, ինչպե՞ս կմեկնաբանեք սա:
- Մի քանի առիթներով ասել եմ՝ Հայաստանի քաղաքական և իրավական ներկա մշակույթը բոլշևիկյան փիլիսոփայության մեջ է տեղավորվում: Երբ «Իմ քայլի» ականավոր պատգամավորներն ու ղեկավարությունը պնդում են, որ ՍԴ-ի հարցը լուծվել է հեղափոխությամբ, հետևաբար Հրայր Թովմասյանը «հեղափոխական» օրենքներով պետք է հեռանա, երբ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունից մեկն էլ փողոցում ՀՀ քաղաքացիներին ասֆալտին ծեփելը հիմնավորում է հանրային պահանջով, երբ քաղաքական իշխանությունը իրավունքի գերակայությունը փոխարինել է հեղափոխության պահանջով, նույնն է թե՝ փողոցային արդարադատությամբ, այսպիսի վարքագիծը մեկ գնահատական ունի սահմանադրական և պետական կարգի խափանման փորձ և հանձնառություն: «Ժողովրդական պահանջ»-ի անունից հայտարարություններ կատարողները նախանձելի համառություն ունեն, անհեռատեսորեն և չհիմնավորված ինքնավստահ են, իսկ թե այդ ամենն ինչպես կազդի երկրի սահմանադրական կարգի, ՀՀ միջազգային վարկի և հեղինակության վրա՝ կարծես արժեք չունի նրանց համար: Չէ որ օրերս Հայաստանը ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողների գնահատականին արժանացավ հենց այսպիսի վարքագծի արդյունքում:
- Իշխող ուժը ցանկանում է փոփոխություններ կատարել «ԱԺ կանոնակարգ», «Հանրաքվեի մասին» և «ՍԴ մասին» սահմանադրական օրենքներում, և նրանք արդեն չեն թաքցնում, որ նպատակը ՍԴ խնդիրը լուծելն է: Ի՞նչ կարծիք ունեք այս ամենի մասին:
- Կարծիքս նույնն է՝ նախ սա Հայաստանում քաղաքական մենիշխանության հասնելու վերջին արարն է. ունենալ ամբողջական իշխանություն, ըստ էության, ոչնչացնել իշխանության ճյուղերի միջև զսպումների և հակակշիռների մեխանիզմները, գործադիր և օրենսդիր իշխանությունների կողքին ապահովել կառավարելի և հնազանդ դատական իշխանություն և հատկապես Սահմանադրական դատարան: Դժվար չէ ենթադրել, թե միջազգային պայմանագրերի և օրենքների սահմանադրականության վերահսկման այդ ինստիտուտը յուրացնելով՝ ապագա ինչ խնդիրներ է լուծում քաղաքական իշխանությունը:
- Առաջարկվող փոփոխություններից է՝ մինչ Սահմանադրության փոփոխությունների ընդունումն Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարան դիմելը՝ նախագծի սահմանադրականությունը որոշելու նպատակով, դարձնել ոչ պարտադիր, նույնը՝ հանրաքվեի դրվող Սահմանադրության փոփոխությունների մասով: Այսինքն՝ փորձ է արվում Սահմանադրության փոփոխություններ անելու համար ՍԴ դիմելը թողնել ԱԺ հայեցողությանը, կցանկանա՝ կդիմի, չի ցանկանա, չի դիմի: Սա ի՞նչ վտանգներ կարող է առաջացնել:
- Ճնշումների և վախի մեթոդաբանությանը դիմած իշխանությունը մի օր հասնելու էր այս հանգրվանին: Տպավորություն ունեմ, թե փորձարկելով «Սահմանադրական դատարան» օպերացիայի բոլոր հնարավոր գործողություններն ու օպերացիաները, օգտագործում է զինանոցի վերջին՝ իր կարծիքով քաղաքական փայտիկը: Սա ոչ ժողովրդավարական, ոչ էլ իրավական պետության ճանապարհն է, սա ոչ այլ ինչ է, քան Սահմանադրական դատարանի լիազորությունների ուզուրպացիա, ՀՀ նախագահի ինստիտուտի վերջնական նսեմացում: Մենք՝ Դաշնակցության ԳՄ-ը, մեր մի քանի քաղաքական հայտարարություններով կանխատեսել էինք այս հեռանկարը:
Քաղաքական անփորձությո՞ւնն է պատճառը, պետականության արժեքներն ու սկզբունքները գիտակցելու ունակության պակա՞սը, հետհեղափոխական ամբարտավանությո՞ւնը, թե՞ մեծամասնության բոլշևիկյան վարքականոնը, արդյունքը նույնն է՝ վարկաբեկվում է Հայաստանը, խաթարվում է երկրի ներքին խաղաղությունը, խաթարվում է երկրի սահմանադրական կարգը: Սա հարվածում է նաև բանակցող Հայաստանի միջազգային հեղինակությանը և խոցելի դարձնում նրա վարկը:
Բայց արդյո՞ք գիտակցվում է այս ամենը…


















































Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մենք գլուխ ենք խոնարհում զոհերի հիշատակի առջև և մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին. Չեխ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ