Իրանցի ներդրողը հայ գործարարներին առաջարկել է համատեղ ձեռնարկություն ստեղծել
Իրանական կողմը պատրաստ է ազատ տնտեսական գոտում ներդրումներ կատարել եւ ակտիվորեն մասնակցել ենթակառուցվածքների կառուցմանը, հունվարի 27-ին Երեւանում անցկացվող հայ-իրանական բիզնես համաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում հայտարարեց RENA ընկերության տնօրեն, «Արազ» ազատ տնտեսական գոտու պատվավոր անդամ, Հայաստանում առաջին իրանցի ներդրող Ռեզա Նաֆազին:
«Ազատ տնտեսական գոտին շահույթ է ապահովում առաջին հերթին արտադրողի համար: Այն թույլ է տալիս իր գործունեությունն իրականացնել առանց լրացուցիչ մաքսատուրքերի եւ արտադրանքն արտահանել: Սովորական պայմաններում արտադրությունը մշտապես կապված է մեծ քաշքշուկի եւ ահռելի հարկերի հետ, նման գոտու ստեղծումը թույլ կտա այս ամենից խուսափել: Համոզիչ օրինակ է, որ «Արազ» ազատ տնտեսական գոտում ձեռնարկությունները 25 տարով ազատված են որեւէ մաքսատուրքից»,- ասաց նա:
Որպես ամենահետաքրքիր նախագծի օրինակ Նաֆազին նշեց Elbat համատեղ մասնաճյուղի հիմնումը ազատ տնտեսական գոտում: Հայտնի է, որ հայկական կողմը իրանական շուկա իր արտադրանքը մատակարարելիս բախվել է ահռելի հարկերի խնդրի: Համատեղ ձեռնարկությունն օգնել է խուսափել այս խնդիրներից՝ մաքսատուրքը 70 տոկոսից նվազել է մինչեւ 10 տոկոս: Իրանն իր կողմից հումք եւ նյութեր է մատակարարում՝ պահովելով գործարանի անխափան աշխատանքը:
Նա կոչ արեց ժամանակ չկորցնել այլ երկրներից համանման առաջարկների սպասելու վրա: Իրանը մեծ պաշարներ ունի եւ պատրաստ է միլիոնավոր դոլարներ ներդնել ենթակառուցվածքների կառուցման եւ Մեղրիում ազատ տնտեսական գոտու ճանապարհների վերանորոգման համար: Դրանից զատ, RENA-ի տնօրենը հայ ձեռնարկատերերին առաջարկեց համատեղ ձեռնարկություններ ստեղծել:
«Իրանում հումքն անչափ էժան է: Մենք կարող ենք արտադրությունների համար նյութ մատակարարել, բաշխումով կզբաղվի հայկական կողմը, որից հետո պատրաստի արտադրանքը կարտահանվի ԵՏՄ երկրներ, այդ թվում՝ նաեւ Վրաստան: Դա շահավետ կլինի ինչպես Հայաստանի, այնպես էլ Իրանի համար: Մենք Հայաստանում արդեն շատ ընկերությունների հետ ենք համագործակցում, օրինակ՝ Semur & Co-ի, Shen-ի, Elbat-ի՝ նրանց հումք մատակարարելով: Բայց պատրաստ ենք համագործակցել ոչ միայն շինարարական ընկերությունների հետ: Փոխշահավետ համագործակցության հնարավորությունները շատ են»,- հավելեց իրանցի ձեռնարկատերը:
NEWS.am-ի այն հարցին, թե ապագայում հնարավո՞ր է Ռուսաստանի հետ համատեղ ձեռնարկությունների ստեղծում Հայաստանի տարածքում, Ռեզա Նաֆազին պատասխանեց, որ իրանական կողմը պատրաստ է ցանկացած տեսակի համագործակցության, ինչպես Հայաստանի, այնպես էլ ԵՏՄ մյուս երկրների հետ:
Հիշեցնենք, որ հունվարի 27-ին Երեւանում անցկացվում է հայ-իրանական բիզնես համաժողով՝ նվիրված Հայաստանում ազատ տնտեսական գոտիների ստեղծման հեռանկարներին եւ փոխշահավետ պայմաններով համագործակցության հարցերին:


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...
Այլ երկրի կողմից մեկ ուրիշ երկիր զորքերի ուղարկումը «շատ նենգ, անխոհեմ և անօրինական» գործողություն է
Գվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալ
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին