ԵՄ-Հայաստան համաձայնագիրն ամենալավ բանն է, որ մենք կարող ենք անել այս պայմաններում․ Ֆրանկ Էնգել
Հայկական ներկայիս կառավարության հեռանկարները չափազանց դրական են, եւ ես այստեղ եմ, որպեսզի օգնեմ։ Այս մասին Երեւան կատարած իր այցի ընթացքում NEWS.am-ին տված հարցազրույցում հայտարարեց Եվրոպական խորհրդարանի անդամ Ֆրանկ Էնգելը։
Էնգելը, ով վերջերս ընտրվել է Լյուքսեմբուրգի Քրիստոնեա-սոցիալական կուսակցության նախագահ, պատմեց իր այցի նպատակի եւ Հայաստանի ու Եվրամիության հարաբերությունների իր տեսլականի, ինչպես նաեւ «Արեւելյան գործընկերություն» ծրագրի մասին։
Այց
Երեւան այցի ընթացքում Ֆրանկ Էնգելը հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի եւ խորհրդարանական մի շարք գործընկերների հետ։ «Ներկայիս կառավարության հեռանկարները չափազանց դրական են, նրա հայացքները ակնհայտորեն սատարվում են հայ ժողովրդի ճնշող մեծամասնության կողմից, եւ ես ուզում եմ, որ նրանք հասնեն հաջողության։ Ես, անկասկած, պատրաստ եմ օգնել գտնելու կապեր եւ ներդրողներ, օգնել իրականացնելու ծրագրեր»,- նշեց Էնգելը։
Ակնկալիքները ՀԸԳՀ-ից
Էնգելը կարծում է, որ Եվրոպական միությունը կձգտի առավելագույնս օգտագործել Համընդգրկուն եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը, քանի որ շատ բան կարելի է անել կառավարելու, գործնական կապերի տեսակետից, որոնք կարող են օգտակար լինել հայերի համար։ «Հայաստանն այնքան էլ մեծ արտադրանք չունի, որը կարելի է արտահանել ԵՄ, այն դեպքում, երբ ԵՄ-ից ապրանքները նույնպես մեծ հետաքրքրություն չեն ներկայացնում՝ գների եւ հասանելիության պատճառով, սակայն մյուս բոլոր ոլորտներում մենք կարող ենք արդյունավետ համագործակցել։ Ես կարծում եմ, որ ՀԸԳՀ-ն լավագույնն է, որ մենք կարող ենք անել այս պայմաններում»,- ասաց նա։ Ավելին, Եվրախորհրդարանի պատգամավորը հուսով է, որ Հայաստանի հանդեպ հետաքրքրությունը կաճի, եւ այստեղ ավելի շատ եվրոպական ներդրում կլինի։
«Արեւելյան գործընկերության» դերը
Այս տարի նշվում է «Արեւելյան գործընկերություն» ծրագրի տասնամյա տարելիցը, եւ այս նախագիծը ԵՄ հարեւանության քաղաքականության կարեւոր մասն է հանդիսանում՝ անվտանգության, քաղաքական եւ տնտեսական հարցերի, ինչպես նաեւ միգրացիոն հարթության տեսակետից՝ կարծում է Էնգելը։ Այնուամենայնիվ, Եվրախորհրդարանի անդամը խոստովանում է, որ ծրագրի մասնակից երկրները շատ տարբեր են, եւ դա այն պատճառներից մեկն էր, որ «Արեւելյան գործընկերությունը» բախվեց որոշակի խնդիրների։ «Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ մենք պետք է ավելի շատ դիմենք երկկողմ պայմանավորվածությունների, քանի որ բոլոր վեց երկրները բավական տարբեր են իրենց քաղաքականությամբ եւ մոտեցումներով։ Մենք դա պետք է անենք երկկողմ հիմունքներով, ղեկավարության հետ զրույցներում եւ հանդիպումներում, օրինակ՝ որպեսզի պարզենք, թե ինչ է իրականում ուզում Բելառուսի իշխանությունը»,- ասաց նա՝ հավելելով, որ անհատական մոտեցման օգտագործումը կօգնի ձեւակերպել վեց երկրներից յուրաքանչյուրի հետ համագործակցության սկզբունքները։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ