Ռուսաստանը կդիմակայի նաև հնարավոր նոր պատժամիջոցներին․ Մեդվեդև
Եթե լինեն ամերիկյան նոր պատժամիջոցներ, Կրեմլը դրանք նույնպես անօրինական է համարելու, այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, իր հերթին, հայտարարել է, որ իշխանությունները պատրաստ են աջակցել խոշոր ընկերություններին, եթե դրանք հայտնվեն ամերիկյան նոր պատժամիջոցների ցուցակում։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի տնտեսությունը արդեն համակերպվել է տարբեր տիպի պատժամիջոցների հետ, նույնիսկ որոշ օգուտներ կան այդ պատժամիջոցների մեջ: «Մենք հնարավորություն ենք ստանում կատարելագործել մեր տնտեսությունը, նոր մեխանիզմներ ենք ստեղծում», - այսօր ասել է Ռուսաստանի կառավարության ղեկավարը։
Մեդվեդևի խոսքով՝ որևէ ճգնաժամային բան չկա: «Մենք, իհարկե, կդիմակայենք այդ պատժամիջոցներին, պարզապես ափսոս է, որ դրա վրա մեր ժամանակն ենք ծախսում», - հայտարարել է Ռուսաստանի վարչապետը:
Սոլսբերիի գործով նոր պատժամիջոցների առավել ծանր երկրորդ փաթեթը պետք է ուժի մեջ մտներ նոյեմբերից, սակայն սառեցվել էր Միացյալ Նահանգներում միջանկյալ ընտրությունների պատճառով։
Երեկ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Հիթեր Նաուերթը հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ՝ մարտին բրիտանական Սոլսբերի քաղաքում ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր՝ Յուլիա Սկրիպալի թունավորման գործի շրջանակում։
Պետդեպարտամենտը երեկ հայտնել է, որ Կոնգրեսի հետ կքննարկի նոր պատժամիջոցների հարցը, քանի որ Ռուսաստանը եռամսյա վերջնաժամկետում չի կատարել քիմիական զենքի օգտագործման կանխարգելման մասին ԱՄՆ 1991 թվականի օրենքի պահանջները։
Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները մեղադրում են ռուսական կառավարությանը այս տարվա մարտին Մեծ Բրիտանիայի Սոլսբերի քաղաքում հայր և դուստր Սկրիպալներին նյարդապարալիտիկ «Նովիչոկ» նյութով թունավորելու համար։
Սկրիպալներին անգիտակից վիճակում հայտնաբերել էին մարտի 4-ին Սոլսբերիում՝ նստարանի վրա: Շաբաթներ շարունակ հիվանդանոցում բուժում ստանալուց հետո նրանք ապաքինվել են: Բրիտանական իշխանությունները պարզել են, որ Սկրիպալները թունավորվել են ԽՍՀՄ-ում արտադրված «Նովիչոկ» տեսակի նյարդապարալիտիկ նյութով: Ռուսաստանը հերքում է մեղադրանքները:
Ռուս նախկին լրտեսի և նրա դստեր թունավորման կապակցությամբ Վաշինգտոնը օգոստոսին արդեն պատժամիջոցներ էր սահմանել Մոսկվայի նկատմամբ: Սա այդ պատժամիջոցների երկրորդ փաթեթն է:
Սեպտեմբերին Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մանիշա Սինգհը հայտարարել էր, որ Ռուսաստանը թույլ չի տվել Միացյալ Նահանգներին իր օբյեկտներում քիմիական զենքի ոչնչացման մոնիթորինգ անցկացնել, և հավելել էր, որ պատժամիջոցների երկրորդ փաթեթը շատ խիստ է լինելու։
Օգոստոսին, երբ հայտնի էր դարձել այս պատժամիջոցների մասին, փորձագետները կարծիք էին հայտնում, որ սա թերևս ամենացավոտ փաթեթն է լինելու Ռուսաստանի արդեն թուլացած տնտեսության համար։ Այս երկրորդ փաթեթով արգելվելու է Ռուսաստանին մատակարարել տեխնոլոգիաներ, օրինակ՝ ավիացիոն տուրբիններ, արգելվելու են «Աէրոֆլոտ»-ի թռիչքները Միացյալ Նահանգներ, լուրջ սահմանափակումներ են լինելու նաև Ռուսաստանի բանկերի նկատմամբ:
Bloomberg-ը ավելի վաղ գրել էր, որ եթե ուժի մեջ մտնի երկրորդ փուլով նախատեսված պատժամիջոցների փաթեթը, կնշանակի, որ Միացյալ Նահանգները պարզապես էմբարգո է հայտարարում Ռուսաստանի նկատմամբ:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ