Բանակի ողնաշարը քանդելու հերթական քայլը
«Փաստ» օրաթերթը գրում է.
Տարիներ շարունակ Փաշինյանն անընդհատ խոսում է պրոֆեսիոնալ բանակ ունենալու մասին, բայց միակ բարեփոխումը, եթե կարելի է, իհարկե, այդպես անվանել, որը եղել է պաշտպանունակության բարձրացման անվան տակ, եռամսյա հավաքներն են, սակայն այն պրոֆեսիոնալ բանակի հետ ընդհանրապես կապ չունի։ Ընդ որում, պրոֆեսիոնալ բանակ հասկացությունը կարելի է տարբեր կերպ մեկնաբանել։ Ժամանակակից զարգացման պայմաններում պրոֆեսիոնալ բանակ ասելով՝ առաջին հերթին կարելի է հասկանալ բարձր հմտություններ և ինտելեկտուալ որակներ ունեցող անձնակազմ, որը կիրառում է արդիական սպառազինություն և կապի միջոցներ։
Պրոֆեսիոնալ բանակը արդյունավետ է այն դեպքում, երբ դրա համար հատկացվում են բավարար ֆինանսական ռեսուրսներ և անվտանգություն ապահովող տեխնոլոգիաներ։ Բնական է, որ մարտունակության բարձրացման համար պրոֆեսիոնալ զինծառայողները պետք է ունենան երկարատև և որակյալ պատրաստություն, ինչը նաև ժամանակատար է։ Փաշինյանը պարբերաբար կրկնում էր, թե փողի խնդիր չունենք, բյուջեի եկամուտներն ավելացել են, բայց այդպես էլ համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվում պրոֆեսիոնալ բանակ ձևավորելու համար։ Բանակում ծառայող պրոֆեսիոնալներն ավելի քիչ են վարձատրվում, քան իշխանավորները, որոնք օգտվում են պարգևավճարներից ու շռայլ ծախսեր անում։ Ավելին՝ բազմաթիվ սպաներ, որոնք ունեն համապատասխան փորձ ու մասնագիտական որակների են տիրապետում, թիրախավորվում են կամ հեռացվում բանակից։ Կամ էլ այնպիսի պայմաններ են ստեղծվում, որ նրանք թողնեն ու գնան։
Ժամանակ առ ժամանակ էլ տեղեկություններ են հրապարակվում Հայաստանի կողմից սպառազինությունների գնման մասին, սակայն դրանց ծավալները բավարար չեն՝ հաշվի առնելով, թե ինչ տեմպերով է զինվում Ադրբեջանը։
Կարևոր է նաև այն հանգամանքը, որ Հայաստանը կախված չլինի միայն սպառազինությունների ներկրումներից, սակայն մենք այդպես էլ կայացած ռազմարդյունաբերություն չկարողացանք ունենալ։ Ժամանակ կար, երբ հայկական արտադրության ԱԹՍ ներն էին շատ ուժեղ գովազդում, բայց իրական մարտական պայմանները ցույց տվեցին, որ դրանք արդյունավետ չեն։
Հիմա արդեն Փաշինյանը հայտարարում է, թե բանակը պետք է տեղավորվի խաղաղության օրակարգի մեջ, և պարզ է դառնում, թե ինչ նկատի ունեն իշխանությունները՝ պրոֆեսիոնալ բանակ ասելով։ Այն է՝ ընդամենն ունենալ սահմանապահ զորքեր, ուրիշ ոչինչ, իսկ դա այն է, ինչ Ադրբեջանն է պահանջում։ Եվ մեկ անգամ չէ, որ Բաքվից հայտարարություններ են հնչել Հայաստանի բանակը սահմանափակելու։ Փաստորեն, փաշինյանական «խաղաղության օրակարգը» Հայաստանը տանելու է հերթական կապիտուլյացիայի, երբ պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու անվան տակ պետությունն ապառազմականացվելու է։ Թերևս այս տրամաբանության ներքո կարելի է դիտարկել նաև Փաշինյանի մյուս հայտարարությունը, թե սայլակին նստած մարդուն էլ կարելի է տանել բանակ։ Պարզ է, որ եթե հայտարարությունը վերաբերեր իրական պրոֆեսիոնալ բանակին, ապա լուրջ առողջական խնդիրներով մարդկանց զորակոչելու մասին խոսք անգամ չէր կարող լինել։ Բազմաթիվ երկրների փորձը ցույց է տալիս, որ պրոֆեսիոնալ զինծառայողների ընտրությունն անցկացվում է խիստ հոգեբանական, ֆիզիկական և տեխնիկական չափորոշիչներով։ Մյուս կողմից էլ՝ նկատի է առնվում բարձր կրթական ցենզը տեխնոլոգիական ոլորտում՝ հաշվի առնելով, որ ժամանակակից պրոֆեսիոնալ բանակները մեծապես ապավինում են տեխնոլոգիաներին (դրոններ, կիբերանվտանգություն, արհեստական բանականություն)։
Ռազմական ոլորտը խաղուպար չէ, որ փողոցներով քայլողներին ու սոցցանցերում ժամանակ անցկացնող «ստատուսչիներին» նշանակեն բարձր պաշտոնների, որոնք կսկսեն նույնիսկ անվտանգության ոլորտը համակարգել։
Մեր իրականության մեջ ստացվում է, որ իշխանությունները նպատակ ունեն բանակը վերածել ընդամենն օֆիսային ու գրասենյակային աշխատանքի։ Եվ սա բանակի ողնաշարը ջարդելու հերթական քայլն է այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահի կողմից շարունակում են սպառնալիքներ ու հոխորտանքներ հնչել։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ