Շոլցը Պրիգոժինի խռովության մասին. Պուտինը թուլացել է
Եվգենի Պրիգոժինի խռովությունը թուլացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին եւ երկարատեւ հետեւանքներ կունենա նրա իշխանության համար, ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ARD հեռուստաալիքի հարցազրույցում։
Շոլցի խոսքով՝ Դաշնային հետախուզական բյուրոն (BND) նախապես չի իմացել պատրաստվող խռովության մասին։ Ինչ վերաբերում է ԶԼՄ-ների հաղորդումներին, որ ԱՄՆ հետախուզությունն իմացել է Պրիգոժինի պլանների մասին, բայց դաշնակիցներին չի տեղեկացրել, Շոլցն ասել է, որ կքննարկի այդ հարցը։
«Ցանկացած պարագայում, դա երկարատեւ հետեւանքներ կունենա Ռուսաստանի համար։ Ես հավատում եմ, որ նա (Պուտինը) թուլացել է»,- ասել է Շոլցը։
Նրա խոսքով՝ խռովությունը ցույց է տվել, որ «ավտոկրատական կառույցներում, ուժային կառույցներում կան ճաքեր», եւ որ Պուտինն այնքան էլ ամուր չի նստած թամբին, ինչպես քանիցս հավաստիացրել է։ «Բայց ես չեմ ցանկանում կռահումներ անել, թե որքան ժամանակ նա կգտնվի իշխանության ղեկին։ Դա կարող է երկար տեւել կամ ոչ։ Մենք դա չգիտենք»,- ասել է Շոլցը։
«Վագներ» ՄՌԿ-ի զինվորների հնարավոր տեղափոխումը Բելառուս անհանգստություն է առաջացրել ՆԱՏՕ երկրներում, ասել է Շոլցը։ «Դա իրավիճակ է, որին մենք նայում ենք մեծ տագնապով եւ ուշադիր ուսումնասիրում ենք»,- ասել է կանցլերը։ «Ագրեսիվ բանակները սպառնալիք են ներկայացնում, իսկ մասնավոր բանակները՝ առավել եւս»,- ասել է նա՝ ընդգծելով, որ Գերմանիան եւ նրա գործընկերներն անօգնական չեն այս իրավիճակում։ «Որպես ՆԱՏՕ մենք կարող ենք պաշտպանել մեր տարածքը»,- ասել է Շոլցը։
Գերմանիայի կանցլերը նշել է, որ հունիսի 24-ին հեռախոսազրույցներ է ունեցել ոչ միայն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի, այլեւ Լեհաստանի վարչապետ Մաթեուշ Մորավեցկու հետ։ «Մենք ոչ մի կապ չունենք առճակատման հետ Ռուսաստանում»,- ընդգծել է Շոլցը։ «Իշխանափոխությունը Ռուսաստանում Ուկրաինային մեր աջակցության նպատակը չէ»,- ավելացրել է նա։

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Պատրաստվելով Օմանում մեր դեսպանության բացմանը. Կադրից դուրս
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են