Սնուփ Դոգգի համերգի համար պետությունից 2,3 մլրդ դրամ ստացած «Դոպինգ Սփեյս»-ը պետբյուջե կվերադարձնի 25 մլն դրամ
Սնուփ Դոգգի համերգի կազմակերպման համար պետությունից 2,3 մլրդ դրամ ստացած «Դոպինգ Սփեյս» ընկերությունը պետբյուջե կվերադարձնի 25 միլիոն դրամը։
Այս մասին Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են «Դոպինգ Սփեյս» ընկերությունից։
Հայտնի ռեփերի համերգը Երևանում կազմակերպող ընկերությունից հստակեցրել են, որ պարտավորվել են պետական բյուջե վճարել 25 միլիոն դրամ։
Ինչ վերաբերվում է միջոցառման կազմակերպման համար գնված գույքին, «Դոպինգ Սփեյս»-ից փոխանցել են, որ ծրագրի շրջանակում ձեռք բերված գույքը պարտավորվում են հանձնել կառավարությանը։
«Ընկերությունը նախագծի ավարտից հետո հաշվետվություն կներկայացնի ՀՀ կառավարությանը, որտեղ հստակ կարտացոլվեն ֆինանսական և գույքային պարտավորությունները»,- մանրամասնել են ընկերությունից։
Ավելի վաղ Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացրել էին, որ կառավարությունը հայտնի ռեփեր Սնուփ Դոգգի համերգից ստացված հասույթից որևէ եկամուտ չի ունենալու, ամբողջ հասույթը տնօրինելու է «Դոպինգ Սփեյս» ընկերությունը, բայց պարտավոր է պետբյուջե վճարումներ կատարել։
««Հրազդան» մարզադաշտում կայանալիք Սնուփ Դոգգի համերգից ստացած շահույթից ՀՀ կառավարությունը ֆինանսական մասնաբաժին չի ունենալու, սակայն «Դոպինգ Սփեյս» ընկերությունը պարտավոր է պետական բյուջե վճարել 24381․0 հազար դրամ, որը կուղղվի մշակույթի ոլորտի ֆինանսավորմանը»,- մեկնաբանել էին նախարարությունից։
Հիշեցնենք, որ Հայաստանի Կառավարությունն առանց մրցույթի 2,3 մլրդ դրամ՝ շուրջ 6 մլն դոլար է փոխանցել «Դոպինգ Սփեյս» ընկերությանը՝ հայտնի ռեփեր Սնուփ Դոգգի համերգը Երևանում կազմակերպելու համար։
Նշենք, որ հանրությունը միանշանակ չի ընդունում պատերազմի տարելիցից չորս օր առաջ նման համերգի կազմակերպումը։ Հանրության տարբեր շրջանակների կողմից կառավարության այս որոշումը քննադատությունների առիթ է դարձել, շատերը պահանջում են չեղարկել Երևանում կայանալիք համաշխարհային աստղի համերգը։
Հավելենք նաև, որ ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների, «Դոպինգ Սփեյս» ընկերությունը հիմնադրվել է 2023 թվականի հուլիսի 4-ին։ Այս ընկերության 51 տոկոսը պատկանում է Մակար Պետրոսյանին, նա ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի՝ առավել հայտի ՄԱՊ-ի Ալիկի որդին է։
Պետությունից 6 մլն դոլարի դրամաշնորհ ստացած ընկերության 49 տոկոս բաժնեմասն էլ, ըստ պետռեգիստրի, պատկանում է Հայկ Սիմոնյանին։

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են