Թուրքիայում սկսել են արգելքների հանդիպել ոչ միայն տեղացի, այլև օտարերկրացի լրագրողները
Թուրքական «Բիրգյուն» պարբերականի լրագրողներից Ջան Ուղուրն անդրադարձել է Թուրքիայում օտարերկրացի լրագրողների աշխատանքային դժվարություններին, որոնք օր օրի շատանում են այդ երկրում:
Ուղուրի պնդմամբ՝ բացի տեղացի լրագրողներից, իշխանություններն ակտիվորեն խոչընդոտում են նաև օտար երկրի քաղաքացի հանդիսացող լրագրողների գործունեությանը, որոնք, մասնավորապես, մեծ դժվարություններ են ունենում Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը քննադատելու հարցում:
Ուղուրն օրինակ է բերել գերմանական հայտնի Der Spiegel պարբերականի թղթակից Հասնաին Քյազըմի դեպքը, երբ վերջինս ստիպված եղավ լքել Թուրքիան, քանի որ հրաժարվեցին երկարացնել նրա արտոնագրի ժամկետը:
«Նույնը պատահեց Die Welt-ի թղթակից Դենիզ Յուջելի հետ, որը ստիպված եղավ լքել Թուրքիան այն բանից հետո, երբ նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուին տված մեկ հարցի պատճառով օրեր շարունակ դարձել էր իշխանամետ մամուլի գլխավոր թիրախը», - գրում է Ուղուրը:
Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը՝ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը մամուլի ազատության վերաբերյալ պահանջներ է ներկայացրել Թուրքիային:
Եվրախորհրդի պատգամավորների դատին հանձնված զեկույցը, որն ընդունվել է 110 կողմ 15 դեմ ձայների հարաբերակցությամբ, պահանջում է Թուրքիայից ազատ արձակել ահաբեկչական միջոցառումներին մասնակցելու մեղադրանքով ձերբակալված լրագրողներին, վերանայել Թուրքիայի քրեական օրենսգրքի «Թրքությունը վիրավորելու» մասին 301-րդ հոդվածը, ինչպես նաև «նախագահին վիրավորելու» մասին 229-րդ և «ժողովրդի մեջ ատելություն սերմանելու» մասին 216-րդ հոդվածները: Զեկույցը նաև կոչ է անում վերանայել համացանցի հրապարակումների վերաբերյալ մեղադրանքներն ու թուլացնել Թուրքիայի պետական հեռուստաալքի նկատմամբ պետական վերահսկողությունը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին Թուրքիայի ոստիկանությունն Անկարայում հատուկ գործողություն է իրականացրել ընդդիմադիր «Ջումհուրիյեթ» թերթի աշխատակիցների դեմ: Խուզարկություններ են իրականացվել թերթի տնօրենի, խմբագիրների և մի շարք սյունակագիրների տներում: Ձերբակալված է նաև թերթի գլխավոր խմբագիր Մուրադ Սաբունջուն:
Այս առիթով Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը քննադատել էր Թուրքիայի իշխանություններին և կոչ արել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հետ կանգնել բռնած ուղուց և բռնել Եվրոպայի՝ ժողովրդավարության ուժեղացման համար Թուրքիային մեկնած ձեռքը:

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Պատրաստվելով Օմանում մեր դեսպանության բացմանը. Կադրից դուրս
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են