Էրդողանը չի թաքցնում տարածքային հավակնությունները
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Լիբիայի հետ համագործակցությամբ Կիպրոսից հարավ-արեւելք հորատում սկսելու պլանների մասին։ Այս մասին նա հայտարարել է թուրքական պետական TRT հեռուստացանցին նախօրեին տված հարցազրույցում։
Ինչպես գրում է Greek Reporter-ը, Միջերկրական ծովի արեւելքում Հունաստանի ինքնիշխան իրավունքները հերքող այդ աննախադեպ հայտարարությունն անելիս Էրդողանը ներկայացրել է տեղանքի մի քանի քարտեզներ՝ բացատրելով, թե ինչպես է Տրիպոլիի հետ իր «համաձայնությունը» «կապել Հունաստանի ձեռքերը»։ Մեծ էկրանին քարտեզի վրա Էրդողանը ցույց է տվել մի շարք կետեր եւ ընդգծել, որ Թուրքիան դրանք համարում է իր մայրցամաքային սահմանները՝ աղաղակող կերպով անտեսելով Կրետե, Կարպատոս, Ռադոս եւ Կաստելորիզո կղզիների հանդեպ Հունաստանի հին եւ միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան իրավունքները։ Սա առաջին անգամ է, որ Թուրքիայի նախագահը բացահայտ կերպով եւ հրապարակայնորեն հայտարարում է առավել լայն տարածաշրջանի հանդեպ Անկարայի հավակնությունների մասին։
Էրդողանը հիշեցրել է, որ Թուրքիայի ծովային սահմանները գտնվում են հունական կղզիների կողքին՝ հավելելով, որ Թուրքիան կարող է «հեշտությամբ» իր հորատումներն անցկացնել այդ տարածքում, իսկ Լիբիան իր հորատումները՝ դեպի հարավ։ Այսպիսով, բացարձակապես անտեսելով տարածաշրջանի փաստացի ծովային սահմանները՝ Էրդողանը ցույց է տվել, թե ինչպես է, նրա խոսքերով, Թուքիան այժմ դարձել Լիբիային հարեւան պետություն։
Նա նաեւ հավելել է, որ Թուրքիան ծրագրում է առաջիկա ամիսներին ձեռք բերել երրորդ հորատող նավը։
Իրեն հատուկ վերամբարձ ոճով Էրդողանը հարցազրույցում կրկնել է, որ Լիբիայի հետ իրենց համաձայնագիրը «կապել է Հունաստանի ձեռքերը», եւ Հունաստանը ոչինչ անել չի կարող։
Թուրքիայի նախագահն իր ամբարտավան եւ տարօրինակ հռետորաբանությամբ այնքան հեռուն է գնացել, որ հայտարարել է, թե տարածաշրջանում ոչ մի երկիր ոչինչ չի կարող անել, եթե Թուրքիան դա թույլ չտա։
Նշենք, որ Եվրոպան, ինչպես նաեւ Անկարայի մոտ դաշնակից համարվող Մոսկվան, դատապարտել են թուրք-լիբիական համաձայնագիրը։


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ