Սա ժողովրդավարության և մարդու իրավունքների հետ որևէ առնչություն չունեցող նախագիծ է. ԱԺ-ն քննարկեց դատավարության մասնակցի իրավունքները սահմանափակող նախագիծ
Խորհրդարանն այսօրվա նիստում քննարկեց «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը ԱԺ-ում նախագիծը ներկայացնելիս նշեց, որ առաջարկվող փոփոխությունների նպատակն է ապահովել գործերի դատական քննության արդյունավետ իրականացումը, ինչպես նաև դրանց մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պատշաճ իրացումը:
Նախագծով նախատեսվում է որպես դատական սանկցիայի առանձին տեսակ կիրառել դատավարության մասնակցի իրավունքի իրականացման սահմանփակումը և գործածել դա այն դեպքերում, երբ դատավարության մասնակիցը իր դատավարական իրավունքներից օգտվելիս պարբերաբար չարաշահում է դրանք՝ վտանգալով դատավարության մյուս մասնակիցների իրավունքների պաշտպանությունը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն էլ նախագծի քննարկման ժամանակ նշեց, որ կարող են լինել քրեական գործեր, քրեական հետապնդումներ ցանկացած անձի նկատմամբ, որն անմեղ է, և դատավորները որոշելու են, որ այդ մարդը նիստերի ժամանակ չի կարող ելույթ ունենալ, չի կարող քրեական գործի նյութերին ծանոթանալ կամ նոր փաստաբան ներգրավել, ինչը տվյալ անձի իրավունքների խախտում կլինի.
«Մենք ունեցել ենք նախադեպ, երբ քննության ընթացքում դատավորն ուղղակի որոշեց, որ պաշտպանական կողմը չպետք է ելույթ ունենա և հեռացավ խորհրդակցական սենյակ: Այդ ժամանակ նշվածն ապօրինություն էր համարվում, բայց այս նախագծի պայմաններում նշվածն ապօրինություն չի համարվի: Սա իսկապես ժողովրդավարության և մարդու իրավունքների հետ որևէ առնչություն չունեցող նախագիծ է»:
ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն էլ ասաց, որ նախագիծն արդեն կարելի է համարել ընդունված, նրա խոսքով՝ Սամանադրական դատարանն ուսումնասիրել է այս նախագիծն ու բացասական պատասխան չի տվել.
«Մենք ասում ենք՝ արդարադատության շահը պետք է ապահովվի, դատավորը պետք է ունենա հնարավորություն՝ ապահովելով կողմերի միջև մրցակցությունը, բոլոր դատավարական սկզբունքները, իրականացնել արդարադատություն, բայց եթե կողմերից մեկը չարաշահում է, դատավորը, դատարանը պետք է ունենա չարաշահումները կանխելու հնարավորություն»,-ասաց ՔՊ-ական պատգամավորը և կոչ արեց հարգել դատական իշխանությանն ու չհիշատակել դատավորների անուններ.
«Դրանով իրենց ոչինչ չեք անում, բայց քաղաքականացնում եք արդարադատության իրականացումը, մի գործընթաց, որը պետք է լինի ապաքաղաքականացված»:
Վլադիմիր Վարդանյանին արձագանքեց «Հայաստան» խմբակցությունից Արամ Վարդևանյանը և ասաց.
«Սպասում եմ, որ վաղը պրն. Վարդանյանը Հայաստանի պատմության մեջ դատավորների վերաբերյալ ամենախայտառակ, ամենամիջամտող, ամենանվաստացնող գնահատական տված պաշտոնյանին հորդորելու է, որ նման բան երբեք չկրկնվի, որ ՀՀ ամենաբարձր պաշտոն զբաղեցնող անձը դատավորների մասին չխոսի «վնգստացող դատավորներ» ձևակերպմամբ»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ