Արթուր Աբրահամ․ Պարտություններն աննկարագրելի ծանր եմ տանում
Մեծագույն նպատակս աշխարհի չեմպիոնի տիտղոսը վերադարձնելն է: Պարտություններն աննկարագրելի ծանր եմ տանում, եւ իմ նախորդ մենամարտում կրածս պարտությունն էլ բացառություն չէր: Ինձ իմ տարիքը դեռ իր մասին ռինգում չի հիշեցրել եւ մենամարտի օրը ես Նիլսենին ցույց կտամ, թե տարիքն ու արագությունն ում կողմն են:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը (46-6-0, 30 նոկաուտ), որն ապրիլի 28-ին Գերմանիայի Օֆֆենբուրգ քաղաքի «Բադեն Արենա» մարզապալատում կմենամարտի դանիացի Պատրիկ Նիլսենի (29-2, 14 նոկաուտ) հետ:
38-ամյա բռնցքամարտիկի խոսքով, նա դեռ պատրաստ չէ ավարտել կարիերան եւ մտածում է աշխարհի չեմպիոնի տիտղոսը վերադարձնելու մասին: Աբրահամը նախորդ մենամարտն անցկացրել է 2017-ի հունիսի 15-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում, որտեղ մրցավարների միաձայն որոշմամբ պարտվել էր երկրորդ միջին քաշային կարգում IBO վարկածով աշխարհի չեմպիոն, բրիտանացի Քրիս Յուբենք կրտսերին։
Արթուր, շուրջ մեկ ամսից քեզ կրկին կտեսնենք ռինգում: Նախորդ մենամարտիցդ անցել է մոտ 9 ամիս: Ի՞նչն էր ռինգից այսքան երկար բացակայության պատճառը:
Իմ մենամարտերի հետ կապված ամեն ինչ` վայրը, մրցակցին, ժամանակացույցը որոշում է Sauerland event պրոմոուտերական կազմակերպությունը, որի հետ պայմանագիր ունեմ: Մենեջերս մրցակից գտնելու երկար բանակցությունների մեջ էր, եւ դրա համար պահանջվեց երկար ժամանակ:
Մրցակիցդ լինելու է դանիացի Պատրիկ Նիլսենը: Ինչպե՞ս ես տրամադրված մենամարտիդ:
Հաղթական. ես պատրաստ եմ եւ կարող եմ նորից դառնալ աշխարհի չեմպիոն: Այս մենամարտի հաղթողը կդառնա վարկանիշային աղյուսակի առաջատար եւ նրա հաջորդ մենամարտը կլինի գերմիջին քաշային կարգի աշխարհի չեմպիոնի կոչման համար։ Ես կլինեմ այդ մարզիկը:
Ինչպե՞ս քեզ մրցակից ընտրվեց Նիլսենը: Եվ ի՞նչ կասես նրա մասին:
Ինչպես նշեցի, մենեջերս է ընտրել, բանակցել նրա ներկայացուցիչների հետ եւ եկել ընդհանուր հայտարարի: Մրցակիցս երիտասարդ, ուժեղ, հավակնոտ մարզիկ է, բայց ես կհաղթեմ նրան:
Ի՞նչ մարզումային փուլ ես անցել, որտե՞ղ ես մարզվել եւ այս պահին ի՞նչ մարզավիճակում ես:
Այս ամբողջ ընթացքում մարզվել եմ, երբեք չեմ դադարեցրել մարզումներս, հիմա էլ Բեռլինում ավելի խիստ ռեժիմով եմ մարզվում:
Քո հարցազրույցում նշել ես, որ դեռ չես ցանկանում «գնալ թոշակի»: Ի՞նչ նպատակներ ունես բռնցքամարտում եւ դեռ որքա՞ն ժամանակ կուրախացնես երկրպագուներիդ:
Մեծագույն նպատակս աշխարհի չեմպիոնի տիտղոսը վերանվաճելն է, դեռ 1-1,5 տարի կլինեմ ռինգում:
Ասում են՝ բռնցքամարտում տարիքն ամենամեծ խոչընդոտն է: Համամի՞տ ես այս կարծիքի հետ եւ երբեւէ ռինգում տարիքդ քեզ «հիշեցրե՞լ» է իր մասին:
Տարիքը խոչընդոտ է դառնում, երբ սկսում է հիշեցնել քեզ իր մասին: Բոլոր տարեց բռնցքամարտիկներն էլ ասում են, որ ինչ-որ պահի տարիքը սկսեց զգալ տալ: Նման բան դեռ չի պատահել ինձ հետ:
Պատրիկ Նիլսենն իր հերթին իր հարցազրույցում նշել է, որ ձեր մենամարտում տարիքն ու արագությունն իր կողմն են։ Ի՞նչ կասես այս մասին:
Չեմ մեկնաբանի նրա ասածը, ռինգում ցույց կտամ, թե տարիքը եւ արագությունը ում կողմից են:
Արթուր, քո մենամարտերը հիմնականում համընկնում են Հայոց ցեղասպանության զոհերի տերելիցի օրերին: Հատու՞կ ես ընտրում այդ օրերը, թե ուղղակի զուգադիպություն է: Եվ հերթական հաղթանակդ կերտելուց հետո ում կնվիրես այն:
Իմ մենեջերական թիմի ընտրությամբ է որոշվում օրը: Հենց հաղթեմ, տեղում կասեմ, թե ում եմ նվիրում հաղթանակս:
Նախորդ մենամարտում, որը կայացել էր 2017 թվականի հունիսի 15-ին, մրցավարների միաձայն որոշմամբ պարտվեցիր բրիտանացի Քրիս Յուբենք կրտսերին: Ո՞րն էր այդ պարտության պատճառը:
Նա ամուր մարզիկ էր, շարժուն, դիմադրող... Դիմադրեց, դիմադրեց եւ միավորներով հաղթանակ տարավ:
Ի՞նչ ազդեցություն թողեց այդ պարտությունը քեզ վրա, ի՞նչ նոր փոփոխություններ կլինեն քո բռնցքամարտում:
Պարտությունները բոլորն էլ աննկարագրելի ծանր եմ տարել, դա էլ բացառություն չէր: Փոփոխությունների մասին դեռ վաղ է խոսել: Ամեն ինչ կանեմ իմ մարտարվեստի երկրպագուների սպասելիքները արդարացնելու համար:


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ