Մինսկի խումբը ցանկանում է փրկել իրեն, պահպանել իր գոյությունը. Ալեքսանդր Սկակովը՝ ՄԽ համանախագահների «անհասցե հայտարարությունների» մասին
Եթե ԵԱՀԿ Մինսկի խումբը ցանկանում է առաջընթաց լինի ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, պետք է հասցեական հայտարարություններ անի. լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով արցախյան սահմաններում լարված իրավիճակի մասին, նման կարծիք հայտնեց «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» նախագահ Ստեփան Գրիգորյանը՝ հավելելով, որ անհասցե հայտարարությունները մղում են Ադրբեջանին նորից ձեռնարկել ռազմական գործողություններ ու առավել ագրեսիվ լինել:
Ռազմավարական և ազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանն էլ նշեց. «Արևմտյան միջնորդները շատ քիչ լծակներ ունեն՝ ազդելու իրավիճակի վրա: Ոչ ոք և ոչինչ չի կագնեցնում Ադրբեջանին՝ հերթական հարձակումը նախաձեռնելիս: Այս անգործությունը և Ադրբեջանի նկատմամբ ճնշման բացակայությունը ավելի ու ավելի սրում են իրավիճակը»,- ասաց նա՝ հավելելով, որ իրականում ընդամենը մեկ երկիր կա, որ կարող է կանգնեցնել Ադրբեջանին, և այդ երկիրը Ռուսաստանն է:
Նա նշեց, որ Ռուսաստանն առավել շատ հնարավորություններ ունի ազդելու հակամարտության կարգավորման վրա՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է Մոսկվային վերադարձնել Հարավային Կովկասն ու հետխորհրդային երկրները:
Ըստ վերլուծաբանի՝ չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը զենք է վաճառում և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին, չի նշանակում, որ այս իրավիճակում շահում է: «Ամեն դեպքում, Մոսկվայի համար շահեկան չէ հերթական էսկալացիան: Իրականում սպառնալիքը ոչ թե Մոսկվայից է գալիս, այլ հենց Բաքվից: Բայց, ցավոք, հենց Մոսկվան է այս հարցում օգնում Բաքվին»,- ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանի համար միակ լուծումն այս իրավիճակում սեփական ռազմական հնարավորություններն ուժեղացնելն է:
Ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովն էլ, անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «անհասցե հայտարարություններին», ասաց, որ հիմա Մինսկի խումբը ցանկանում է իրեն փրկել, պահպանել իր գոյությունը: Նրա խոսքով, չնայած եղած քննադատություններին, Մինսկի խումբը միակ գործող ֆորմատն է հակամարտության կարգավորման գործընթացում:
Նա նշեց, որ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններն էլ հակամարտության կողմերի նկատմամբ կիրառված ճնշումների արդյունքում են եղել: «Բայց պարզ էր, որ այն պայմանավորվածությունները, որոնց տակ Ադրբեջանը չէր ստորագրել, չէր էլ պահի»,- ասաց նա:
Ռիչարդ Կիրակոսյանը, վերադառնալով ապրիլյան պատերազմի օրերին, նշեց, որ մենք պետք է վերլուծենք, թե ինչ չի արվել. «Հայաստանյան կողմը չփորձեց ամբողջությամբ ներգրավվել ռազմական գործողություններին: Որոշում ընդունվեց, որ չպետք է օգտագործեն ռազմական իսկանդերները այդ գործողությունների ժամանակ»,- ասաց նա:
Ադրբեջանի գործողությունները վերլուծելիս նա նկատեց, որ մինչ ապրիլ ամիս Ադրբեջանը հարձակվում էր պարզապես հարձակվելու համար, իսկ ապրիլին արդեն պատրաստվում էր հարձակման:
«Վերջին հարձակումն արդեն Ադրբեջանի համար թեստ էր: Նրանք պարզապես նախապատրաստվում էին հաջորդ հարձակման համար։ Այն նաև համընկնում էր Խոջալուի իրադարձությունների հետ և, իհարկե, այն իրադարձության հետ, որ Մեհրիբան Ալիևան նշանակվել էր փոխնախագահ»,- ասաց նա:
Կանխատեսելով ապագան՝ վերլուծաբանը նշեց, որ ռազմական տեսանկյունից ապրիլը ամենահավանական ժամանակն է, որ սրացում կլինի, որովհետև այդ ժամանակ եղանակային պայմանները լավ կլինեն։ Բացի դրանից՝ Ադրբեջանը Ռուսաստանից և Իսրայելից զենք է ստանալու: «Հավանական է նաև, որ հարձակում կլինի ընտրություններից հետո և ոչ թե առաջ: Որովհետև, եթե հարձակումը տեղի ունենա ընտրություններից առաջ, ապա դա կլինի մեծ նվեր Հանրապետական կուսակցությանը: Իսկ եթե ընտրություններից հետո լինի հարձակումը, այն կդառնա թեստ՝ նոր խորհրդարանի համար»,- ասաց նա:
Մանրամասները՝ tert.am- ում


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԵՄ ընդլայնման հարցերի հանձնակատար Մարթա Կոսի հայտարարությունները
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Պատրաստվելով Օմանում մեր դեսպանության բացմանը. Կադրից դուրս
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել