Երկուշաբթի ամերիկյան ռազմաօդային ուժերը օդային հարվածներ են հասցրել Իրանում գտնվող հրթիռային արձակման կայանքներին եւ Հորմուզի նեղուցում ականներ տեղադրել փորձող նավակներին, հայտարարել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը՝ CENTCOM- ը։ Ըստ հրամանատարության խոսնակ Թիմ Հոքինսի՝ հարվածները եղել են պաշտպանական բնույթի եւ ուղղված են եղել «իրանական ուժերի կողմից եկող սպառնալիքներին»։
Հոքինսը վստահեցրել է, որ ԱՄՆ-ը «զսպվածություն է ցուցաբերում շարունակվող հրադադարի ընթացքում»։ Հարվածները հասցվել են հարավային նավահանգստային Բանդար Աբբաս քաղաքի մերձակա շրջանին։ Այնտեղ է տեղակայված իրանական ռազմածովային բազան, գրում է The New York Times։
Հարձակման հետեւանքով զոհվել են մի քանի իրանցի զինծառայողներ, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իրանական պետական Nour News լրատվական գործակալության։
Հարվածներից մի քանի ժամ առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Թեհրանի հետ ժամանակավոր համաձայնագրի շուրջ բանակցություններում առաջընթացի մասին։
Truth Social սոցիալական ցանցում նա գրել էր, որ Իրանի հետ բանակցությունները «լավ» են ընթանում, սակայն զգուշացրել էր նոր հարձակումների մասին, եթե դրանք տապալվեն։ «Սա կամ բոլորի համար հիանալի գործարք կլինի, կամ ընդհանրապես որեւէ համաձայնագիր չի լինի»,- նշել էր Թրամփը։
Այդ ընթացքում Իրանի գլխավոր բանակցողը՝ խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը եւ իրանցի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ Դոհայում բանակցություններ էին վարում Կատարի վարչապետի հետ ԱՄՆ-ի հետ հնարավոր համաձայնագրի շուրջ։ Քննարկվում էին նաեւ պատժամիջոցների վերացման եւ ակտիվների ապասառեցման հարցերը, գրում է Bloomberg-ը։
Հակամարտության շուտափույթ ավարտի հույսը նվազում է, սակայն այն դեռ պահպանվում է, նշում է Reuters-ը։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ավելի վաղ խոստացել էր, որ ԱՄՆ-ը հնարավորություն կտա դիվանագիտությանը՝ նախքան Իրանի հետ «այլ եղանակով» փոխգործակցության հնարավորությունը դիտարկելը։
Երկուշաբթի նոր հարվածներից հետո Ռուբիոն հայտարարել է, որ համաձայնագիրը դեռ հնարավոր է։ «Կտեսնենք՝ կկարողանա՞նք առաջընթաց գրանցել։ Կարծում եմ՝ այժմ բազմաթիվ բանակցություններ են ընթանում նախնական փաստաթղթի կոնկրետ ձեւակերպումների շուրջ, ուստի դա մի քանի օր կպահանջի»,- ասել է Հնդկաստանում այցով գտնվող Ռուբիոն։ ԱՄՆ պետքարտուղարը հերթական անգամ հայտարարել է, որ Թրամփը «ցանկանում է համաձայնագիր կնքել»։
BBC- ին գրում է, որ իր հերթին իրանական լրատվական գործակալությունները երկուշաբթի հայտնել են, որ իրանական նոր հակաօդային պաշտպանության համակարգը խոցել է «թշնամական» անտեսանելի անօդաչու սարք։ Թե որտեղից էր այն եկել, չի հստակեցվել։
«Սա մեր կողմից նշան է, որ այլեւս ոչ մի անօդաչու սարք չի կարող ներթափանցել Պարսից ծոցի երկինք»,- Fars գործակալությունը մեջբերում է երկրի իշխանությունների աղբյուրների խոսքերը, հայտնում է BBC-ին։
ԱՄՆ-ի նոր հարվածներին Իրանը դեռ չի արձագանքել։ Սակայն ավելի վաղ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաեին հայտարարել էր, որ թեեւ պատերազմի դադարեցման շուրջ բանակցություններում որոշակի առաջընթաց արձանագրվի, գործարքը «անխուսափելի չէ»։


















































ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքուն...
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել
Ուշադրությո՛ւն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնը
Գումար` հանրահավաքին մասնակցելու համար
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող օրինագծին
Դեսպան Մկրտչյանը ԱՄՆ Կոնգրեսում մասնակցել է ընտանիքների բարօրությանը նվիրված միջոցառմանը
Ուշադրության կենտրոնում է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը