Ի՞նչ է սպասվում Հայաստանի տնտեսությանը. ԿԲ-ն չափազանց լավատես է, վերանայել է կանխատեսումը
«168 ժամ» թերթը գրում է.
«Կենտրոնական բանկը (ԿԲ) չափազանց լավատես է Հայաստանի տնտեսության նկատմամբ: Նույնիսկ ավելի լավատես, քան կարող է իրեն թույլ տալ կառավարությունը: Ինչպես հայտնի է, կառավարության սպասելիքներն այս տարվա տնտեսական աճի վերաբերյալ 5 տոկոսի սահմաններում են: Մինչդեռ Կենտրոնական բանկը սպասում է անհամեմատ ավելի բարձր՝ ընդհուպ մինչեւ 7,4 տոկոս աճ:
Վերջին ամիսներին տնտեսության մեջ տեղի ունեցող գործընթացները կամ պաշտոնական վիճակագրության արձանագրած ցուցանիշները, հավանաբար, այնքան են ոգեւորել ԿԲ-ին, որ այն բավական կտրուկ վերանայել է տնտեսական աճի նախորդ կանխատեսումը: Ընդամենը մի քանի ամիս առաջ Կենտրոնական դրամատունը Հայաստանում սպասում էր ՀՆԱ 4,6-6,1 տոկոս ավելացում: Վերջին վերանայումից հետո այս տարվա համար կանխատեսվել է 5,9-7,4 տոկոս տնտեսական աճ: Տարօրինակ է, որ Կենտրոնական բանկը նույնպիսի լավատեսություն չունի Հայաստանի տնտեսության միջնաժամկետ հեռանկարների առումով: Կանխատեսումները հիմնականում մնացել են անփոփոխ:
Ընդամենը երեք ամսվա տարբերությամբ՝ ԿԲ-ն 1,3 տոկոսով ավելացրել է այս տարվա տնտեսական աճի ինչպես նվազագույն, այնպես էլ՝ առավելագույն ակնկալիքը: Առաջին եռամսյակի գնաճի հաշվետվության մեջ սպասելիքները տատանվում էին 4,6-6,1 տոկոսի միջակայքում:
Իհարկե, այս ցուցանիշները հազիվ թե վերջնական լինեն: Դրանք, հավանաբար, դեռ շատ կփոխվեն, բայց ի՞նչն է այստեղ հետաքրքիր, այդպիսի կարճ ժամանակահատվածի կտրվածքով սովորաբար նման կտրուկ վերանայումներ չեն արվում: Դա նշանակում է, որ կամ նախորդ կանխատեսումը բավարար հիմնավորված չի եղել, կամ տնտեսության մեջ վերջին երեք ամիսներին նույնքան կտրուկ փոփոխություններ են տեղի ունեցել:
Կտրուկ փոփոխություններ տնտեսության մեջ, իհարկե, չկան կամ դրանք առնվազն տեսանելի չեն, բացի այն, որ պաշտոնական վիճակագրությամբ տնտեսությունը բարձր տեմպերով առաջ է գնում: Ըստ էության, դրա վրա էլ հիմնվել է Կենտրոնական բանկը՝ կառուցելով ապագա կանխատեսումները:
«2019թ. առաջին եռամսյակում դիտարկված բարձր տնտեսական ակտիվության պարագայում տնտեսական աճը գերազանցել է սպասված ցուցանիշը՝ կազմելով 7,1 տոկոս, որին շարունակում է գերակշռող նպաստում ունենալ մասնավոր սպառման բարձր աճը: Գնահատվում է, որ կարճաժամկետ հատվածում այդ միտումները կպահպանվեն, ինչի ներքո 2019թ. տնտեսական աճի կանխատեսումը վերանայվել է դեպի վերեւ՝ գտնվելով 5,9-7,4 տոկոս միջակայքում, իսկ միջնաժամկետում այն կմոտենա իր երկարաժամկետ հավասարակշիռ մակարդակին»,- ասվում է երկրորդ եռամսյակի գնաճի հաշվետվության մեջ:
Պաշտոնական տվյալներով տարեսկզբին Հայաստանի տնտեսությունն իսկապես ակտիվորեն աճել է: Առաջին եռամսյակում գրանցվել է 7,1 տոկոս տնտեսական աճ, իսկ հինգ ամիսների տնտեսական ակտիվությունը հասել է 7,3 տոկոսի: Ոչինչ, որ այս ցուցանիշների հիմքում ընկած է հիմնականում ծառայությունների եւ առեւտրի ոլորտների աճը, որտեղ արձանագրվող դրսեւորումներն իրականում շատ քիչ կապ ունեն տնտեսության զարգացումների եւ ստեղծվող հավելյալ արդյունքի հետ:
Առաջին եռամսյակի 7,1 տոկոսն իսկապես վատ տնտեսական աճ չէ, բայց դրա գրեթե 6 տոկոսը բաժին է ընկնել ծառայություններին եւ առեւտրին: Փոխարենը արդյունաբերության եւ էներգետիկայի մասնակցությունը տնտեսական այդ աճի գործում եղել է ընդամենը 0,1, իսկ շինարարությանը՝ 0,3 տոկոս: Գյուղատնտեսությունը նույնիսկ բացասական նպաստ է բերել տնտեսական աճին: Այնպես չէ, որ իրավիճակը շատ է փոխվել առաջին եռամսյակից հետո: Առաջվա նման տնտեսական աճի գործում գերակշռող է ծառայությունների ոլորտը՝ իր շահումով խաղերով ու զվարճանքներով:
Պաշտոնական տվյալներով որոշ տեղաշարժ կա արդյունաբերության ոլորտում: Բայց տնտեսության այս հատվածի զարգացումները դեռեւս հեռու են բավարար լինելուց: Առավել եւս, որ արձանագրվող բարելավումները կապված են ոչ այնքան իրական զարգացումների, որքան նախորդ տարվա ցածր բազային ցուցանիշների հետ:
Ահա այսպիսին է Հայաստանի տնտեսության աճի կառուցվածքը: Հազիվ թե կարելի է կարծել, որ այն էական փոփոխություն կկրի առաջիկայում: Պատահական չէ, որ Կենտրոնական բանկը տնտեսության վերանայված աճի հույսերը շարունակում է կապել հիմնականում ծառայությունների հետ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո