«Էլարդ» ընկերությունը դաշտային ուսումնասիրություն չի արել, բայց ուսումնասիրել է դաշտի կողմ ու դեմ փաստարկները․ Յուրա Իվանյան
ՀՀ քննչական կոմիտեի Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը տեղյակ է, որ Ամուլսարի հանքում ուսումնասիրություններ կատարած «Էլարդ» ընկերության և փորձագիտական խմբի ձեռնհասությունը կասկածի տակ է դրվում։ Լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա ներկայացրեց, թե ինչպես է փորձաքննության համար ընտրվել հենց այս ընկերությունը։
«ՀՀ-ն դեռևս 2017 թ․-ից Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության անդամ է և ակտիվորեն մասնակցում է այս կառույցի գործունեությանը։ Քննչական կոմիտեն ու Բնապահպանության նախարարությունը միջազգային հեղինակավոր ընկերություն գտնելու ու փորձաքննության ներգրավելու հարցում դիմել է այս ընկերությանը, վերջիններս երաշխավորել էին «Էլարդ» ընկերությանը՝ որպես տարածաշրջանի պրոֆեսիոնալ թիմ։ Հայտարարվեց միջազգային մրցույթ, ինչպես նաև տվյալ ոլորտի միջազգային կազմակերպություններին տարբեր հրավերներ ուղարկվեցին։ Մրցութային հանձնաժողովն, ամփոփելով մրցույթի տվյալները, ընտրեց «Էլարդ»-ի թիմին»,- ասաց նա։
Նա նշեց, որ մրցութային հանձնաժողովը, հասկանալով խնդրի կարևորությունը, բավականին խիստ է եղել ընտրություն կատարելիս: Նպատակը եղել է՝ փորձաքննության համար ընտրել ընկերություն, որը որևէ շահերի բախում չի ունենա, և ՀՀ-ում որևէ գործունեություն իրականացրած չի լինի։ Ինչ վերաբերում է քննադատություններին, թե «Էլարդ»-ի փորձաքննությունը միջազգային չէ, քանի որ միջազգային փորձաքննության ժամանակ մասնակցում ենք նաև այլ ընկերությունների փորձագետներ, նա ասաց, որ այս փորձաքննությանը եղել են ոչ միայն «Էլարդ»-ի, այլև «Թիրաս»-ի փորձագետներ։
Դիտարկմանը, որ «Էլարդ»-ի փորձաքննության եզրակացության մեջ գրված է նաև, որ գնահատումները թերին են, հետևաբար հետևություններն՝ անվստահելի, ուստի՝ հարցին, թե հանքի շահագործումը կարո՞ղ է համարվել անվտանգ, հնարավոր չէ պատասխանել, այս դեպքում՝ ինչպես են պնդում, թե Ամուլսարի հանքի շահագործումը վտանգավոր չէ, Յուրա Իվանյանը պատասխանեց․ «Առաջնային պլան է մղվում այն միջոցառումների համակարգը, որոնք պետք է կանխեն վտանգներն ու վնասները։ Բնապահպանական խնդիրների մեղմման միջոցները, որոնք նախատեսվել են «Լիդիան» ընկերության փորձագետների կողմից, գնահատվել են իրավաչափ։ Ասվում է, որ եթե համակարգը գործի, ապա բնապահպանական ռիսկերը կառավարելի են»։
Յուրա Իվանյանն անդրադարձավ նաև «Լիդիան» ընկերությանը քրեական գործում որպես կողմ ներգրավելուն։ Ըստ նրա՝ պետության պոզիտիվ պարտականությունն է «Լիդիան»-ին տալ պարզաբանումների հնարավորություն։
«Քննչական կոմիտեն, այսինքն՝ վարույթ իրականացնող մարմինը, «Լիդիան»-ի պարզաբանումներում ներկայացված հիմնավորումն ու փաստարկները քննարկել ու վերլուծել է քրեական գործով այլ փաստական տվյալների համակցության մեջ և եկել եզրակացության։ Քրեական դատավարության օրենսգիրքը պարտադիր է համարում նրան որպես կողմ ներգրավելը։ Մենք գործ ունենք պետության պոզիտիվ պարտականության հետ։ Եթե քննություն է ընթանում, ապա պետք է հնարավորություն տալ պարզաբանումներ ներկայացնելու, բայց վերջնական գնահատական՝ հիմնավո՞ր են պարզաբանումները, թե՝ ոչ, տալու է վարույթ իրականացող մարմինը»,- ընդգծեց Իվանյանը։
Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավարը չի հերքում, որ «Էլարդ» ընկերությունը չի կատարել դաշտային ուսումնասիրություն, այլ ուսումնասիրել է միայն փաստաթղթեր, բայց հերքում է, թե ուսումնասիրել են միայն «Լիդիան»-ի ներկայացրած փաստաթղթերը։
«Ուսումնասիրվել են տարբեր կողմերի ներկայացված հաշվետվություններ, ուսումնասիրություններ, մասնավորապես՝ Բնապահպանական ճակատի կողմից ներկայացված փաստերը, որոնք ներկայացվել են վարույթ իրականացնող մարմնին և այլն։ Այսինքն՝ հանքի շահագործմանը դեմ ու կողմ բոլոր փաստերը միմյանց հետ համեմատել են»,- եզրափակեց Յուրա Իվանյանը։


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո