Ստամբուլի 16 հայկական դպրոցները նոր ուսումնական տարում ունեցել են ընդամենը 556 նոր աշակերտ
Երկուշաբթի Թուրքիայի տարածքում մեկնարկել է նոր ուսումնական տարին, իրենց աշխատանքն են սկսել նաև Ստամբուլում գործող 16 հայկական վարժարանները:
Ինչպես հաղորդում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսի» թղթակից Իշխան Էրդինչը՝ նոր ուսումնական տարում Ստամբուլի հայկական դպրոցներն ունեցել են ընդամենը 556 նոր աշակերտ, որոնցից 348-ը տարրական և միջին դպրոցների, 208-ը՝ ավագ դպրոցի աշակերտներ: Այս ցուցանիշը մոտ է անցյալ տարվա տվյալներին, աշակերտների թվի աճ հայկական վարժարաններին ու դրանց կից հիմնադրամներին գրանցել այդպես էլ չի հաջողվել:
Ընդհանուր առմամբ, այս ուսումնական տարում Ստամբուլի 16 հայկական դպրոցների աշակերտների ամբողջական թիվը կազմել է 2.992 երեխա՝ 710 ավագ դպրոցի և 2.282 տարրական ու միջնակարգ դպրոցների սաներ:
Տարրական և միջնակարգ վարժարաններից ամենաքիչ թվով աշակերտներ է ընդունել Ստամբուլի Բեյօղլու շրջանում գտնվող Եսայան վարժարանը՝ ընդամենը 3 առաջին դասարանցի: Առաջատար դիրքում է հայաշատ Շիշլի շրջանի Կարագյոզյան վարժարանը, որն ունեցել է 47 նոր աշակերտ, մի քանի աշակերտով Կարագյոզյանին են զիջում Բաքըրքյոյ շրջանի Դադյան և հայաշատ Սամաթիա թաղամասի Սահակյան - Նունյան վարժարանները՝ համապատասխանաբար 43 և 40 նոր աշակերտով:
Պատմական Գումգափը թաղամասի՝ Պոլսո Հայոց պատրիարքարանին կից գտնվող Բեզջյան դպրոցը, որը համարվում է Ստամբուլի հայկական Մայր վարժարանը, այս տարի ունեցել է 30 առաջին դասարանցի:
Ավագ դպրոցների շարքում ամենամեծ անկումը գրանցել է Ստամբուլի Սկյուտար շրջանում գտնվող Սուրբ Խաչ Դպրեվանքը՝ 28 նոր աշակերտով: Ամենաշատ նոր գրանցումները նկատվել են Ստամբուլի Բեյօղլու շրջանում գտնվող «Կենտրոնական» ավագ դպրոցում՝ 55 նոր աշակերտ: Եսայան վարժարանի ավագ դպրոցի բաժինն ընդունել է 48 նոր աշակերտ, նրան են հաջորդում հայաշատ Փանգալթըի Մխիթարյան դպրոցն իր 40 նոր աշակերտով, ինչպես նաև Սահակյան - Նունյան վարժարանի ավագ դպրոցի բաժինն իր 37 նոր աշակերտով:
Նշենք, որ Ստամբուլում գործող 16 հայկական վարժարաններից 13-ը մասնավոր են, 3-ն էլ համարվում են համայնքի ընդհանուր սեփականությունը: Այս դպրոցներում կարող են սովորել միայն հայ քրիստոնյա ընտանիքի զավակները` ներկայացնելով նախ մկրտության թուղթ: Սա կապված է նրա հետ, որ Թուրքիայի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ երկրի բոլոր քաղաքացիները պաշտոնապես թուրք են համարվում, իսկ հայերը, հույները և հրեաները համարվում են կրոնական փոքրամասնություն: Ըստ Լոզանի պայմանագրի`կրոնական փոքրամասնություն համարվելու շնորհիվ հայերն իրավունք են ստացել սովորելու իրենց մայրենին, ինչից զրկված են քրդերը, զազաները, չերքեզներն ու լազերը:
Թուրքիայի հայկական վարժարանների մեծ մասը գոյատևում է համայնքի տարբեր բարերարների նվիրատվությունների հաշվին, դրան զուգահեռ՝ դպրոցներ հաճախող հայ աշակերտների թիվն ամեն տարի նվազում է: Դա կապված է թե՛ Կ. Պոլսի հայ համայնքի արտագաղթի, թե՛ վարժարանների ուսման բարձր վարձավճարների հետ (Ստամբուլի հայկական վարժարանների ուսման վարձերը կազմում են տարեկան միջինը 3000 դոլար):


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ