Լրագրողներին ԱԺ շենք չթողնելը` ԶԼՄ-ների ներկայացուցիչների գործունեության անհիմն սահմանափակում
Մի քանի լրագրողական կազմակերպություններ հայտարարությամբ են հանդես եկել՝ անդրադառնալով փետրվարի 2-ին Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողներին շենք մտնել չթողնելուն:
Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.
«Շաբաթ օրը՝ փետրվարի 2-ին, Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողներին թույլ չեն տվել մտնել խորհրդարանի շենք, ուր տեղի էր ունենում «Իմ քայլը» խմբակցության դռնփակ նիստը՝ վարչապետի ու գործադիր իշխանության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ։
ԶԼՄ-ների ներկայացուցիչները պարզաբանումներ են պահանջել, ինչին ի պատասխան ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության ղեկավարն ու որոշ պատգամավորներ արգելքը նախ պայմանավորել են ոչ աշխատանքային օրով, ապա՝ նիստի փակ լինելով, հետո էլ՝ վկայակոչել են խմբակցության կողմից հրավերի բացակայությունը։
Մինչդեռ, տվյալ պարագայում բերված պատճառաբանություններից ոչ մեկը չի կարող ընդունելի և համոզիչ համարվել։ Առաջին՝ եթե ոչ աշխատանքային օրով ԱԺ-ում կազմակերպվում է կարևոր քննարկում, ապա ինքնաբերաբար խորհրդարան մուտք գործելու հնարավորությունը պետք է տարածվի նաև հավատարմագրված լրագրողների վրա։
Երկրորդ՝ լրագրողները կարող են մատնանշել բազմաթիվ օրինակներ, երբ ոչ աշխատանքային ժամերին, մինչև ուշ երեկո, խորհրդարանում շարունակել են կատարել իրենց պարտականությունները։
Երրորդ՝ նիստի դռնփակ լինելը դեռ չի նշանակում, որ ԶԼՄ-ների ներկայացուցիչներն իրավունք չունեն մտնել ԱԺ շենք ու միջանցքներում փորձել մեկնաբանություններ ստանալ պատգամավորներից։ Եվ չորրորդ՝ հավատարմագրված լրագրողներն այս ամենի համար հրավեր ստանալու կարիք ամենևին էլ չունեն։
Մենք՝ լրագրողական կազմակերպություններս, ի գիտություն ենք ընդունում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի՝ փետրվարի 3-ի ֆեյսբուքյան գրառումն առ այն, որ լրագրողներին ներս չթողնելու ցուցում չի եղել, և որ տեղի է ունեցել թյուրիմացություն, ինչի համար ներողություն է խնդրել։ Այդուհանդերձ, տեղի ունեցածը գնահատում ենք որպես ԶԼՄ-ների ներկայացուցիչների գործունեության անհիմն սահմանափակում և կոչ ենք անում ԱԺ ղեկավարությանը.
. պաշտոնապես հայցել լրագրողների ներողամտությունը՝ կիրառված արհեստական արգելքի համար,
. hանձնարարել ԱԺ աշխատակազմի իրավասու ստորաբաժանումներին՝ վերանայել նախորդ խորհրդարանից ժառանգած՝ լրագրողների հավատարմագրման կարգը և նրանց գործունեությանը վերաբերող մյուս նորմատիվ ակտերը,
. պարտավորեցնել աշխատակազմին՝ առավել բարենպաստ պայմաններ ստեղծել ԱԺ-ում լրագրողների գործունեության համար և բացառել ապագայում անհիմն սահմանափակումների դրսևորումները։
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
Երևանի մամուլի ակումբ
Լրագրողների «Ասպարեզ» ակումբ
Ինֆորմացիայի ազատության կենտրոն
Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ – Հայաստան
Հանրային լրագրության ակումբ
«Լրագրողներ հանուն ապագայի» հկ
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հկ
Գորիսի մամուլի ակումբ»:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում