Տավուշի մարզպետարան աշխատանքի համար դիմել է մոտ 70 քաղաքացի. մարզպետարանը հաշվառել է 320 թափուր աշխատատեղ
Աշխատանք գտնելու ակնկալիքով վերջին օրերին Տավուշի մարզպետարան է դիմել մոտ 70 քաղաքացի։ Մարզպետարանը պետական կառույցների և մասնավոր կազմակերպությունների հետ համագործակցությամբ՝ հաշվառել է 320 թափուր աշխատատեղ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզպետի մամուլի խոսնակ Գագիկ Աղբալյանը:
Նրա խոսքով՝ 320 թափուր աշխատատեղերն առկա են ճանապարհաշինության, տեքստիլի և սպասարկման ոլորտներում: Թափուր հաստիքների վերաբերյալ տեղեկատվություն հավաքելու համար մարզպետարանն աշխատում է և՛ մասնավոր կազմակերպությունների, և՛ զբաղվածության պետական գործակալության հետ:
«Գործակալությանը դիմում են գործատուները և ասում են, որ ունեն այսքան աշխատողների, մասնագետների կարիք, այսքան աշխատավարձով: Աշխատանք փնտրող քաղաքացիների հիմնական հոսքը եղել է հուլիսի 19-ին: Մեր մոտեցումը հետևյալն է՝ դիմումը ստանալու պահից 48 ժամվա ընթացքում Տավուշի մարզպետարանի մասնագետները հետադարձ զանգով կապ են հաստատում քաղաքացու հետ և առաջարկում կոնկրետ աշխատանք»,- հայտնեց Գագիկ Աղբալյանը:
Տավուշի մարզպետի մամուլի խոսնակի տեղեկացմամբ՝ առաջարկվող աշխատանքների դիմաց վարձատրությունը միջինում 8-15 հազար դրամի սահմաններում է:
«Ճանապարհաշինության ոլորտում աշխատավարձերն այդքան էլ ցածր չեն: Այս պահին Տավուշի մարզում 120 կմ ճանապարհ է կառուցվում՝ միջին վերանորոգում, հիմնանորոգում և այլն, բայց բանվորական կամ այլ մասնագիտական կազմի մեջ այլ մարզերի բնակիչները շատ են: Ընկերությունների ղեկավարներն ասում են՝ մենք էլ կուզենք տեղացիները աշխատեն, որովհետև այլ մարզերից աշխատողների դեպքում ընկերությունների համար լրացուցիչ ծախսեր են առաջանում՝ կապված կեցության հետ: Վերլուծության հարց է, թե ինչու մարդիկ չեն ցանկանում բարձր աշխատավարձով գնան, ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներին մասնակցեն»,- նշեց նա:
Գագիկ Աղբալյանի խոսքով՝ 320 աշխատատեղերն ամբողջ մարզի մասշտաբով են՝ Իջևանում, Դիլիջանում և այլ համայնքներում:
«Աշխատատեղեր կան, որ նոր չեն, այնպես չէ, որ բողոքի ալիք եղավ և արհեստականորեն ինչ-որ աշխատատեղեր են ներկայացվում: Սրանք վաղուց կան, բայց վերլուծության հարց է, թե ինչու մարդիկ չեն ձգտում թեկուզ 100 հազար կամ ավելի բարձր աշխատավարձով հենց այսօր աշխատել: Օրինակ, Բերդի տեքստիլի գործարանը վաղուց ուզում է լրացուցիչ աշխատողներ, մասնագետներ: Իրենք նաև վերապատրաստում են, մարդկանց սովորեցնում են կարել, բայց ցանկացողները քիչ են»,- ասաց Տավուշի մարզպետի մամուլի խոսնակը:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար