ԼՂ հակամարտությունն այդ տարածքում ապրող մարդկանց ֆիզիկական գոյության հարց է. իտալացի պատգամավորի ելույթը Սումգայիթում հայկական ջարդերի վերաբերյալ
Իտալիայի Հանրապետության Պատգամավորների պալատի պատգամավոր, հայ-իտալական միջխորհրդարանական հարաբերությունների պատասխանատու, իշխող Լեգա կուսակցության ներկայացուցիչ Ջուլիո Չենտեմերոն Իտալիայի խորհրդարանում ելույթ է ունեցել Սումգայիթում հայկական ջարդերի վերաբերյալ:
«Կուզենայի ելույթ ունենալ այս դահլիճում և հիշատակել նորագույն պատմության հավանաբար ամենաողբերգական, բայց քիչ ճանաչված էջերից մեկը՝ ադրբեջանական Սումգայիթ քաղաքում 31 տարի առաջ տեղի ունեցած հայերի ջարդերը։ 1988թ. փետրվարին, ինքնորոշման իրավունքի իրացման նպատակով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի խաղաղ ցույցերին ի պատասխան՝ Ադրբեջանի իշխանությունները կազմակերպեցին Ադրբեջանի Բաքու, Սումգայիթ և Կիրովաբադ քաղաքների հայ բնակչության դեմ բռնի ճնշումներ։
Ամենը սկսվեց Սումգայիթից, որտեղ Ադրբեջանի իշխանությունների բացահայտ աջակցության և թողտվության արդյունքում երեք օրում բազմաթիվ հայեր սպանվեցին մեկ պատճառով՝ իրենց էթնիկ պատկանելիության։ Հարյուր հազարավոր հայեր ստիպված եղան լքել իրենց տները, իրենց քաղաքները։ Այդ օրերին ոտնահարվեց մարդու հիմնարար իրավունքներից մեկը՝ կյանքի իրավունքը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է իտալացի պատգամավորը:
Նա ընդգծել է, որ Սումգայիթի կոտորածից հետո Եվրոպական խորհրդարանn ընդունել է բանաձև, որը տեղի ունեցածը բնորոշում է ժողովրդի սպանություն որպես այդպիսին։ Նա կարևոր է համարել ընդգծել, որ ԼՂ հակամարտությունը ոչ թե տարածքային պահանջ է, այլ այդ տարածքում ապրող մարդկանց ֆիզիկական գոյության հարց է:
«Ցավոք, անգամ 30 տարի անց դեռևս ականատես ենք հակահայկական շարունակվող հռետորաբանության և ատելության իրական քարոզչության։ Այս ամենը դրսևորվել է նաև 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում Լեռնային Ղարաբաղում անմեղ էակների՝ երեխաների դեմ հրետանու կիրառմամբ և ծերերի դաժան սպանությամբ։ Ուստի, անհրաժեշտ է վերջ դնել ատելության հռետորաբանությանը և սկսել կրթել ժողովուրդներին խաղաղության, մարդ արարածի հարգանքին և կրոնի ազատությանը։ Եվ ուրեմն, չափազանց կարևոր է, որ մեր երկիրը, որը նախագահել է 2018թ. ԵԱՀԿ-ում և որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիր, շարունակի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծման բանակցությունների շրջանակներում աջակցել ԼՂ հակամարտության կարգավորմամբ զբաղվելու միջազգային լիակատար մանդատ ունեցող միակ ձևաչափի՝ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին»,- եզրափակել է Ջուլիո Չենտեմերոն:

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են