Հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը երկարաձգվում է մեկ տարով
ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված՝ այսպես կոչված, հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը երկարաձգվում է՝ 2019 թ. հունվարի 1-ի փոխարեն սահմանելով մինչև 2020 թ. հունվարի 1-ը՝ չնայած նրան, որ առաջարկվում էր հետաձգել երկու տարով:
Այդ մասին օրենսդրական նախագծերի փաթեթն արժանացավ կառավարության հավանությանը:
Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը նշեց, թե «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» և «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքներով սահմանված է, որ հին նմուշի անձնագրերը ՀՀ քաղաքացիներին տրամադրվելու են մինչև 2019 թվականի հունվարի 1-ը, ինչը ենթադրում է, որ հունվարի 1-ից հետո ՀՀ քաղաքացիներին կարող են տրամադրվել բացառապես կենսաչափական անձնագրեր:
«2017 թ. հունվարի 1-ին ավարտվել է Հայաստանի Հանրապետության կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգը սպասարկող և բլանկներ մատակարարող Լեհական PWPW ընկերության հետ կնքված պայմանագրի գործողության ժամկետը: Մինչդեռ ՀՀ-ում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկման, արդիականացված ավտոմատացված համակարգի ներդրման, սպասարկման և փոխանցման նպատակով կոնցեսիայի պայմանագիր կնքելու համար գնման ընթացակարգը դեռևս ավարտված չէ: Հայտարարված մրցույթի իրականացման և հաղթող կազմակերպություն ունենալու դեպքում համակարգի հետագա տեխնիկական շահագործումն ապահովելու նպատակով դեռևս լրացուցիչ ժամանակ կպահանջվի, ուստի նպատակահարմար է ՀՀ քաղաքացիներին հին նմուշի անձնագրեր տրամադրելու ժամկետը երկարաձգել: Այն թույլ կտա առանց խոչընդոտների ապահովել մրցույթի կայացումից հետո նույնականացման քարտերի և կենսաչափական անձնագրերի նոր բլանկների ձեռքբերման, համակարգի ամբողջական գործարկման և լիարժեք սպասարկման աշխատանքները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Օսիպյանը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անհամաձայնություն հայտնեց ժամկետը երկու տարով հետաձգելու հետ կապված, և հենց նրա առաջարկով ժամկետը հետաձգվեց մեկ տարով: Ըստ նրա, երկու տարով հետաձգելու պարագայում բարեփոխումների ողջ շղթան, այդ թվում թվայնացման գործընթացները կանգնեցվում են:
Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն էլ հավելեց, որ երկար ժամանակով հետաձգման պարագայում ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման խնդրի հետ կապված ևս խնդիրներ կառաջանան:
Իր հերթին, Վալերիյ Օսիպյանն ասաց, որ հետաձգման հարցը հիմնականում պայմանավորված է ֆինանսների, ինչպես նաև ծրագիրն իրականացնող ընկերության մրցույթի անցկացման հետ:
«Առաջարկում եմ նախագիծն ընդունենք, սակայն պետք է աշխատել թեմայի վրա, հասկանալ հնարավորությունները: Ընթացքում կոնկրետ լուծումներ առաջարկեք, որպեսզի բալանսավորված մոտեցման գանք»,- ասաց Վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ակնկալվում է, որ փոփոխությունը հնարավորություն կտա մինչև կենսաչափական անձնագրերի համակարգի նոր մատակարար ընկերության լիարժեք աշխատանքը՝ ապահովել ՀՀ քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման գործընթացը:


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ